ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՌՈՒՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հասմիկ Պապյանի Լիզան Վիեննայի Շտատսօպերի բեմում Մեծ բեմերի նրա ունկնդիրը, ներկայացումից թեւեր առած, արձակուրդի նոր հասցե է բացահայտումՙ գնանք տեսնենք այն երկիրը, որի ձայնն այսքան սիրտ է շարժում, որի 5 մայրցամաք «նվաճած» բեմական կենսագրությունը «վրեժ» է լուծել իր փոքրացած հայրենիքի համար, դառնալով դրոշ ու զինանշան ունեցող երկրի լավագույն թալիսման: Աշխարհագրական մեծ տարածքներից սերող իր մարմնավորած կերպարներին բնական առոգանություն ու շունչ հաղորդած Հասմիկ Պապյանը, հայտնի է, ամենամեծ ուրախությունն է ապրում, երբ իրեն հասցեագրված մամուլի գովեստի մեջ շեշտված է տեսնում Հայաստան անունը: Տարբեր դերակատարումներով Վիեննայի Շտատսօպերի բեմ է բարձրացել 60-ից ավել անգամ: 2013-ի հունվարի 19, 23, 27, 30-ին այս պատվավոր թատրոնում նրան էր վստահվել կերտել Լիզայի դերերգը Չայկովսկու «Պիկովայա դամայում»: Նրանք, ովքեր դիտել են Փարիզի Բաստիլ օպերայի 2007-ի բեմադրության DVD տարբերակը, որտեղ Պապյանի Լիզան ամբողջանում է Գալուզինի Հերմանի հետ, կարող են փաստել, որ այս դերակատարումը Հասմիկ Պապյանի մեծ ներդրումն է ռուս մշակույթի գանձարանում: Հասմիկը հիմա նոր դեր է սովորում, ուստի բավարարվենք վերջին բեմելի առիթով նրան մի քանի հարց ուղղելով:
- «Պիկովայա դաման» ինձ համար շատ ծանր, յուրահատուկ հիշողությունների հետ է կապված: Առաջին անգամ 2002-ին Տորոնտոյում պիտի երգեի: Կանադայում էի մայրիկիս, Սիրանույշիս հետ: Պրեմիերայից առաջ 3 օրով գնացի անկողնուն գամված հայրիկիս տեսնելու, հրաժեշտ տալու: Շատ ծանր հիշողություններ են: Այս ստեղծագործությունը նաեւ շատ հոգեհարազատ էՙ որպես ռուսական մշակութային գանձ. ամեն դեպքում մեծացել ենք ռուսական հարուստ մշակույթի, ավանդույթների ազդեցության տակ: Այդ իմաստով ինձ համար բացառիկ դերերգ է: - Ձեր խաղընկեր Հերմանները տարբեր մեծության աստղեր են եղելՙ Մադրիդումՙ իսպանացի Պլասիդո Դոմինգոն, Փարիզի Բաստիլումՙ ռուս Վլադիմիր Գալուզինը, Վիեննայումՙ ամերիկացի Նեյլ Շիքոֆֆը: Իհարկե ազգային մշակույթը ներկայացնելու համար այդ լեզվի կրող, այդ ոգին ընկալող Գալուզինն երեւի անմրցակից է, բայց ի՞նչ կարծիք ունեք Ձեր ամերիկացի խաղընկեր Շիկքոֆֆի մասին: Հասկանում, լրացնու՞մ է Ձեզ: - Այդ դերում իհարկե Գալուզինն անփոխարինելի է ինձ համար: Նա բացառիկ երեւույթ է ընդհանրապես, բնածին տաղանդ ունի թե՛ խաղալու, թե՛ երգելու: Սիբիրից է, իր ռուսական հոգով, ոգով... անփոխարինելի խաղընկեր է: Գալուզինի հետ բացի «Պիկովայա դամայից», «Տոսկա» եմ երգել, բազմաթիվ «Աիդաներ», իր հետ «Լա Սկալայում» երգել եմ Մուսորսկու «Խովանշչինայում»: Գալուզինն անկրկնելի է: Իհարկե լեզուն շատ կարեւոր է: Շիքոֆֆը շատ գեղեցիկ ձայն ունի, շատ մեծ փորձառություն, բայց արդեն 63 տարեկան է: Իհարկե Հերման երգելը շատ դժվար է, սա համարվում է ռուսական Օթելլո, բայց ներկայացման մեջ ինձ պակասում է ռուսերեն բառի արտասանությունը: Բոլորն էլ սովորել, մեծ ջանք են թափել, չեմ կարող ուրանալ, բայց բոլորովին տարբեր է, երբ երգիչն այդ լեզվի կրողն է: Մադրիդում Կոմսուհու դերերգը կատարում էր Ելենա Օբրազցովան, Բաստիլումՙ Ելենա Բոգաչյովան, իսկ Վիեննայումՙ Գրեյս Բամբրին: Նա մեծ երգչուհի է, մեծ հետք է թողել օպերային արվեստում, բայց իհարկե Օբրազցովայի կամ Իրինա Բոգաչյովայի հետ չես համեմատի, թեպետ իհարկե 79 տարեկանում նոր դերերգ սովորելը շատ մեծ հերոսություն է, մանավանդՙ ռուսերեն: Իսկ ամենաառաջին Կոմսուհին Ջուդիթ Ֆոստերն էր, որ հայտնի մեցցոսոպրանո է: Այստեղ լեզվի իմացությունը շատ կարեւոր է: - Լեզվի միջոցով կերպարը լիովին զգալու խնդիրը կա: - Այդ մելամաղձը, այդ տխրությունը, այդ ողբերգությունը, մարդկային այդ հոգեբանությունը: Պիտի երկիրը ճանաչես, այդ երկրի մարդկանց, պատմությունը իմանաս անցյալից մինչեւ այսօր: Այս ստեղծագործությունն այսօր էլ շատ արդիական է, չի սպառում իրեն: - Արդիական հենքն է նաեւ բուլղար բեմադրիչ Վերա Նեմիրովային հուշել ժամանակակից բեմադրություն իրականացնել: - Փոխադրված է հետխորհրդային ժամանակաշրջան, փորձել են ցույց տալ հետխորհրդային Ռուսաստանի թերությունները: Գաղափարը լավն է, բայց արտահայտչամիջոցներն աղքատ են, որովհետեւ դա այնքան մեծ գիտելիք է պարունակում իր մեջ: Բուլղարացի ռեժիսորը բավականին հետաքրքրական գործեր ունի, բայց սա 50:50 է, հաջողված համարել չեմ կարող, որովհետեւ անսպառ երեւակայությունը, գիտելիքները, կյանքի փորձը բեմ բերելու առիթ կար, ու կարծում եմ, բոլորովին չի հաջողվել իրականացնել: - Հասմիկ, Ձեզ միշտ ոգեւորում է մամուլի քննադատականներում առկա «հայ երգչուհի», կամ «Հայաստանում ծնված երգչուհի» արտահայտությունը: Այս անգամ էլ շատ հուզվել էիք, ավստրիական մամուլում Լիզայի բարձրորակ Ձեր կատարման գնահատականում գտնելով այդ շեշտվող, անփոխարինելի բաղադրիչը: Սա օտարներին ուղղորդո՞ւմ է մեր երկիրը ճանաչելու: - Դա է իմ ուրախության միակ առիթը: Նախեւառաջ ասեմ, որ հայերին այդքան էլ չի հաջողվում այսպիսի բարձր բեմեր նվաճել այսպիսի դերերգով, իսկ չկամների մեջ հարց է արթնանումՙ ինչո՞ւ պիտի հայ երգչուհին ռուսական օպերա երգի: - Այն պարագայում, երբ աշխարհում քիչ չեն ռուս սոպրանոները: - Սա ինձ համար հաղթանակի մի մասն է այն պարագայում, երբ քննադատն ասում է սլավոնական ձայնՙ հրաշալի առոգանությամբ: Իհարկե հաճոյախոսություն եմ համարում. իտալական օպերաներ կատարելիս համարվում է իտալականՙ վերդիական ձայն, երբ երգում եմ ռուսականՙ սլավոնական է նկատվում, սրան հավելածՙ «հմայիչ հայուհի » արտահայտությունը: - Դուք Վիեննայի Շտատսօպերում 7-րդ դերերգով եք բեմ բարձրանում: Շտատսօպերը մի բեմ է, ուր պատահական արտիստներ չեն լինում: Ասում եք շատ լավ ձայներ ունենք, բայց որքան հետեւում եմ, այսպիսի բարձրակարգ բեմերում նրանց չեմ գտնում: Վիեննայում ապրելով Դուք ավելի լավ գիտեքՙ Վիեննայի Շտատսօպերն ո՞ւմ է հյուրընկալում, ովքե՞ր են հայերից երգել այս բեմում: - Հայերից այստեղ շատ են երգել Սոնա Ղազարյանը, Կարպիս Բոյաջյանը, Թումաճյանը: Գիտեք, այսօր Վիեննայում նաեւ շատ անարժան երգիչներ են երգում, դա էլ է լինում: Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ դրամը պակասել է, եւ երիտասարդ անփորձ երգիչներին շատ քիչ են վճարում եւ օգտագործում: Եվ հակառակըՙ 79 տարեկան երգչուհինՙ Գրեյս Բամբրին, որի ձայնն արդեն դուրս չի գալիս, չի կարող քայլել, այս բեմում է, իսկ դա մյուս կողմից վատ չէ այն տեսակետից, որ ավանդույթներն են պահպանվում: Այնպես որ չեմ կարող ասել, թե չկան հայ արժանի երգիչներ, որ կարող են երգել այս բեմում, վստահ եմՙ կան, բայց երգիչներիՙ կազմ ընդգրկելու քաղաքականությունը, նաեւՙ շատ տարբեր գործոններ կան, որ այսօր դժվար է ասելՙ ով է լավ երգիչ: Չափանիշները մի քիչ փոխվել են: - 2012-ի նոյեմբերի 25-ին Լայպցիգի Գեվանդհաուսումՙ ճանաչված ու հայերիս համար նաեւ նվիրական մի համերգասրահում, ուր Օհան Դուրյանի ոտնահետքն ու շունչը կա, երգեցիք մեզանում գրեթե անծանոթ Յանաչեկի «Գլագոլիտյան պատարագը»: Այս ստեղծագործությունն ընդհանրապես հազվադեպ է կատարվում: - Սա մի նոր քայլ էր ինձ համար: Այս պատարագն իսկապես շատ հազվադեպ է երգվում, թեպետ ստեղծագործությունն այնքան ժամանակակից է, կարծես երեկ է գրվել: Կարող էր նաեւ մեկ դար առաջ գրված լիներ, միեւնույն էՙ Ժամանակին համահունչ է: Համամարդկային է: Բացառիկ ստեղծագործություն է: Այնքան կուզենայի, որ այս ստեղծագործությունը Հայաստանում հնչեր, անընդհատ մտածում էի, որ Հայաստանի ակադեմիական երգչախումբը, մաեստրո Չեքիջյանը պիտի ուզենար իր հազարից ավելի ստեղծագործությունների կողքին կատարել նաեւ Յանաչեկի պատարագը: Իհարկե նվագախմբի կազմը շատ մեծ է, հարուստ, դժվար է իրագործել, բայց ցանկության դեպքում կարծում եմ կարելի է դա կատարել Հայաստանի հանդիսատեսին հոգեպես, բարոյապես հարստացնելու մեծ նպատակի համար: Նկար 1. Հասմիկ Պապյանըՙ Գրեյս Բամբրիի հետ թեւանցուկ: |