RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2201, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՐՔՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շաբաթներ առաջ Երեւանում լույս տեսավ Երվանդ Ազատյանի «Ազգային-քաղաքական յորձանուտի մէջ» խորագրով գրքի երկրորդ հատորը, որի առաջին հատորը գինեձոնել էինք ամռան սկզբինՙ Թեքեյան մշակութային միության մեծ դահլիճում:

Ինչպես նկատեցիք, վերեւում Երվանդ Ազատյան անուն-ազգանվան կողքին չնշեցի որեւէ պաշտոն կամ կոչում, որովհետեւ, դժվար է մեկ նախադասությամբ անել այդ ընդգծումը, քանի որ գործ ունենք հմուտ քաղաքագետի, մշակութաբանի, գրականագետ-գրաքննդատի, գրող-հրապակախոսի, լրագրող-խմբագրի հետ, ուստի որոշեցինք գոնե մեկ պարբերությամբ, համառոտ ներկայացնել կյանքի բոլոր խաչմերուկներում իրեն ազնվագույն կերպով դրսեւորած մարդու կենսագրությունը:

Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թ. Բեյրութում: Որտեղ էլ, ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում ստացել է իր միջնակարգ կրթությունը: Այնուհետեւ փայլուն առաջադիմությամբ ավարտել է տարբեր ուսումնական հաստատություններՙ Բեյրութի Ամերիկյան համալսարան, Բոստոնի Նորթիսթըրն, Դետրոյթի Ուեյն Ստեյթ համալսարաններ եւն: 1954-1958 թվականներին զբաղեցրել է Բեյրութի «Զարթօնք-սփոր» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրի, 1959-1967 թվականներինՙ Կահիրեի «Արեւ» օրաթերթի խմբագրապետի, 1967-1972 թվականներինՙ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրենի պաշտոնները: Եղել է «Պայքար» գրական եռամսյա հանդեսի եւ «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, գլխավոր սյունակագիր: 1971 թվականիցՙ թղթակցել է Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթին, 1986 թվականիցՙ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) գրական հանդեսին, 1991 թվականիցՙ Երեւանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականիցՙ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից եւ գլխավոր աշխատակիցներից է: 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի գրասենյակի տնօրեն, 1973 թվականիցՙ Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներինՙ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության փոխատենապետ, այժմՙ ատենապետ:

Դառնանք գրքին. բազմաբովանդակ խորագիր կրող այս ժողովածուն իր մեջ ամփոփում է Բոստոնի «Պայքար» շաբաթաթերթում հեղինակի գրած խմբագրականներն ու այլ հոդվածները: Ինչպես նշել ենք գրքի առաջին հատորի գրախոսականում, այս գիրքը անկյունաքարային քաղաքագիտական ձեռնարկ է, որ իր հստակ տեղը պետք է գրավի ամեն գրապահարանում: Քաղաքագիտական կոչելով գիրքըՙ մենք եւ դիպուկ ենք, բայց թերի, որովհետեւ այն, բացի քաղաքական հույժ կարեւոր վերլուծություններից, շոշափում է նաեւ հայ մարդու կյանքի բոլոր ոլորտներըՙ մշակույթը, հասարակական կյանքը, ազգային եկեղեցին, կրթությունը եւ այլն: Ահա արդարացումը խոսուն վերնագրիՙ «Ազգային-քաղաքական յորձանուտի մէջ»:

Իր հոդվածներում Ե. Ազատյանն անդրադարձել է այնպիսի կարեւորագույն հարցերի ու խնդիրների, որոնք խիստ կենսական են մեր ազգի եւ պետականության համար, եւ գուցե այսօր դաշտը բլուր լինել, բլուրըՙ սար, սարըՙ լեռ, եթե կյանքի բովով անցած մտավորականի անկաշառ ու մտահոգ քննադատությունը պատշաճ կերպով հաշվի առնվեր նրանց կողմից, որոնց պատճառով այսօր լեռը սար է, սարըՙ բլուր, բլուրըՙ դաշտ...

Հատկապես ուշագրավ են ժողովածուում տեղ գտածՙ Արցախյան հիմնախնդիրը բազմակողմանիորեն քննող ու վերաքննող, դիվանագիտության համար լուծման հարմար բանալիներ առաջարկող հոդվածները: Դեռ 2018 թվականին Երվանդ Ազատյանը գրում էր Հարավային Կովկասում Թուրքիայի փորած խրամատների եւ այնտեղից բացվող ենթադրյալ կրակի ուղղության մասինՙ հստակ ընդգծելով, որ թիրախը մենք ենք, եւ, որ ամենավատն է, վահան չունենք: Օրինակՙ «Ի՞նչ կը նշանակէ Էրտողանի յաղթանակը» (2018, հուլիս) վերլուծականում քննելով Թուրքիայի նախագահի ակնհայտ ծավալապաշտական նկրտումներն ու 2023-ին ընդառաջ նոր Աթաթուրք հռչակվելու սքողված նպատկները, ինչպես նաեւ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու բացահայտ հայտարարությունները, Նախիջեւանի գերռազմականացումն ու թուրք սպաների եւ թուրքական ավիացիայի Բաքվում երեւան գալըՙ գրում է.

«Դժուար չէ կռահել, թէ որո՞ւ դէմ կրնան գործածուիլ այդ ռազմամիջոցները: Այդ պատճառաւ ալ Ալիեւ աւելի սաստկացուցած է գրգրռութիւնները Հայաստան-Նախիջեւան սահմանին վրայ: Ասիկա պարզ ազդանշան մըն է Թուրքիոյ կողմէ, որ բախումի մը պարագային, այս անգամ, Ատրպէյճան առանձին պիտի չմնայ... Էրտողան իր այս յաջողութեամբ ոգեւորվածՙ կրնայ դիմել որեւէ միջազգային արկածախնդրութեան, քանի հաշուած է աշխարհի քաղաքական ոյժերու հանդուրժողութեան չափը: Էրտողան իր այս ներքին յաղթանակը պիտի փորձէ վերածել քաղաքական արտաքին յաղթանակներու: Մաղթենք որ գոնէ չսկսի Արցախէն»:

Ահա այսպես, դեռ 2018 թ. Ազատյանը հստակ կանխատեսում էր թուրք-ադրբեջանական տանդեմի սիրախաղի հետեւանքներն ու Հայաստանին սպասվող վտանգներն այդ համատեքստում: Կանխագուշակում, որի ականատեսը եղանք 2020թ. աշնանը: Նույնպիսի կարեւորագույն եւ «գաղտնատեսական» տողեր է գրել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին.

«...Ռուսաստան Հայաստանին կը հասկցնէ, որ պէտք չէ աւելի ընդգրկուն պաշտպանութիւն սպասել Մոսկուայէն եւ բաւական ըլլայ այն աստիճանի բարեկամութեամբ, որ Հայաստանի քաղաքական կշիռը կ՛արժէ այդ աշխարհամասին մէջ»:

Արծարծելով հայ-ռուսական հարաբերությունները եւ հայկական կողմի գերադրական աստիճանի սպասելիքները, Ազատյանը մեկ այլ հոդվածում գրում է (էջ 84-85), որ քաղաքականությունը քաղաքականություն է, եւ, որ ամեն պետություն առաջին հերթին սպասարկում է իր շահերը, հետոՙ դաշնակիցների, եթե դա հնարավոր է.

«Այսօր, երբ Ռուսաստան զէնք կը վաճառէ Ատրպէյճանին կամ տնտեսական ներդրումներ կը կատարէ այդ երկրին մէջ, մենք, նախանձոտ ամուսիններու նման կը սկսինք մեղադրել Մոսկուան: Քաղաքականության մէջ սէր, բարեկամութիւն եւ դաշնակից կը սահմանուին միայն շահերով: Մոսկուան բարեկամ է Հայաստանին այն չափով, որ այս վերջինը կը սատարէ անոր շահերուն: Իսկ Արեւմուտքը այնքան բարեկամ է Հայաստանին, որքան այս վերջինը Արեւմուտքի հաշուոյն կրնայ վնասել Ռուսաստանին»:

Այս դիտարկումը հատկապես կարեւոր էՙ դարեր շարունակ մեր հասարակական միտքը պարուրած գաղջի առումով, որի արանքից մենք սպասում ենք օգնություն հյուսիսից, օգնություն արեւմուտքից, օգնություն աշխարհի չորս կողմերից:

Չափազանց վառ լույսի տակ է քննում Արցախի հարցը Երվանդ Ազատյանը, խնդրին մոտենում է բոլոր կողմերիցՙ ընտրելով լավագույնն ու այն իսպաս դնում հայրենի դիվանագիտական մտքի սեղանին: Նա խորաթափանցությամբ կռահում է խնդրի առիթով բացված կլոր սեղանների շուրջ նստող գերտերությունների շահերն ու դրանցից բխող արտադրանքները, որոնք պարուրված էին խաղաղության ու փոխադարձ զիջողականության կեղծ ձեւակերպումներով.

««Ժողովուրդները խաղաղութեան պատրաստելու» դիւանագիտական բանաձեւումը փաստօրէն ժողովուրդները զիջումի առաջնորդելու քօղարկուած ձեւ մըն է: Արցախեան հիմնախնդիրը վաղուց արդէն դուրս ելած է կողմերու սկզբունքային այդ սահմաններէնՙ դառնալու համար մեծ պետութեանց շրջանային շահերու ապահովում»:

Նույն հոդվածի մեջ խոսելով ադրբեջանական կողմի բազմաճյուղ քաղաքականության եւ հատկապես միջազգային հարթակներում ձայներ գնելու փաստին, Ազատյանը մտավախություն է հայտնում.

«Խնդիրին միւս երեսը դարձնելովՙ պէտք է հարց տալ, թէ հայկական կողմը համապատասխան լրջութեամբ կը մօտենա՞յ միջազգայնօրեն խճճուած այս խնդրին»:

Եւ ահա հոդվածի վերջումՙ վերջին նախադասությամբ Երվանդ Ազատյանը տալիս է հռետորական մի հարց, որի ժխտումը մեզ համար շահեկան պիտի լիներ, հաստատումըՙ կործանարար.

«...ներկայացուած առաջարկը աւելի կը նմանի փոթորիկէն առաջ տիրող լռութեան: Պատերազմով չկրցան ընկճել Արցախի ժողովուրդը: Արդեօք խոստացուած խաղաղութեամբ պիտի կարենա՞ն»:

Ցավոք, այո, խոստացված խաղաղությամբ կարողացան ընկճել հայությանն ու հայաթափել Արցախի մեծ մասը, եւ նույնիսկ չբավարարվելով դրանով, ստորացուցիչ եւ նսեմացնող պայմաններ առաջադրել ողջ հայությանը: Ահա այսպես, հեղինակը դեռ տարիներ առաջ մեկիկ-մեկիկ մատնանշել է բոլոր այն խնդիրները, որոնց պատճառով այսօր մենք ազգովին կանգնած ենք կործանումի եզրին: Բայց որքան, որքան Երվանդ Ազատյաններ եղան, որոնց ճշմարտացի մատնշումներն աննկատ մնացին համատարած ստի ու անձնական հաշվենկատության մշուշի մեջ: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք:

***

Բացի հմուտ քաղաքագիտական վերլուծություններից, գրքում զետեղված են նաեւ մեր կյանքի մյուս ոլորտները, ինչպես վերը նշեցի, էականորեն շոշափող թեմաներ, դրանցից է, օրինակ, «Մեր թարգմանիչները երէկ եւ այսօր» յուրահատուկ էսսե-հոդվածը, որն, իր նրբաճաշակության եւ խորքայնության առումով համադրելի է Ազատյանիՙ տարիներ առաջ հրատարակած «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» ժողովածուն բացող «Կապոյտ Երեւան» էսսեսի հետ: Դա մշակութային մի հուշարձան է, հարգանքի տուրք մեր նախնիներին, այն նախնիներին, որոնց թողած ժառանգությունն այսօր արագորեն սպառում ենքՙ վերը նշված բոլոր-բոլոր պատճառներով:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ