RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2598, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մինչեւ երեւանյան հանրային տրասպորտի վարորոդները մի քանի ժամով գործադուլ, բողոքի ակցիա չկազմակերպեցին, մենք չիմացանք, թե որքան է նրանց ամսական բյուջեն:

Փաստորեն, ավտոբուսի վարորդները հայաստանյան վարձատրության անարժանապատիվ ֆոնինՙ արժանապատիվ աշխատավարձ են տուն տանումՙ 120 000 դրամՙ գումարած օրական միջինը 7-8000 դրամ:

Այդ պատճառով էլ նրանք համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկած 260 000 դրամ «չոր» աշխատավարձինՙ 14 օրվա համար, այսինքնՙ աշխատելով օրումեջ:

Չկա մի ծնող, որ իր երեխային խելք սովորեցնելիս գոնե մեկ անգամ ասած չլինի. «Տղա ջան, լավ սովորի, որ վերջում մարշրուտկայի կամ ավտոբուսի ղեկ չբռնես ձեռքդ»:

Փաստորեն, դրանք հնացած, ոչ արժանահավատ խրատներ են: Դպրոցում վատ սովորելով, բուհ ընդունվելու համար չչարչարվելով, կրթվելու համար ոչ մի ներդրում չանելովՙ հնարավոր է հանրային տրանսպորտ վարելով ամսական միջինը 300-400 հազար դրամ վաստակել:

Պետք է նկատի ունենալ, որ բացի վարորդական D կարգից, այլ բան, օրինակՙ էթիկայի կանոններ, լեզուների իմացություն, արվեստի վերաբերյալ գիտելիքներ, կիրթ խոսք, մաքուր եւ կոկիկ հագնվել, չծխել, չհայհոյել, ուղեւորների կյանքը չվտանգել, 100 դրամի համար շումախերական վազանց չկատարել, վարելու ընթացքում հեռախոսով չխոսել, ռաբիս, անճաշակ երաժշտություն չմիացնել, մեքենան անվտանգ, սարքին վիճակում պահել ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:

Միշտ լսել ենք վարորդներիՙ «գծի տերը խեղդում է, պլանը վզներիս դրած է, առավոտվա 7-ից մինչեւ կեսգիշեր աշխատում ենք, օրական 2000 դրամ էլ չենք տուն տանում» անգիր արած բողոքի խոսքերը:

Այնինչ, վարորդներն այդկերպ մեզնից կարեկցանք, մեղքի զգացում են կորզելիս եղել, իսկ իրականում մտքում ծիծաղել են մեր միամտության ու դյուրահավատ լինելու վրա:

Եվ ուրեմն, հենց որ Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսների նոր խմբաքանակ բերեց ու բոլորՙ հին ու նոր ավտոբուսների վարորդների համար սահմանեց «չոր» աշխատավարձ, իրականությունը ջրի երես դուրս եկավ, վարորդներիՙ տասնամյակներով «նվագած դուդուկը» պարզվեցՙ մանիպուլյացիա է:

Իհարկե, 260 000 դրամն էլ, 400 000-ն էլ հայաստանյան պայմաններում ապրելու համար քիչ է, հատկապես որ գնաճն ընդհանուր առմամբ 9,5 տոկոս է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 30-50 տոկոսով, սակայն ի՞նչ ասի մանկավարժը, բժիշկը, գիտնականը, դասախոսը, սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողը, որն ամբողջ ամսվա համար ստանում է 100 000- 140 000 դրամ աշխատավարձ:

Օրինաչափություն, տրամաբանություն, համաչափություն, բալանս չկա. Վարորդները գործադուլ արեցին, քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում պահանջեցին, մի քանի ժամով քաղաքային երթեւեկությունը կաթվածահար արեցին ու հասան իրենց նպատակին: Հայտարարեցին, թե աշխատավարձերը կվերանայվեն, աշխատանքային պայմաններըՙ նույնպես (մինչ այդ, պահանջվում էր աշխատել մինչեւ ժամը 23:00-ը, իսկ նրանք սովոր են աշխատել մինչեւ ժամը 20:00-ը կամ, ավելի ճիշտ, ինչքան սիրտներն ուզի), երթուղիների վերջակետում կկառուցվեն զուգարաններ:

Առաջին հայացքից թվում է, թե ինքնաբուխ բողոք էՙ հանուն սեփական իրավունքների ու ավելի լավ ապրելու պահանջի, սակայն միամտություն կլինի կարծել, թե գործադուլն ու բողոքի ակցիան ուղղորդված ու քաղաքականացված քայլ չէր:

Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այլեւս ցանկալի անձ չէ «Քաղաքացիական պայմանագրի» համար: Նրա եւ այդ կուսակցության «երդվյալ» անդամների միջեւ տարաձայնություններ կան, այդ թվումՙ առաջնորդիՙ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի:

Դեռ անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, նաեւ Փաշինյանի սեփական արտադրանք «Հայկական ժամանակն» է գրել, որ պատերազմից հետո Մարությանը «Քաղաքացիական պայմանագրից» հեռանալու դիմում է ներկայացրել, խզել հարաբերություններն այդ կուսակցության անդամների հետ:

Նույն լրատվամիջոցը նաեւ գրել է, որ Մարությանը պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց իրադարձություններն այլ ընթացք են ստացելՙ նա մտերմացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս բոլոր լուրերը հրապարակել է «Հայկական ժամանակը»ՙ առանց փաստերի, լուսանկարների կամ տեսանյութի:

Իշխանական, ավելի կոնկրետՙ փաշինյանական արտադրության հարթակում տեղ գտած «լուրերի» հավաստիության վրա հիմնվելն առնվազն միամտություն է, սակայն «Քաղաքացիական պայմանագրով» քաղաքապետ ընտրված, «հեղափոխության» ընթացքում Փաշինյանի կողքին լայն ժպիտով կանգնած, հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանած Հայկ Մարությանն ինչո՞ւ եւ ինչպե՞ս դարձավ իշխանության համար անցանկալի ու մերժված անձ, միայն սատանային է հայտնի:

Հայկ Մարությանն էլ ջանում է լավ աշխատել, ավտոբուսների պարկերն է թարմացնում, փորձում հանրային տրանսպորտի սպասարկումը քաղաքակիրթ նորմերի հասցնել: Վերելակների հարցը դեռ լուծված չէ, մանավանդ որ մի շարք բարձրահարկերում նոր վերելակներն ավելի կարճ կյանք ունեցան, քան սովետականները, ներքաղաքական կյանքում էլ տարաձայնությունները, գզվռտոցները ոչ միայն չեն դադարում, այլեւ թափով զարգանում են:

Դիցուք թե Հայկ Մարությանն ինքնակամ կամ ստիպողաբար հրաժարական տա, ի՞նչ պետք է անի իշխանությունը: Պարզ էՙ նոր թեկնածու է առաջադրելու, քաղաքային իշխանությանՙ ավագանու նոր ընտրություններ են լինելու:

Անտարակույս, իշխանությունները լավ են հասկանում, որ քպ-ական նոր թեկնածուն, ինչպես ժողովուրդն է ասում, եթե անգամ քաշով մեկ ոսկի էլ լինի, Երեւանում չի ընտրվի, Երեւանը իշխանական կուսակցությունից ավագանի ու քաղաքապետ չի ընտրի, ձայն չի տա:

Չնայած դրանՙ Փաշինյանը ոտքը գազին է դրել: Ավագանու «Իմ քայլի» ներկայացուցիչ Արմեն Կոտոլյանը տեղեկացրել է, որ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել: 39 ստորագրություն արդեն կա: Գործընթացն սկսելու համար եւս 33 ստորագրություն է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ