ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐՙ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԻՐ ՅԱՆ Դեկտեմբերի 15-ի երեկոյան ձերբակալվել է Վանաձորի ընտրություններում հաղթած, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նույն օրը Երեւանի ընդահուր իրավասության դատարանը «Այլընտրանք» հկ նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց, իսկ դեկտեմբերի 14-ին իրենց շենքի բակում ձերբակալվեց «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով, նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն էՙ նա համայնքի բնակավայրերի նպատակային նշանակության հողերը փոխել եւ դարձրել է էներգետիկ, տրանսպորտի, կապի եւ այլ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողեր: Ակնհայտ է, որ հերթական ֆարսն է բեմադրվում, քաղաքական հետապնդումՙ արդեն ձանձրալի ու նողկալի դարձած ձեռագրով: Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով է ձերբակալվել Մամիկոն Ասլանյանը: Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովինՙ իր ելույթում նշելով. «Ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է: Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության ամրապնդմանը»: |