ԷՎԵԼԻՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՆՈՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ա. Բ. Երիտասարդ կինոբեմադրիչ Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետարժ կինոնկարը (2021, Հայաստան) վերջերս Սանկտ Պետերբուրգի «Կինոյի այլընտրանքային տարածք» VI միջազգային կինոփառատոնում արժանացել է Հատուկ մրցանակի փառատոնիՙ նախագահիՙ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Կինոյի այլընտրանքային տարածք» ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Տյուտրյումովի կողմից: Մինչ այդ «Ժառանգը» հաղթող էր հանդիսացել «Սպիտակ միաեղջյուր» միջազգային կինոփառատոնում, որն իրականացնում են Հնդկաստանի, Հոնկոնգի, Իտալիայի եւ Ճապոնիայի տարբեր կինո կազմակերպություններ, իսկ Պետերբուրգի «Պիտեր Կիտ» կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին: «Ժառանգը» (ավելի ճիշտՙ «Ժառանգորդուհին») կատակերգության առաջնախաղը տեղի է ունեցել անցած հոկտեմբերին, Անապայի «Կինոշոկ» հեղինակավոր փառատոնի մրցույթային ծրագրում: Այն վերաբերում է Հայաստանում սեռական խտրականության վրա հիմնված արհեստական վիժումներին: Ֆիլմը պատկերում է մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում սեռերի դերերը փոխված են, եւ տղամարդիկ են ենթարկվում այն նույն սահմանափակումներին ու նվաստացումներին, որոնք դարեր շարունակ կրել է հայ կինը: Կինոնկարի հերոսը, հանուն իր չծնված որդու, պարտավորվում է կոտրել տղամարդուն պարտադրված բոլոր կարծրատիպերը մայրիշխանական Հայաստանում: Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սեւանում, մեծացել է Սիբիրում: Ուսանել է Օմսկի պետական համալսարանում եւ Ալեքսանդր Սոկուրովի անվան «Մետրոպոլիս» լաբորատորիայում: Նրա «Բրավոման» եւ « Փոքրիկը» սցենարները Կաննի 68-րդ եւ 69-րդ կինոփառատոներում դարձել են «HD PITCH» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ֆինալիստ: Էվելինան նաեւ հաղթել է Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայի սցենարիստների մրցույթում: Այս տարի նրա «Անտեսանելի սպիտակ խալաթ» մոտ երեք րոպեանոց սոցիալական հոլովակը հաղթող է ճանաչվել «Եվրազիա դոկ» եւ Պերմի «Լամպա» փառատոներում, իսկ ԱՊՀ վավերագրական ֆիլմերի փառատոնում (Սմոլենսկ-Մինսկ)ՙ դիպլոմի: Այն պատմում է Պյատիգորսկի բնակչուհի, բժշկուհի Գայանե Դավիդյանի մասին, որն ինքնակամ մաքրում է բնությունն աղբիցՙ օրինակ հանդիսանալով շրջապատի համար... |