RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1460, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՕՐԵԱՅԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Իրանահայ համայնքի առօրյայում կան խնդիրներ, որոնք փորձում են լուծել համայնքային տարբեր կառույցները առկա եւ առցանց ձեւաչափերով: Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել հասարակական կյանքում կրթամշակութային որոշ նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպատակ ունեն ապահովելու համայնքի սոցիալականացման հիմնական գործառույթները:

Բոլոր դեպքերում Թեհրանի համայնքում, որտեղ կենտրոնացած է Իրանի հայության գերակշիռ մասը, ըստ էության բազմաթիվ հարցեր իրենց վերջնական հանգրվանն են գտնում Թեհրանի հայոց թեմում, որն էլ փորձ է անում գտնել ինչ-ինչ լուծումներ: Ահա թե ինչու իրանահայ մի շարք հասարակական միությունների ու կազմակերպությունների կիզակետում է հոգեւոր եւ ազգային նշանակության այդ կառույցը:

Իրանի հայ համայնքում վաղուց ավանդույթ է դարձել Կրթական խորհրդի կողմից Հայոց եկեղեցու Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումների կազմակերպումը, որին սովորաբար նախապատրաստվում եւ մասնակցում են մեծ հանդիսավորությամբ եւ բազմությամբ: Սակայն երկրում տիրող համավարակի պատճառով այս տարի նշվեց սակավաթիվ մարդկանցով: Այդ մասին է վկայում հոկտեմբերի 20-ին «Թունեան» տարրական դպրոցի բակում Թարգմանչաց եւ Դպրության տոնի նշումը, ինչպես նաեւ 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններում հանգստի կոչվածՙ թվով 14 ուսուցիչների մեծարումն ու պարգեւատրումը: Այդ կերպՙ կարծես աշխուժանում է համայնքային կյանքը, որը վերջին 1,5 տարվա ընթացքում զգալիորեն փոխվել է:

Ուշագրավ է, որ Թեհրանի հայոց թեմի ուշադրության կենտրոնում են կրթական բարեփոխումները որոշ առարկաների հարցում: Մասնավորապես, նոյեմբերի 13-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կրոնի ուսուցիչների խորհրդակցական հանդիպումը, որին ներկա են գտնվել քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի պատասխանատու Շաքե Եղիայանը , Քրիստոնեական դաստիարակության հանձնախմբի ատենապետուհի Անի Մանուկյանը եւ Հայոց դպրոցներում Սրբազան Հոր կողմից նշանակված կրոնի ուսուցիչները: Հարկ է նշել, որ համայնքում վերանայվել են կրոնի դասագրքերը, որի համար էլ Սրբազան Հայրը հանդիպման օրակարգում է դրել ուսուցիչների կարծիքների մեկտեղումը, ինչպես նաեւ տեղեկացել աշակերտության ընկալումը իրենց ներկայացված նյութի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այդ նպատակով Սրբազան Հայրը հորդորել է ուսուցիչներին տիրապետել դասարանը ղեկավարելու արվեստը, որպես ուսումնական գործընթացի կարեւոր բաղադրիչ:

Ուսուցչին հարգելն ու մեծարելը եւս յուրօրինակ ձեւավորված մշակույթ է համայնքում. Կրթական խորհրդի անդամների «Թունյան-Թովմասյան» դպրոց այցի նպատակն էր հրաժեշտ տալ վաստակաշատ տեսչուհի Սաթո Խաչատրյանին , որը 34 տարի իր ներդրումն է ունեցել հարազատ դպրոցում: Միաժամանակ արդեն հայտնի է, որ Թեհրանի ուսումնադաստիարակչության նախարարության 8-րդ շրջանի կողմից ներկայացվել է նոր տեսչուհինՙ Արսինե Խաչատրյանը , որը դպրոցում աշխատում էր, որպես փոխտեսչուհի: Այս նոր նշանակումը հույսեր է առաջացնում, քանի որ Արսինե Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի, մասնավորապեսՙ տվյալ դպրոցի կրթական խնդիրներին:

Թերեւս ընթացիկ խնդիրների իրավիճակային լուծումների թվում կարելի է դասել նոյեմբերի 3-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասեր Կանանց միության վարչության նախագահ Շաքե Ղազարյանի ու փոխնախագահ Ժենիկ Մեհրաբյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նոր վարչության ընտրության կազմակերպման հարցերը: Ցավոք, համայնքի թվի նվազման ու նշված միության անդամների երկրից մեկնման պատճառով հնարավոր է վարչության անդամների թիվը իջեցնել 5-ի: Փաստորեն հայության արտագաղթի հետեւանքները դեռեւս իրենց զգացնել են տալիս հնամենի այս համայնքում: Մյուս կողմից էլ կարեւորվում է այդ միությանՙ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի հետ համագործակցումը եւ միասնաբար Եկեղեցու ու համայնքային կյանքի պայծառացումը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ որոշ մտահոգություններ են առաջացել մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի եւ «Ա. Ավետիսյան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի առաջիկա ծրագրերի իրականացման հարցով: Այդ մասին են վկայում համապատասխանաբար նշված կառույցների ատենապետուհի Արմինե Սեթխանյանի եւ տեսչուհի Վանուշ Թեւանյանի հանդիպումները օրերս թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի հետ:

Համայնքային այլ խնդիրների լուծման նպատակն ուներ հոկտեմբերի 23-ին նորընտիր Հաշվեքննիչ մարմնի անդրանիկ նիստի գումարումը Ազգային առաջնորդարանում:

Հիրավի, համայնքում նշանավորվեց մշակութային մի շարք միջոցառումների անցկացմամբ, որոնցից թերեւս հոբելյանական էր նոյեմբերի 5-ինը, երբ Հայ մշակութային «Նայիրի» միությունը նշում էր իր ստեղծման 40-ամյակը: Այդ առիթով Թեհրանի թեմի առաջնորդ սրբազանը գնահատել է նշված միության գործունեությունըՙ բնութագրելով այն որպես տաքուկ օջախ, որն իր երթիկի տակ ընդունել, դաստիարակել ու հայակյանքի գոյապայքարին է պատրաստել մատղաշ սերնդին:

Խոսելով համայնքի մշակութային կյանքի մասինՙ պետք է անդրադառնալ նաեւ «Սարդարապատից Սարդարապատ» արդիական խորագրով գրքի շնորհանդեսի անցկացմանը, որը կազմակերպել են Հայ մշակութային «Սարդարապատ» միության վարչության ներկայացուցիչներ Մուշեղ Ծատրյանը եւ Ռազմիկ Այդինյանը ՙ նվիրված այս միության ստեղծմանը:

Հիրավի, համայնքի մշակութասեր հանրությունն օրերս ապրեց ոչ միայն Սարդարապատի խորհրդով հագեցած օրեր, այլ նաեւ հնարավորություն ստացավ այցելել Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության նախարարության կենտրոնում իրանահայ արծաթագործ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ շուրջ երկու շաբաթ ցուցադրվեցին հայ արծաթագործներ Հրաչ Մկրտումյանի, Սարո Մկրտչյանի, Արմեն Վարդումյանի, Ռուբեն Սաֆարյանի, Ադիս Կարապետյանի, Իշխան Շերոյանի եւ Սիմոն Մելիքյանի աշխատանքները:

Այսպիսով, տեւական ժամանակ համավարակի պատճառով համայնքի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տիրող պասիվ իրավիճակին կարծես փոխարինում է համեմատաբար աշխուժացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ