ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՀԵՏԱԶՈՏՎԻ Հ. Հ. Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ այցելել է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց արդեն 21 օր հացադուլ իրականացնող Անդրիաս Ղուկասյանին: Նախարարի խոսքերովՙ թեպետ մի քանի օր շտապ օգնության մեքենան շուրջօրյա հերթապահություն է սահմանել տարածքում, սակայն այդ պայմաններում լիարժեք հետազոտություն հնարավոր չէ, քանի որ անհրաժեշտ սարքավորումները բացակայում են: «Հետեւաբար թեկնածուի հիվանդանոց այցելությունը կարեւոր նախապայման է կյանքի համար: Հացադուլի 20-րդ օրվանից օրգանիզմում որոշակի լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, եւ մենք պարտավոր ենք ուսումնասիրել առողջական վիճակը, գնահատական տալ եւ թեկնածուին տեղյակ պահել, թե հնարավոր բարդացումներ լինելու ժամանակ ի՞նչ միջամտություններ կարող են լինել: Անդրիաս Ղուկասյանը մեզ խոստացավ մինչեւ երեկո պատասխան տալ, թե որտեղ է ցանկանում հետազոտվել», ասաց Դումանյանըՙ կրկին հորդորելով Ղուկասյանին դադարեցնել հացադուլը: Նա խոստացավ, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Ղուկասյանի հետազոտությունը պատշաճ կերպով կազմակերպվի: |