RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-09 00:01:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2396, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 106

«ԿԱՆԱԿԱ» ԲԲԸ-Ն ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Փետրվարի 6-ին շահագործման հանձնվեց Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծայրահեղ անբարեկարգ վիճակում գտնվող կրթօջախը հիմնանորոգումից հետո այսօր դարձել է Հայաստանի նորարարական ուսումնական հաստատություններից մեկը:

Դպրոցում հիմնադրվել է Հայաստանում առաջինՙ ատամների մաքրման կայանը: Բրազիլական մոդելով կառուցված այս սենյակը հագեցած է լվացարաններով, ատամի խնամքի պարագաներով, ցուցադրական-ուսումնական նյութերով: Կրթօջախի տարրական դասարանների աշակերտները դասամիջոցներին կայանում պետք է մաքրեն իրենց ատամները: Մյուս նորամուծությունը ստեղծագործարանն է, որը համադրում է դպրոցի գրադարանը, համակարգչային դասարանը եւ ունի դասեր անցկացնելու հնարավորություն:

Դպրոցում գործում է նաեւ հատուկ կահավորումով եւ ձեւավորումով տարրական դասարան: Դասարանը բաժանված է երկու մասի, որոնցից մեկը նախատեսված է դասերի, մյուսըՙ խմբային աշխատանքների եւ խաղերի համար:

Հաշվի առնելով, որ ժամանակակից երեխաները նախընտրում են սովորել նաեւ դասարանից դուրս, դպրոցում ստեղծվել է ճեմուղի, որտեղ ուսուցիչները կարող են անցկացնել բացօթյա դասեր: Դպրոցում հիմնադրվել է նաեւ «Վերնատուն», որտեղ սովորողները, արվեստի դասեր անցկացնելուց զատ, ոգեշնչող միջավայրում հնարավորություն ունեն անցկացնել քննարկումներ, բանավեճեր տարբեր թեմաների վերաբերյալ:

250 աշակերտ ունեցող դպրոցը հիմնանորոգվել է Վանաձորի «Կանակա» ընկերության կողմից: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարերարների ջանքերով: Հատուկ ծրագրերով դպրոցին աջակցել են «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը, «Էյչ-Էս-Բի-Սի-Հայաստան» բանկը, «Քրոնիմետ» բարեգործական ընկերությունը, «Կանակա» ընկերությունը: Նվիրատվություն է կատարել նաեւ գյուղի գործարար Գնունի Անտոնյանը:

Դպրոցի բացման արարողությանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցեցին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պաշտոնական այլ անձինք, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր ատենապետ, նյույորքաբնակ դոկտոր Գարո Արմենի որդինՙ Սամվելը, հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը, կառույցի շինարարները, լրագրողներ, մտավորականներ եւ ուրիշներ:

Բացման համար նախատեսված կարմիր ժապավենը կտրեց Արմավիրի մարզպետը: Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող պաշտոնյաները շրջեցին շենքում, եղան դասասենյակներում, մարզադահլիճում եւ «Վերնատանը»: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին շինարարության որակիցՙ շեշտելով ինքնատիպ լուծումներով վերակառուցված եւ կահավորված սենյակների բարետեսությունն ու հարմարավետությունը:

- Շինարարությունը, իրոք, կատարվել է եվրոպական չափանիշներին համապատասխան: Հատկապես գնահատելի է «Կանակա» ԲԲԸ-իՙ ստեղծագործաբար մոտենալու սկզբունքը,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերոբ Խաչատրյանը:- Դրվատանքի է արժանի «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի նախաձեռնությունը, որի շնորհիվ ընկերությունը կառուցեց եւ դպրոցին նվիրեց «Վերնատունը», որը նախատեսված է գեղանկարչության եւ արվեստի այլ ճյուղերով զբաղվելու հակում ունեցող երեխաների համար:

Դպրոցի տնօրենությունը եւ ուսուցիչները նույնպես գոհունակություն հայտնեցին շինարարության որակիցՙ հավաստելով, որ շենքը կպահպանեն պատշաճ ձեւով, քանզի արդեն Արմավիրի մարզի ամենաներկայանալի կրթօջախներից մեկն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ