ՍՐԱՆ Ի՞ՆՉ ԿԱՍԵՍ, ԶԱՀԻԴ ՕՐՈՒՋ ԳՐՈՂ ԱՅԼԻՍԼԻԻ ԱԿԱՆՋԸ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 10000 ՄԱՆԱԹ ՊԱՐԳԵՎ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Yotube-ում մի տեսագրություն է տեղադրվել. Միլլի մեջլիսի երկու պատգամավոր, մի պատմաբան եւ երեք գրող-հրապարակախոս «ռինգ» են կանչել գրող Աքրամ Այլիսլիին եւ հրապարակային պարտադրում են, որ հրաժարվի «Քարե երազներ»-ից: Գրողը դիմադրում է, փորձում հիմնավորել իր տեսակետը: Ի վերջո ասում է. «Այդ վեպը գրված է ձեր զավակների եւ թոռների համար, 50 տարի հետո նրանք ինձ կգնահատեն»: «Բանավեճի» մասնակիցներից մեջլիսական Զահիդ Օրուջը գրողին հարց է ուղղում. «Մի՞թե ադրբեջանցիներն այնքան գազանաբարո են, որքան դուք եք պատկերել»: Այլիսլին փորձում է բացատրել, որ «ծեր հային փրկող ադրբեջանցին է վեպի գլխավոր հերոսը»: Անօգուտ: Ինկվիզիտորները, միմյանց հերթ չտալով, նրան դատափետում են «իրականությանը չհամապատասխանող փաստեր նկարագրելու» մեջ: Գազանաբարո՞ են ադրբեջանցիները, թե՞ խաղաղասեր-հանդուրժողական` մեր խնդիրը չէ: Աչքի է զարնում, սակայն, այս բովանդակությամբ տեղեկատվություն. «Իշխանամետ «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը որոշել է 10 000 մանաթ պարգեւ վճարել նրան, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիիՙ «Քարե երազներ» վեպի հեղինակի ականջը» (տես` http://www.contact.az/docs/2013/Social/021100027902ru.htm#.URizux1qgeo): «Թուրան» գործակալությունը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւին, որը հաստատել է տեղեկատվության իսկությունը: «Անցյալ շաբաթ մենք քննարկում ենք անցկացրել եւ կայացրել նման որոշում: Դա հաստատուն է եւ փոփոխության չի ենթարկվի»,- ասել է Հաջիեւը: Հարցին, թե կուսակցության որոշման մեջ ի՞նչ է կոնկրետ ասված, «արդի-մուսավաթականը» հետեւյալ պատասխանն է տվել. «Այլիսլին իր վեպում վիրավորել է ծագումով «Արեւմտյան Ադրբեջանից ժամանակակից Հայաստանից» (չակերտները մերն են - Վ. Ա.) 4,5 մլն մարդու, նրանց ներկայացրել իբրեւ վայրենիների: Դրա համար որոշում է ընդունվել, որ Այլիսլիին տրված բոլոր պատիժները չնչին են, հարկ է կտրել նրա ականջը: Որոշման կատարումը հանձնարարվել է կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչներին: Այդ որոշումը կատարողին կտրվի 10 000 մանաթ պարգեւավճար»: Ընդգծենք, որ կանիբալիստական որոշումն ընդունել է ոչ թե ինչ-որ մի «խոցված փախստական» կամ «ցեղասպանության զոհ» խոջալուցի, այլ Ադրբեջանում օրինական գրանցում ստացած եւ լեգալ քաղաքական գործունեությամբ զբաղվող կուսակցություն: Վկայո՞ւմ է նման որոշումը «Ժամանակակից մուսավաթ» կուսակցության գազանաբարո վարքը, թե՞ ոչ: Հարցին թող պատասխանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը: |