RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-09 00:01:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 65

«ՈՐՔԱՆ ԷԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՅԵԼԻ ԿՐԵՄԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿՆՀԱՅՏ Է ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ամեն անգամ, երբ Հայաստանում նշանակվում են նախագահական ընտրություններ, արդյունքներով շահագրգիռ պաշտոնական Անկարան անթաքույց ակտիվանում էր, եւ այդ շահագրգռությանը համարժեք արձագանք էր տալիս թուրքական մամուլը: Ինչպես երեւում է, առաջիկա ընտրությունները չեն հետաքրքրում Թուրքիային, որովհետեւ Անկարան չի ակտիվացել: Դրա պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հրաժարվելով առաջադրումիցՙ նա թուրքերին զրկեց թեկնածուների վրա գրավ դնելու հնարավորությունից, թերեւս դրանով էլ հիասթափություն պատճառեց նաեւ Անկարային:

Համենայն դեպս, չկա չարիք, առանց բարիքի: Առաջադրվող թեկնածուների մեջ Տեր-Պետրոսյանի բացակայությունը որպես չարիք, այնուամենայնիվ, նպաստել է, որ թուրքական լրատվամիջոցները հրաժարվեն մեր ընտրություններին շահադիտական մոտեցումներ ցուցաբերելու գայթակղությունից եւ նախընտրելի թեկնածուի օգտին լավատեսական քարոզչություն ծավալելու փոխարեն փորձեն կանխատեսել դրանց հավանական արդյունքները:

Այս ամենի առումով հատկանշական է «Դունյա բուլթենի» կայքէջում «2013-ը Կովկասի համար կդառնա՞ վերափոխման տարի» վերնագրով անստորագիր հրապարակված հոդվածը: Թեեւ դա կայքէջում տեղադրվել է հունվարի 30-ին, սակայն չի կորցրել արդիականությունը: Ահա թե կայքէջում ինչ է գրել թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական գործակալությունը. «Վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները մեծացրին հարավկովկասյան հանրապետություններում ակնկալվող մեծ վերափոխումների հավանականությունը: Դրանց առաջին ազդանշանը Վրաստանն է տվել: Սկսել է երերալ Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սաահաշվիլու աթոռը: Երկրում վարչապետի աթոռին բազմել է խորհրդարանական ընտրությունների հաղթող Բիձինա Իվանիշվիլին: Այսպիսով, սկսվեց վերափոխվել Թբիլիսիի իշխանությունների որդեգրած հակառուսական քաղաքականությունը: Նոր կառավարության անդամներն սկսեցին Կրեմլի հետ հարաբերությունները բարելավելու, ինչպես նաեւ օկուպացված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վարչակարգերի հետ բանակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններ անել: Կրեմլի հետ մերձեցումը բնականաբար նպաստեց, որ էջ բացվի նաեւ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում:

Վրաստանում տեղի ունեցած վերափոխումն, ինչ խոսք, կարելի է համարել Կրեմլի հաջողությունը: Սակայն այդ հաջողությունը լիարժեք դարձնելու համար պետք է սպասել, որ աշնանը նշանակված նախագահական ընտրություններում Սաակաշվիլին պաշտոնանկ լինի: 2013-ին հարավկովկասյան երեք հանրապետություններում էլ նախագահական ընտրությունների անցկացումը կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի եւ Կրեմլի տարածաշրջանային քաղաքականությունների մեջ դիվանագիտական ու հետախուզական պատերազմի սկզբնավորման պատճառ:

Հարավկովկասյան հանրապետությունների մեջ առանցքային դիրքն, անկասկած, պատկանում է Ադրբեջանին: Ադրբեջանի քաղաքական զարգացումներին ուշիուշով հետեւում են ինչպես Կրեմլը, այնպես էլ արեւմտյան տերությունները: Վերջիններս հետեւելուց զատ մեծ ջանք են գործադրում, որ այնտեղ շրջանառության մեջ դնեն իրենց շահերին համապատասխանող սցենարները: Հենց այս տեսանկյունից պետք է գնահատել անցյալ տարի Ղուբայում, իսկ այս տարի Իսմայիլիում բռնկված ժողովրդական ըմբոստությունները: Որքան էլ բնակիչներին նվաստացնելու մեջ մեղադրվեն այս շրջանների քաղաքապետները, դիտարկելի է, որ ցուցադրված հակազդեցությունը «գաղտնի նկուղների» նախաձեռնությունն է, որովհետեւ Ադրբեջանի ողջ տարածքում պետական պաշտոնյաները բնակչության նկատմամբ կիրառում են ծայրահեղ ճնշում գործադրելու քաղաքականություն: Չափ ու սահման չունի քաղաքացիների նվաստացման, բանտարկությունների ու խոշտանգումների թիվը:

Պահպանվում է Սարգսյանի իշխանության ապագայի անորոշությունը: Որքան էլ նա վայելի Կրեմլի աջակցությունը, այդուհանդերձ ակնհայտ է Սաակաշվիլու «նախագծի» նման մի ծրագիր նաեւ Հայաստանում իրագործելու արեւմտյան տերությունների պատրաստակամությունը: Ընդդիմության ամենաազդեցիկ դեմքըՙ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախապես հայտարարել է, որ չի առաջադրվելու: Դա, թերեւս հիմնավորում է Սերժ Սարգսյանի վերընտրության ճանապարհին արգելքի վերացման մասին կարծիքները:

Բացի այս ամենից, Կրեմլը որեւէ պատճառ չունի Սարգսյանին չաջակցելու: Սակայն ներկա փուլում, երբ ԱՄՆ-ի ու Իսրայելի նման տերություններ Իրանի վրա հարձակվելու պատրաստություն են տեսնում, միանգամայն հնարավոր է, որ սաստկանան Հայաստանի վրա գործադրվող ճնշումները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ