«ՆԿԱՐԻՉՆ ԱԶՆԻՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն «Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի. հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է շուրջ յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանը : Արվեստասեր հասարակությանը Անատոլի Ավետյանը քաջածանոթ է իր բազմաժանր ստեղծագործություններովՙ գեղանկար, քանդակ, մետաղի եւ ապակու տարբեր տեխնիկայով աշխատանքներ եւ այլն: Դրանք տեղ են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, Ազգագրության թանգարանում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի հանրապետության նախագահի նստավայրում եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան) եւ այլուր: Նկարիչը դա մեծ պատիվ է համարում, բայցեւ խոստովանումՙ հպարտ է, որ իր աշխատանքը ցուցադրված է նաեւ Մոսկվայի Արեւելքի թանգարանումՙ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի եւ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կողքին: Մեզ հետ զրույցում նկարիչը կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ նկարել սկսել է, երբ դեռ չէր խոսում, ավելի ճիշտՙ ծննդյան օրից: «Մայրս գերմանուհի էր եւ հաճախ էր ասում, որ նկարելու շնորհն ինձ պապիցս է փոխանցվել: Հայրական կողմս լոռեցի է, իսկ Վանաձորը, որի պատվավոր քաղաքացին եմ, իմ սիրելի քաղաքն է»,- նշում է Անատոլի Ավետյանն ու վստահեցնումՙ վանաձորցիներն արվեստասեր ժողովուրդ են եւ մշտապես մեծ սիրով են այցելում իր ցուցադրություններին: Անվանի նկարիչը նախ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գունանկարի, Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի մետաղի գեղարվեստական մշակման, ապա Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, որում միավորված էր գունանկարն ու քանդակը: Վարպետը խոստովանում է. կրթությունից զատ, Մոդիլիանիից շատ է սովորում, բայց իր համար մեծագույն վարպետը Մարտիրոս Սարյանն է, ումից մշտապես սովորելու բան կա: «Երբ ուսանող էի, իմ ստեղծագործություններից մեկը հավանել եւ գնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինըՙ Հունաստան տանելու եւ նվիրելու համար: Դա ինձ համար մեծագույն պատիվ էր»,-նշում է Անատոլի Ավետյանն ու խոստովանումՙ երբեք չի դադարել սովորել, մշտապես կատարելագործվել է հենց իր աշխատանքների վրա, երբ տարիներ հետո տեսել է ստեղծագործություններն ու նկատել շտկելի տարրեր:Նկարչի երեւանյան եռահարկ արվեստանոցում նրա ստեղծագործական հավաքածուի մի փոքր հատվածն է ներկայացված, մի մասն էլ Վանաձորի արվեստանոցում է: Աշխատանքների մեծագույն մասն աշխարհի տարբեր ծեգերում գտել են իրենց արժանի տեղը. պատվիրատուները քիչ չեն նաեւ այլազգիների շրջանում, որոնք Անատոլի Ավետյանի արվեստին ծանոթանում են պատկերասրահներից, ինչպես նաեւ նկարչի անհատական կայքից: Անատոլի Ավետյանի ներկապնակում գերիշխում է դեղինը. նկարչի համար այն լավ տրամադրության, ուրախության եւ լույսի գույնն է: Հաջորդ տարի վաստակաշատ նկարիչը կտոնի ծննդյան 70-ամյակը եւ այդ առիթով կկազմակերպի անհատական ցուցահանդես: «1982 թվականին, երբ 30 տարեկան էի, բացվեց իմ առաջին անհատական ցուցադրությունը: Այդ օրից սկսածՙ իմ ցուցահանդեսները հայրենիքում կազմակերպում եմ իմ հոբելյաններին»,- նշում է Անատոլի Ավետյանը: Քառասնամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը երբեք ստեղծագործական դադար չի ունեցելՙ բացառությամբ նախորդ տարի, երբ չկար պատկերացումՙ ի՞նչ, ինչպե՞ս եւ ու՞մ համար նկարել: Արցախյան 44-օրյա պատերազմից միայն մեկ տարի անց նկարիչը նորից վերակագնեց ստեղծագործական ավյունն ու կարծես ընկավ նոր հունի մեջ. հիմա նորից նա արվեստանոցում է վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Առանձին թեմատիկ աշխատանքներից բացի նախաձեռնել է դիմանկարների նոր շարքՙ «Իմ ժամանակակիցները» խորագրով: Համանուն շարքը երկրորդն է.եթե նախորդում «ժամանակակիցները» նաեւ բնորդներն էին, ապա այս շարքում այն անվանի ժամանակակիցներն են, որոնց հետ տարբեր առիթների կամ հիշարժան դեպքերի ժամանակ առնչվել է նկարիչըՙ Վիկտոր Համբարձումյան, Լուսինե Զաքարյան եւ այլք: Հայրենիքի հոգսերով մտահոգ նկարիչն իր ստեղծագործություններում չի կարողանում անմասն մնալ արդիական խնդիրներից, որոնց դեմ ընդվզում է վրձնով եւ յուրաքանչյուր աշխատանքում ինչ-որ մասնիկով ընդգծում միտքն ու ասելիքը: «Իմ ցուցադրություններից մեկի ժամանակ Գրգոր Խանջյանն ասացՙ գիտե՞ս, եթե արտասահմանում լինեիր, հիմա ինչե՜ր կունենայիր: Գիտեմ, բայց չեմ զղջում, որ մերժել եմ բոլոր առաջարկները եւ սահմանափակվել միայն ցուցադրություններով»,-հիշում է նկարիչն ու մանրամասնում, որ իր բնատուր շնորհն ու ձիրքը մշտապես անհամեմատ բարձր նյութական վարձատրություն ունեցել են հայրենիքի սահմաններից դուրս: Մերժել է առաջարկներն ու համագործակցությունը սահմանափակվել է միայն ցուցադրություններով. նա շարունակում է արարելՙ ամուր կառչած հարազատ հողինՙ ստեղծագործական մայր ներշնչանքին: Անատոլի Ավետյանը Հայաստանի վաստակավոր եւ Ժողովրդական նկարիչ է, արժանացել է մի շարք պարգեւների: Նա վերջերս «Էրեբունի-Երեւան-2800» ստեղծագործությամբ արժանացավ նաեւ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակինՙ Կերպարվեստ անվանակարգում: Նկարչի համար այն միջազգային մրցանակի նշանակություն ունի, քանի որ բանաստեղծի անունը կրող միություններն ազգանվեր գործունեություն են ծավալում աշխարհի մի շարք երկրներում: Տարիների հեռվից հիշում է, թե ինչպես բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ անդամագրվեց Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու սկսեց մասնակցել ժողովներին, հանդիպումներին: «Ուրախ եմ, որ Միությունը գործուն քայլեր է ձեռնարկում նախկին ավանդույթները վերականգնելու եւ մի հարկի տակ ստեղծագործողներին հավաքելու համար: Դա հաճելի միջավայր է ստեղծում արվեստագետների համար»,- նշեց Անատոլի Ավետյանը: Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ: |