ԷԼ ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՍՏՈՐԱՑՐԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Գրող Այլիսլիի դեմ ծավալվող հալածանքները դրդեցին որոշակի անդրադարձ կատարել ադրբեջանական գրականությանը. արդյոք նա միա՞կն է, որ «ստորացրել է» իր ժողովրդին, «կեղծել նրա պատմությունը», թե Այլիսլին, համենայն դեպս, գրական ավանդույթներ կրող եւ զարգացնո՞ղն է: Իհարկե, դժվար է ընդգրկել ադրբեջանական կամ «ադրբեջանական» համարվող ողջ գրականությունը: Եվ մեր խնդիրը չէ բանասիրական հետազոտություն կատարել, ասենք, «Հայի կերպարը ադրբեջանական գրականության մեջ» թեմայով: Դա մասնագետ-ուսումնասիրողի խնդիր է: Մենք կբավարարվենք երկու հեղինակով: Առաջինը Ումմ-էլ Բանու Միրզա գըզը Ասադուլլաեւան է, որ առավել հայտնի է Բանին գրական կեղծանունով: Ծնվել է 1905-ին, բաքվեցի նավթարդյունաբերող Միրզա Ասադուլլաեւի, որ հետագայում Ադրբեջանի կառավարության անդամ է դարձել, ընտանիքում: Խորհրդային իշխանության հաստատումից հետո Ասադուլլաեւները վտարանդվել են նախ Թուրքիա, ապա` հաստատվել Փարիզում: Բանինը վախճանվել է 1992-ին: Ամենատարբեր աղբյուրներ վկայում են, որ նա բուռն սիրավեպ է ունեցել վտարանդի ռուս գրող, Նոբելյան մրցանակակիր Իվան Բունինի հետ: Բանինի ամենահայտնի գործը «Կովկասյան օրեր» ինքնակենսագրական վեպն է: Իսկ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը գտնում ենք պատումի առաջին գլուխներից մեկում, որտեղ հեղինակը պատմում է իրենց ընտանիքում այլազգիների, ավելի ճիշտ` քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության մասին: Ինչ վերաբերում է հայերին, ապա հեղինակը վկայում է, որ իրենց «մանկական ամենասիրված խաղերից մեկը տիկնիկին հայի անուն տալը եւ նրան դաժանորեն սպանելն էր, իսկ մեծերը նայում եւ ոչինչ չէին ասում» (տես` http://www.baku.ru/blg-list.php?id=95099): Ինքնակենսագրական գործը գրվել է խորհրդային քարոզչությունից ազատ Փարիզում, եւ հեղինակը չափազանց անկեղծ է գտնվել: Իսկ եթե նկատի ունենանք, որ նա մեծացել է հարուստ նավթարդյունաբերող Միրզա Ասադուլլաեւի ընտանիքում, որտեղ երեխաների դաստիարակությամբ նաեւ «ֆրոյլան Աննան» էր զբաղվում, բայց, միեւնույն է, «հայ սպանելու խաղը» մանուկների զբաղմունքներից մեկն էր, ապա կարելի է պատկերացնել, թե անցյալ դարասկզբին որքա՜ն «հանդուրժողական էր» Բաքվի հետնախորշերի կամ գավառի մուսուլման բնակչությունը: Երկրորդը Յուսիֆ Վեզիրովն է, գրական կեղծանունը` Չեմենզեմինլի: Ծնվել է 1887-ին Շուշիում: Սերում է Ղարաբաղի խանության վեզիր Միրզա Ջեմալ Ջեւանշիրի տոհմից: Ապրել է բարդ, հակասություններով լի կյանք: Երկար տարիներ Եվրոպայում է անցկացրել: Վերադարձել է արդեն խորհրդային Ադրբեջան, բռնադատվել: Նրան է վերագրվում «Ալին եւ Նինոն» վեպը: Դա Ալիի եւ վրացուհի Նինոյի սիրո պատմությունն է` շաղախված անցյալ դարասկզբի անդրկովկասյան քաղաքական իրադարձություններով: Ավարտելով Բաքվի գիմնազիան, վեպի գլխավոր հերոս Ալին 1914 թ. ամռանը ճամփորդության է մեկնում Շուշի: Ահա նրա առաջին տպավորությունը. «...Ես երկար թափառում էի քաղաքային այգում` դիտելով մզկիթների մինարեթները: Շուշին շատ փառապանծ քաղաք է. վաթսուն հազար բնակչի համար այստեղ կառուցված է տասը մզկիթ եւ տասնյոթ եկեղեցի» (տես` http://royallib.ru/read/kurban–said/ali–i–nino.html#51200): Կարիք կա՞ ասելու, որ մզկիթների եւ եկեղեցիների թվի տարբերությունը 1914 թ. ամռան դրությամբ նշում է քաղաքի մուսուլման եւ քրիստոնյա (հայ) բնակչության հարաբերակցությունը` հօգուտ վերջինիս: Այսինքն, Չեմենզեմինլին իր հերոսի շուրթերով վկայում է, որ 1-ին համաշխարհային պատերազմի նախօրյակին Շուշիի հայ բնակչությունը մուսուլմանականից ավելին էր առնվազը 17: 10 հարաբերակցությամբ: Անցնենք առաջ. «Քարե նեղ գուռի մեջ խոխոջում է Պեխ աղբյուրը: (Շուշիի մերձակայքի հայտնի աղբյուրը, որին ադրբեջանցիները հետո անվանել են Իսաբուլաղ- Վ. Ա.) Շրջակայքի ծառերը, ասես հոգնած սրբեր, գլուխները պարզել են երկնքին: Դեպի հարավ ձգվում են հայկական արոտները` ինչ-որ տեղ նման բիբլիականի, իսկ արեւելքում, փոշոտ տափաստաններում երկարում են Ադրբեջանի ղարաբաղյան դաշտերը»: Բավական ճիշտ նկարագրություն է, չէ՞: Մանավանդ` «Ադրբեջանի ղարաբաղյան դաշտեր» ձեւակերպումը, որ պարզապես մի բան է հուշում. Շուշին եւ շրջակայքը, մինչեւ «փոշոտ տափաստաններ» Ադրբեջան չէ: Իսկ ահա թե Ալիին ինչ է ասում նրան հյուրընկալած շուշեցի Մուստաֆան, որ ճաշին «մի բաժակ մրգօղի է խմում»: Այսինքն, այնքան էլ մուսուլման չէ: «Երբ մեր փառապանծ նախնիները եկան այստեղ (Շուշի), որպեսզի ահ սփռեն այլ ժողովուրդների (հայերի) վրա եւ մեծ փառք վաստակեն, նրանք, հեռվից տեսնելով լեռնագագաթները, գոչեցին. «Ձյուներին նայեք, ահա այնտեղ ձյուն է»: (Հեղինակը բառախաղ է արել. թուրքերեն «ձյուներին նայեք» հնչում է «գարա բախ»): Իսկ հետո, երբ մոտեցան եւ գտան այստեղ կուսական անտառներ, նրանք բացականչեցինՙ «մեծ այգի»: (Դարձյալ բառախաղ է` թուրքերեն «մեծ այգի»-ն հնչում է «գարա բաղ»): Ահա այդ ժամանակներից էլ այս հողն անվանում են Ղարաբաղ: Ղարաբաղցիներն այն անվանում են Սյունիք, իսկ ավելի վաղ անվանել են Աղվանք» (տես նույն տեղում): Մեկնաբանություններն իրոք ավելորդ են: Բավարարվենք նրանով, որ Չեմենզեմինլիի հերոս շուշեցի Մուստաֆան «Սյունիք» եւ «Աղվանք» անվանումների հեղինակային իրավունքը վերագրում է «ղարաբաղցիներին»` նախաբնիկներին, իսկ «գարա բախ»-ը կամ «գարա բաղ»-ը` իրենց եկվոր նախնիներին: Ուրեմն Աքրամ Այլիսլին ընդամենը զարգացրել է ավանդույթները: |