ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ» Է ԽԱՂՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նա դեռ երկու օր ունի կողմնորոշվելու համար Երեկ ողջ օրվա ընթացքում ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրության կենտրոնում էր: Մի քանի անգամ Հայրիկյանն ու իր շտաբի անդամներն իրարամերժ մի քանի հայտարարություններ արեցին: Օրվա առաջին կեսին հավանականությունը, որ Հայրիկյանը կդիմի Սահմանադրական դատարան, 10 տոկոս էր, օրվա երկրորդ կեսին, ինչպես մի շարք կայքերի, այնպես էլ «Ազգ» օրաթերթին Հայրիկյանի շտաբից հայտնեցին, որ փետրվարի 8-ին կդիմեն Սահմանադրական դատարան: «Այժմ սպասում ենք փաստաբանին», ասացին Հայրիկյանի շտաբից, հավելելով, որ Հայրիկյանի ցանկությունն է, որ ՍԴ-ն իր դիմումը մուտքագրի փետրվարի 10-ի ամսաթվով, բայց քանի որ փետրվարի 10 կիրակի է, իրենք դիմումը պետք է ներկայացնեին երեկ ցերեկը: Երեկոյան արդեն Հայրիկյանի շտաբն այլ բան էր հաղորդում: Իրենք ցանկություն ունեն դիմելու Սահմանադրական դատարան, բայց կսպասեն մինչեւ կիրակի, եւ եթե Հայրիկյանի առողջական վիճակը չբարելավվեց, ապա հաստատ կդիմեն: Սրանք հայտարարություններ են, որ արվել են մեկ օրվա ընթացքում, մեկ թեկնածուի շուրթերից, ու հիմա շատ տրամաբանական հարց է առաջանումՙ եթե Հայրիկյանը նման հարցի վերաբերյալ չի կարողանում կողմնորշվել, ապա նախագահ ընտրվելուց հետո առավել գլոբալ եւ կարեւորագույն հարցերում ի՞նչ է անելու: Դուք հաստատ նկատած կլինեք, որ բակերում փոքրիկ աղջիկները հիմնականում երիցուկի թերթիկներ են պոկում եւ «սիրում է, չի սիրում» խաղում: Տպավորությունն այնպիսին է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Հայրիկյանը դա է խաղում: Ի դեպ, սա օրվա միակ զավեշտալի դեպքը չէ կապված Հայրիկյանի հետ: Նախաքննական ցուցմունքում Հայրիկյանն ասել էր, որ իր վրա կրակողները սլավոնական արտաքին ունեին եւ հայ չէին: Երեկ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող, 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանն ու 1972-ին ծնված Սամվել Հարությունյանը: Դատելով ԱԱԾ-ի ուղարկած լուսանկարներից, երկու կասկածյալներն էլ տիպիկ հայկական արտաքին ունեն, եւ նրանց շփոթել այլազգիի հետՙ անհնար է: Այս առնչությամբ Հայրիկյանը նախ ասել է, որ ինքը ցուցմունքում հայտարարել է, թե կասկածյալները ոչ թե սլավոնական, այլ եվրոպական արտաքին ունեին, ավելի ուշ արդեն նա հավելել է, որ հատուկ է սխալ ցուցմունք տվել, որպեսզի հանցագործներին ավելի շուտ բռնեն: Հայրիկյանն այդպես էլ չի հստակեցրելՙ ինքը ձերբակալվածների լուսանկարները տեսել է, թե՞ ոչ, միայն հավելել է, որ ձերբակալածները կատարողներ են, իրեն առավելապես հետաքրքրում է, թե ովքեր են պատվիրատուները: Ինչ վերաբերում է Պողոսյանին եւ Հարությունյանին, մահափորձի հանգամանքների վերաբերյալ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Երեկ այս հարցը քննարկվել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանիՙ իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: ԱԱԾ տնօրենը տեղեկություններ է ներկայացրել Հայրիկյանի դեմ մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն որոշակի արդյունքներ կան, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու Պարույր Հայրկյանի դեմ անհայտ անձը մահափորձ է կատարել, որից հետո Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Վնասվել է նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո Հայրիկյանը դժվարությամբ է մատները շարժում, քանի որ վնասվել են նյարդերը: Ֆեյսբուքի իր էջում նա ամեն օր տեղեկություն է տալիս իր առողջական վիճակի վերաբերյալ: Երեկ նա գրել է, որ գիշերը երկու անգամ ցավազրկող դեղահաբ է ընդունել, որպեսզի կարողանա քնել: Ձեռքի ցավը չի թուլանում, բժիշկներն արգելում են լքել հիվանդասենյակը, մինչդեռ Հայրիկյանը ցանկանում է այցելել հեռավոր մարզեր ու քարոզարշավ անցկացնել: Համաձայն Սահմանադրության, եթե քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի համար առաջանում են անհաղթահարելի խոչընդոտներ, ապա ընտրությունները հետաձգվում են 15 օրով, եթե թեկնածուն դիմում է Սահմանադրական դատարան: Երեկ Սահմանադրական դատարանից «Ազգ»-ին տեղեկացրին, որ որեւէ դիմում Հայրիկյանից չեն ստացել: Հաշվի առնելով, որ դիմում ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 10 էՙ կիրակի, Սահմանադրական դատարանում որոշում են կայացրել հերթապահություն սահմանել եւ հանգստյան օրերին սպասել Հայրիկյանի կողմնորոշմանը: |