ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԷԼ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ ՈՒՆԻ Գ. Մ. Անցած կիրակի իր նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում է անցկացրել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այցելելով մարզի մի շարք համայնքներ ու զրուցելով մարդկանց հետ, «Ժառանգության» առաջնորդն այնուհետեւ նույն կերպ շրջել է մարզկենտրոն Գյումրիում, իսկ երեկոյան ընտրողների հետ հանդիպում ունեցել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում: Այստեղ հավաքվածները նրան դիմավորել են մեծ ոգեւորությամբ: «Գյումրին այն քաղաքն է,- դիմելով ներկա ընտրողներին` ասել է նախագահի թեկնածուն,- որտեղ «Ժառանգությունն» ավանդաբար ստացել է ամենաշատ ձայները: Այսօր ես ներկայացնում եմ ոչ թե «Ժառանգությունը», այլ առաջադրվել եմ որպես ձեր բոլորի շահերի պաշտպան թեկնածու` անկախ ձեր կուսակցական համակրանքներից: Ես ասում եմ` ժամանակն է վայր դնել կուսակցական դրոշները եւ վերջապես այս 20 տարիների ընթացքում առաջին անգամ միասին ապահովել ժողովրդի հաղթանակը»: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի մեջ, ինչպես նշել է նա, կարեւոր տեղ է զբաղեցնում աղետի գոտու հիմնախնդիրը: Իր նախագահ ընտրվելու դեպքում 2014 թվականին պետական բյուջեում կլինի նվազագույնը 100 մլն դոլարին համարժեք դրամ ներդրում աղետի գոտու լիարժեք վերականգնման համար: Խոսքը ոչ միայն բնակարանային ֆոնդի մասին է, այլ նաեւ արդյունաբերական ու գյուղատնտեսական հզորությունների վերականգնման, նորագույն տեխնոլոգիաների հիման վրա նոր հնարավորությունների, մարդկանց բարձր վարձատրվող աշխատանքի պայմանների ստեղծման, որպեսզի այլեւս ոչ մի գյումրեցի չարտագաղթի իր հայրենիքից, իսկ մեկնածները վերադառնան: Դրա համար Գյումրին կհռչակվի ազատ տնտեսական գոտի, ավելի տեսանելի կյանքի կկոչվի նաեւ տեխնոպարկը, մեկ տարի անց «աղետի գոտի» հասկացությունը կանցնի պատմության գիրկը: «Քանի դեռ մենք ունենք մի ոտաբոբիկ, անկոշիկ աշակերտ, դոմիկի մեջ ապրող մի հայ մարդ, հայաստանցի իշխանավորը, նախագահը անքուն գիշեր պիտի անցկացնի, ինքն էլ պիտի ապրի ժողովրդի նման», ասել է նախագահի թեկնածուն` խոսելով սոցիալական խնդիրների մասին: Խոսելով նաեւ տարբեր այլ հարցերի մասին ու հավաքվածներին խորհուրդ տալով «գյումրեցու թասիբով» մասնակցել ընտրությանը, նախագահի թեկնածուն ասել է. «Դուք արդեն ընդունել եք, որ սա ձեր պայքարն է: Սա այլեւս Րաֆֆիի ու Սերժի, Հանրապետականի ու «Ժառանգության» պայքարը չէ: Սա պայքար է բարու համար, եւ այս անգամ բարին պիտի հաղթի...»: |