RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2092, Տպվել է` 336, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ` Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Պարզաբանումներ է ներկայացնում պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը

Այս տարվանից հարկային դաշտում երկու արմատական փոփոխություներ են ուժի մեջ մտել, ինչը հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացրել: Առաջինը եկամտահարկի եւ սոցիալական վճարի միասնականացումն էր` եկամտային հարկի տեսքով, ապա այդ հարկատեսակի էլեկտրոնային հաշվետվություններին անցնելը: Երկրորդը փոքր բիզնեսի` մինչեւ 58 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողների համար նոր հարկատեսակի` շրջանառության հարկի ներդրումն էր: Դրանց մանրամասներին մեր թերթում առիթ ունեցել ենք անդրադառնալու, իսկ այս փուլում առաջացած խնդիրների պարզաբանման համար դիմեցինք պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Վախթանգ Միրումյանին.


- Եկամտային հարկին անցնելու համար անհրաժեշտ նույնականացման քարտերն ու էլեկտրոնային ստորագրությունները հազարավոր հարկատուներ չեն հասցրել ստանալ եւ հիմնականում ոչ իրենց մեղքով: Պետական մարմիններում տեխնիկական խնդիրների պատճառով այդ գործընթացը ձգձգվեց: Սակայն շուտով, մինչեւ փետրվարի 20-ը, հարկատուները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով հունվար ամսվա եկամտային հարկի հաշվետվությունները: Նկատի ունենալով գործընթացի ձգձգվելը, հնարավո՞ր է, որ հաշվետվությունները ներկայացնելու ժամկետը երկարաձգվի:

- Եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանված է օրենքով: Հունվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունները պետք է ներկայացվեն մինչեւ փետրվարի 20-ը: Օրենքի փոփոխության առաջարկ այս պահին չկա, հետեւաբար այդ վերջնաժամկետը ուժի մեջ է եւ գործելու է:

Դեռեւս ժամանակ կա, որպեսզի հարկատուները հասցնեն ստանալ նույնականացման քարտերն ու էլեկտրոնային ստորագրությունները: Մենք հույս ունենք, որ նրանք կհասցնեն այդ ժամկետին, քանի որ, փորձը ցույց է տալիս, ժամկետի վերջում այդ քարտերն ավելի մեծ քանակով են սկսում ստանալ:

- Իսկ եթե այնուամենայնիվ չհասցնեն, տուգանքի՞ կենթարկվեն:

- Ուշացնելու համար նախատեսվում են վարչական տուգանք եւ հարկային տուգանք: Հարկային տուգանքը հաշվարկվում է հաշվետվությունում ներկայացված գումարի 5 տոկոսի չափով, իսկ վարչական տուգանքը` յուրաքանչյուր 15 օր ուշացնելու համար 20 հազար դրամ:

- Եկամտային հարկի ի՞նչ դրույքաչափ է վճարվելու, եթե անձն աշխատում է գործարքային հիմունքներով, ոչ որպես մշտական աշխատող:

- Նույնը, ինչ պայմանագրային աշխատողների համար:

- Շրջանառության հարկը նոր հարկատեսակ է: Ի՞նչ պարբերականությամբ է վճարվելու այն` եռամսյակայի՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան: Նույնը նաեւ հաշվետվությունների հետ կապված` ի՞նչ պարբերականությամբ դրանք պետք է ներկայացվեն:

- Շրջանառության հարկը վճարվելու է եռամսյակային կտրվածքով: Այս հարկը վճարողների համար վերացվել է նաեւ ամսական տեղեկատվություն ներկայացնելու պահանջը` կապված ՀԴՄ-ների հասույթների հետ: Մինչ այդ նրանք ՀԴՄ-ների շրջանառության վերաբերյալ ամսական հաշվետվություններ էին տալիս: Շրջանառության հարկի ներմուծմամբ այդ 12 հաշվետվությունները վերացվել ենՙ դառնալով 4-ը, որոնց մեջ ներառվելու են ՀԴՄ-ի ֆիսկալ ցուցանիշները: Եվ հաշվետվությունը, եւ վճարումը պետք է կատարվեն մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:

- Իսկ եթե կազմակերպությունն աշխատում է միայն անկանխիկ եւ չունի ՀԴՄ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացնելու:

- Եթե չունի ՀԴՄ եւ աշխատում է անկանխիկ, ապա ՀԴՄ-ի մասով հաշվետության մեջ ոչինչ չի նշվի:

- Դրամարկղային գրքույկը ե՞րբ եք վերացնելու:

- Լավ կլինի, իհարկե, որ կանխիկը վերանա: Ինչ վերաբերում է դրամարկղային գրքույկներին, ապա այստեղ նախատեսվում է 2014-ից անցում կատարել էլեկտրոնային դրամարկղին: Եթե կազմակերպությունը չի աշխատում կանխիկ, չունի ՀԴՄ, հետեւաբար անհրաժեշտություն չկա դրամարկղային գրքուկ ունենալու:

- Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ պաշտոնյաների կողմից հայտարարվեց, որ շրջանառության հարկին անցելը պարտադիր չէ, բայց հարկային ծառայութունում հարկատուներին ասում են, որ պարզեցված շահութահարկի դաշտից պետք է անցնեն շրջանառության հարկին կամ էլ ավելացված արժեքի հարկին: Ի՞նչ է սա նշանակում:

- Անցումը շրջանառության հարկին կամավոր է այն իմաստով, որ եթե հարկատուն չի ցանկանում աշխատել շրջանառության հարկով, կարող է անցնել ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի դաշտ: Շրջանառության հարկի ներդրման գաղափարն այն է, որ մենք, որպես վարչարարություն իրականացնող մարմին, հեռու մնանք փոքր բիզնեսից: Շրջանառության հարկը պարզ դաշտ է, մեր գործառույթը սահմանափակվում է շրջանառությունը ամրագրելով: Մենք չենք խորանում ծախսերի նվազեցման կարգի, հաշվապահական հաշվառման մեջ: Եվ ընդհանրապես, փոքր բիզնեսի նկատմամբ վարչարարությունն անիմաստ է: Բացի դրանից, եթե լիներ ավելացված արժեքի հարկի դաշտ, պարզեցված շահութահարկի դաշտ եւ շրջանառության հարկի դաշտ, ապա բիզնեսն ինքը կխճճվեր դրա մեջ:

- Այսինքն, պարզեցված շահութահարկի դաշտն այլեւ չի գործելու:

- Ոչ, չի գործելու: Փոքր բիզնեսի համար գործելու է շրջանառության հարկը:

- 2012-ի պարզեցված շահութահարկի տարեկան հաշվետվության ներկայացման եւ տարեկան շահութահարկի վճարման ժամկետները մնացել են նո՞ւյնը:

- Այո, մինչեւ ապրիլի 15-ը:

- Հարկատուների համար էլեկտրոնային եղանակին անցնելը դժվարություններ չի՞ առաջացնի նրանց համար, լրացուցիչ մասնագիտական օգնության կարիք չե՞ն ունենա:

- Հատուկ գիտելիքների կարիք չկա եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային եղանակից օգտվելու համար, իսկ շրջանառության հարկը շատ հեշտացնում է հարկատուների գործը: Նրանք նշելու են միայն իրենց շրջանառությունը, եւ հարկի չափը ծրագրով արդեն կհաշվարկվի եւ կերեւա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ