ԵՐԳՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ Պատրաստեց ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ Հայաստանում, ինչպես եւ ԱՊՀ մի շարք երկրներում ռուսական մշակույթը եւ ռուսերեն լեզուն «նահանջ են ապրում»: Այն` որպես երկրորդ լեզու, կամաց-կամաց վերափոխվում է օտար լեզվի, ինչն էլ ձեւավորում է որոշակի վերաբերմունք ռուսական մշակույթի եւ հոգեւոր արժեքների նկատմամբ: Հայաստանի ազգաբնակչությունը նույնպես ներքաշված է եվրոպական եւ այլ լեզուների ու մշակույթների յուրացման գործընթացում, դա հատկապես ակնառու է երիտասարդության շրջանում: Ռուսերեն լեզվի զարգացման հայկական կենտրոնը, ելնելով հայ ժողովրդի հետաքրքրություններից, հաշվի առնելով, որ վերակողմնորոշումը չպետք է իրականացվի ռուսաց լեզվի եւ մշակույթի հաշվին, 2010 թ. Ռուսաստանի հայերի միություն համառուսական հասարակական կազմակերպության հետ, «Ռուսկի միր» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ կազմակերպեց «Երգը բարեկամության կամուրջ» ռուսական երգի հանրապետական փառատոն Հայաստանի հանրակրթական դպրոցների մասնակցությամբ: Ըստ կազմակերպիչներիՙ փառատոնում ընդգրկված էին շուրջ 400 հազար դպրոցականներ մոտ 1300 դպրոցներից: Փառատոնին ուղղակի կամ անուղղակի մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ` մասնակիցներ, ուսուցիչներ, ծնողներ, հանրային տարբեր շրջանակներ: Ռուսական երգի հանրապետական փառատոնը դարձավ ռուսական մշակույթի եւ ռուսերեն լեզվի տոնակատարություն` հանդիսանալով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության պայծառ օրինակ: Փառատոնի արդյունքները ցույց տվեցին, որ հանրապետությունում ոչ թե տեղի է ունենում օտարացում ռուսական մշակույթից եւ լեզվից, այլՙ նահանջ, եւ որ հայ ժողովուրդը մտադիր չէ վերակողմնորոշվել ռուսական մշակույթի հաշվին: Փառատոնը նվիրված է Ռուսաստանի Դաշնության անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակին, որի բոլոր միջոցառումները անցկացվում են ժողովուրդների բարեկամության «Դարերով միասին» կարգախոսով: Փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 1-ին, անցկացվեց չորս` նախապատրաստական, առաջին, երկրորդ եւ եզրափակիչ փուլերով: Փառատոնը մեծ ոգեւորություն է առաջացրել հանրության շրջանում` մասնավորապես գյուղերում: Քանի որ այնտեղ տաղանդաշատ երեխաները հնարավորություն չեն ունենում հանդես գալու մեծ լսարանի առջեւ, ինչպես նաեւ փառատոնը լավագույն առիթն է ծանոթանալու ռուսական մշակույթին եւ ամրապնդելու ռուսերեն լեզուն: Ըստ վիճակագրությանՙ փառատոնի եզրափակիչ փուլ են անցնում մեծ մասամբ մարզերի երեխաները: Փետրվարի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ամփոփվեց «Երգը բարեկամության կամուրջ» խորագիրը կրող փառատոնը, հանրապետական փուլի հաղթողները եւ դափնեկիրներն ստացան դիպլոմներ եւ մրցանակներ: Դափնեկիրներ են` Արգիշտի Ալեքսանյան (Արմավիր, Դալարիկի միջնակարգ դպրոց), Էրիկ Ալոյան (Երեւանի N 155 հիմնական դպրոց), Ռազմիկ Աչիկյան (Գեղարքունիք, Գավառի N 1 դպրոց), Արման Առաքելյան (Արմավիր, Ալաշկերտի Հրաչյա Քոչարի անվ. միջնակարգ դպրոց), Ռուբեն Բաբայան (Երեւանի N 182 ավագ դպրոց), Հարություն Բեջանյան (Տավուշ, Նոյեմբերյանի ավագ դպրոց), Դիանա Գրիգորյան (Կոտայք, Չարենցավանի Մաշտոցի անվ. դպրոց), Հովհաննես Կարապետյան (Շիրակ, Գյումրու N 1 դպրոց), Մոնիկա Կարապետյան (Երեւանի N 50 հիմնական դպրոց), Գոռ Հայրապետյան (Երեւանի N 119 ավագ դպրոց), Գայանե Հովհաննիսյան (Երեւանի N 16 ավագ դպրոց), Գեղամ Հովսեփյան (Արարատ, Արտաշատի N 2 դպրոց), Հայկ Մարգարյան (Երեւանի N 132 հիմնական դպրոց), Մարիաննա Մովսեսյան (Երեւանի N 122 հիմնական դպրոց), Անի Պողոսյան (Սյունիք, Կապանի N 1 դպրոց), Արման Պողոսյան (Շիրակ, Գյումրու N 6 դպրոց), Ջուլիտա Ջաղինյան (Երեւանի N 130 հիմնական դպրոց), Նարեկ Սահակյան (Լոռի, Ստեփան Շահումյանի անվ. N 1 միջնակարգ դպրոց), Անահիտ Սիմոնյան (Երեւանի N 132 հիմնական դպրոց): Իսկ հատուկ մրցանակների արժանացան` Անի Աբրահամյան (Վայոց Ձոր, Եղեգնաձորի N 2 հիմնական դպրոց), Լիանա Դեղոյան (Գեղարքունիք, Սարուխանի N 1 դպրոց), Անժելա Ղալեչյան (Կոտայք, Աբովյանի N2 հիմն. Դպրոց), Սիրվարդ Մարտիրոսյան (Արարատի N 4 հիմն. դպրոց), Նարեկ Միքայելյան (Արմավիրի Գնել Մաղաքյանի անվ. N 2 միջնակարգ դպրոց), Ռոբերտ Մկրտչյան (Արագածոտն, Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվ. N 1 դպրոց), Զոյա Սարգսյան (Վայոց Ձոր, Մալիշկայի N 1 դպրոց), Վարդուհի Տոռոզյան (Երեւանի N 128 հիմնական դպրոց): Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Այս փառատոնը ամրապնդում է հարաբերությունները Ռուսաստանի հետ` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ: Օրինակՙ հարց կարող է ծագել, թե փառատոնի կազմակերպիչները հասա՞ն արդյոք առաջադրված նպատակի ու խնդիրների կատարմանը. առանց հապաղման կարելի է ասել, որ փառատոնի նախնական արդյունքները, ծավալն ու մասսայականությունը, ռուսական լեզվամշակութային արժեքների նկատմամբ մատաղ սերնդի, ինչպես նաեւ մանկավարժների հետաքրքրությունը հնարավորություն են տալիս միանշանակ հայտարարելու, որ փառատոնը կայացել է: Հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում անց են կացվում ոչ ռուսական երգի մրցույթ, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի օրեր, որոնց շրջանակում շուրջ 400 հազար դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվել են ռուսական լեզվամշակութային արժեքների վերաբերող տասը հազար բազմաբնույթ միջոցառումներ: Փառատոնն ամենուր վերածվեց երկու ժողովուրդների բարեկամության վառ ցույցի, փաստելով, որ մեր երկու ժողովուրդների մշակույթների պատմական ընդհանուր հիշողությունների, նվաճումների եւ հաղթանակների կրողներն այսօր մեր մատաղ սերնդի ներկայացուցիչներն են, ուստի վստահաբար կարող ենք հայտարարել, որ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը գտնվում է հուսալի ձեռքերում»: Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը եւ դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանիՙ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը: «Երգը բարեկամության կամուրջ» փառատոնի հեղինակ, կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Փառատոնը շատ կարեւոր իրադարձություն է մեր կյանքում, քանի որ դրա միջոցով անդրադառնում ենք մշակույթի հարցերին: Հենց երեխաներն են ընտրում այն երաժշտությունը, երգը, որը պետք է երգեն, եւ զարմանալիորեն կարող ենք փաստել, որ նրանք կողմնորոշված ընտրում են լավագույն ստեղծագործությունները: Նրանք վաղվա սերունդն են, որոնք պետք է գան եւ փորձեն իրենց սահմանից դուրս հաղորդակցվել»: Ռ. Ամիրխանյանը, անդրադառնալով օրհներգին, նշեց, որ գրել է որպես խորհրդանիշ բարեկամության` «Дай мне руку, мой верный друг!». «Այս երգը պետք է իրենց կանչի դեպի ճիշտ ճանապարհ»,- ավելացնելով,` «այս ոգեւորությունը մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի պահպանենք կյանքի իրական եւ հոգեւոր դաշտը, առանց որի մենք կդառնանք շատ սովորական մարդիկ»: Ռ. Ամիրխանյանը հիացած է երիտասարդ սերնդով եւ «Ազգի» հետ զրույցում ընդգծեց, որ երիտասարդ սերունդն ունի լեզվի զարմանալի զգացողություն. «Շատ հաճախ չեն էլ հասկանում իրենց երգի բառերը: Գնացել եմ հեռավոր գյուղեր` լսելու երեխաների կատարումներըՙ եւ հիացած եմ նրանց լեզվի զգացողությամբ, զարմանահրաշ բան է, կարծես թե իրենց մեջ նստած է այդ զգացողությունը»: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասաց. «Այս մրցանակաբաշխությունն ամփոփում է «Երգը բարեկամության կամուրջ» խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը, որն ամբողջ տարի ընդգրկել էր ողջ Հայաստանը: Բոլոր դպրոցներում անցկացվում էին ռուսական երգի լավագույն կատարումներ, ռուսական պոեզիայի, երգ ու պարի երեկոներ, թատերականացված հանդեսներ, որտեղ արտահայտված էր երկու ժողովուրդների բարեկամության ոգին: Հնչում էր ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական խոսք, միախառնվում երգին: Ցանկանում եմ ասել շնորհակալություն ծնողներին եւ ուսուցիչներին, ինչպես նաեւ փառատոնին աջակից բոլոր կազմակերպություններին ու գերատեսչություններինՙ փառատոնի իրականացման համար»: Առաջին փառատոնն անցկացվել է 2010 թվականին, որին մասնակցել են հանրապետության շուրջ 1300 հանրակրթական դպրոցի աշակերտներ, ընդհանուր հաշվով 400 հազար դպրոցական ընդգրկված է եղել ծրագրում: Փառատոնի հաջողությամբ էր պայմանավորված, որ մանկավարժների, ծնողների ու աշակերտների առաջարկով ծրագիրը դարձավ ավանդական Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ՙ փառատոնը հայ-ռուսական բարեկամության կարեւոր հիմնաքար է, քանի որ երեխաների մեջ սերմանվում է բարեկամություն, այս դարավոր բարեկամությունը պետք է պահպանել եւ զարգացնել. «Շատ ուրախ եմ, որ մեր դպրոցներում այսքան ակտիվությամբ եւ ջերմությամբ փառատոնն անցկացվեց: Երգն ու երաժշտությունը հոգեւոր վիճակ են, եւ որքան ավելի ազնիվ, ոգեւորված երեխաները կարողանան ներկայացնել մշակույթը, այնքան երկու մշակույթների թափանցումը մեկը մյուսի մեջ ավելի գեղեցիկ կլինի: Փառատոնը խթանում է, որ երեխաները կարողանան ճանաչել ռուսական մշակույթը, ինչպես նաեւ սիրեն եւ սովորեն ռուսաց լեզու»: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ: «Ազգը» զրուցեց նաեւ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ, որ փառատոնը համարում է լավագույններից մեկը Հայաստանի Հանրապետությունում. «Այս փառատոնն արդեն ավանդույթ է դարձել: Չենք կարող ասել, որ մեր երեխաները նոր են ծանոթանում ռուսական երգին, պարին, քանի որ ռուսական մշակույթը մեզ համար օտար չէ, նրանք ոչ միայն ծանոթ են, այլեւ արդեն յուրացրել են: Այս փառատոնը նպաստում է ոչ միայն ծանոթանալու, այլեւ չկորցնելու, չմոռանալու ռուսական մշակույթը հանրության շրջանում: Տասը տարի առաջ վախ կար, որ լեզվի, մշակույթի նկատմամբ կարող է ընթանալ օտարացում, բայց հիմա խնդիրն անցել է»: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Ղազարյանը Երեւանում կազմակերպված նախընտրական փուլերին իր մեծ ներդրումն է ունեցել եւ ընդգծեց, որ այս փառատոնը մեծ նշանակություն ունի մեր ազգերի բարեկամության ամրապնդման հարցում, որն արդեն երկրորդ անգամ է անցկացվում. «Ռուսերեն երգը միշտ հոգեհարազատ է եղել մեր երեխաներին, իսկ այս միջոցառումն ավելի է ամրապնդում այն հիմքը, որ ունեցել են մեր երեխաները դեռեւս խորհրդային ժամանակներում: Երեխաները մեծ ոգեւորությամբ են մասնակցում միջոցառմանը, եւ անհրաժեշտ է, որ այս փառատոնը շարունակական բնույթ կրի: Երեւան քաղաքի շուրջ 160 դպրոցների երեխաները մասնակցել են դպրոցական փուլին` հինգ ժանրով, ըստ վարչական շրջանների»: Անդրադառնալով հանձնաժողովի կազմինՙ Ա. Ղազարյանը նշեց, որ կազմում եղել են Երեւանի դպրոցների երգի ուսուցիչները. «Սեպտեմբերից այս միջոցառումն սկսվել է դպրոցներում եւ վերահսկվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից: Ընդգծեմ, որ բացի երգի մրցույթից, դպրոցներում անցկացվել են գրական ցերեկույթներ` նվիրված ռուս մեծերին»: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ասաց, որ փառատոնն ինքնանպատակ չէրՙ որպես երգի փառատոն. «Երիտասարդ սերունդը հեռացել է ռուսերեն լեզվից, այս փառատոնի միջոցով երեխան նորից առնչվում է ռուսերենին` երգի տեսքով զգալով այն: «Երգը բարեկամության կամուրջ» փառատոնը խթանում է ռուսերեն լեզվի զարգացումը: Մենք կարեւորել ենք նաեւ երգերի տարիքային առանձնահատկությունը` թէ ո՞ր տարիքի երեխան ի՞նչ երգ է երգում: Երգի ուսուցչուհիների ճիշտ ուղղորդման շնորհիվ 10, 12 տարեկան երեխան չի երգում սիրո մասին, ինչպես նկատել ենք միջոցառումների ժամանակ, ուսուցչուհիները մեծ գործ են կատարումՙ երեխաների մեջ սերմանելով գեղագիտական դաստիրակություն»: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ պլաններ կան «Երգը բարեկամության կամուրջ» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը դարձնելու միջազգային. «Առաջին փառատոնը ցույց տվեց, որ ռուսական մշակույթը դիրքերը զիջել է, սակայն բարեբախտաբար օտարացում տեղի չի ունեցել: Կարող եմ փաստել, որ մեր սպասելիքները ոչ միայն արդարացել են, այլեւ` գերազանցել: Անկեղծ ասած` որպես այս միջոցառման հեղինակ, չէի սպասում, որ այսպիսի վերաբերմունք կլինի թե՛ ռուսաց լեզվի, թե՛ մշակույթի նկատմամբ: Շփվելով փառատոնի մասնակիցների հետ, ուախությամբ կնշեմ, որ փառատոնով հետաքրքրված էին ե՛ւ երեխաները, ե՛ւ մանկավարժական կոլեկտիվները, ե՛ւ ծնողները»: Վ. Աղայանը նշեց նաեւ, որ երբ փառատոնը կազմակերպում էին, նպատակ չէին հետապնդում դարձնել ավանդական, սակայն հետաքրքրությունը հանրության կողմից այնքան մեծ էր, որ որոշեցին դարձնել ավանդական. «Նման մասշտաբային ծրագիրը ամենամյա դարձնելը կրում է մի շարք բարդություններ, այդ իսկ պատճառով փառատոնը կանցկացվի երկու տարին մեկ անգամ: Այս երկու փառատոների արդյունքները համեմատական անցկացնելով կարող ենք ասել, որ երեխաների մեջ կատարողական վարպետության աճ կա: Փառատոնի շնորհիվ ի հայտ եկան մի շարք տաղանդաշատ երեխաներ, որոնք կարող են դառնալ մեր ապագա աստղերը, որը փառատոնի նվաճումներից է: Վերջապես, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է եւ մեր հասարակությունը պետք է լավ ճանաչի այդ երկրի մշակույթը, լեզուն, որը հետագայում կնպաստի մեր բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը»: Անի Աբրահամյանը , որն արժանացավ հատուկ մրցանակի, «Ազգի» հետ զրույցում ոգեւորված ասաց. «Երկու տարի առաջ այս երգով մասնակցել եմ մեկ այլ ռուսական փառատոնի, իմ կատարած երգը ես շատ եմ սիրում, բոլորն ասում են լավ եմ երգում, այդ իսկ պատճառով էլ որոշեցի նույն երգով մասնակցել «Երգը բարեկամության կամուրջ» փառատոնին, որն ինձ շատ բան տվեց, ամեն մեկը չէ, որ կարող է գալ եւ նման դահլիճում ելույթ ունենալ, ինչպես նաեւ ձեռք բերեցի ընկերներ, մասնագիտական մի շարք հմտություններ եւ ուրախ ժամանակ անցկացրեցի: Ըստ իսՙ փառատոնը դրական ազդեցություն ունեցավ յուրաքանչյուր մասնակցի վրա»: Փառատոնն իրականացվում է Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ: «Ռուսկի միր» (Ռուսաստանի Դաշնություն) հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվել է «Երգը բարեկամության կամուրջ» խորագրով: Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվում են ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի օրեր, որի շրջանակում կազմակերպվում են ռուսական պոեզիայի երեկոներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսաց լեզվի բաց դասեր, լեզվի վարպետության դասեր եւ ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ: Մրցույթի արդյունքներով ձեւավորվում է հաղթողների դպրոցական թիմը` մարզային փուլին մասնակցելու համար: Յուրաքանչյուր դպրոցական թիմում կարող է ընդգրկվել հինգ հաղթող` յուրաքանչյուր ժանրում մեկական կատարող: Նոյեմբերի 1-30-ը Երեւանում եւ մարզկենտրոններում իրականացվեց ծրագրի երկրորդ փուլը: Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ համարվեցին նաեւ ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին կատարողի իրազեկվածությունը: Իսկ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երեւանում` Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում: |