ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» ՆԱԽԱԳԻԾԸ Մ. Հ. Փետրվարի 13-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Ուսանողականի ֆիլհարմոնիա» նախագծի հանդիսավոր բացումը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում նրբաճաշակ եւ բարձրորակ երաժշտությունը ճանաչելի եւ սիրելի դարձնել: «Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացման հանդիսությանը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ուսանողական ֆիլհարմոնիայի նպատակն է, որպեսզի համերգները վերածվեն դասերի եւ յուրաքանչյուր դաս-համերգի ընթացքում բանախոսը կներկայացնի, կմեկնաբանի ստեղծագործության յուրաքանչյուր հատված: Ուսանողական ֆիլհարմոնիա նախագծի գաղափարը ծագել է տարիներ առաջ, սակայն այսօր այն այլեւս իրականություն է: Դասական երաժշտությունը մնայուն արժեք է, որը փոխանցվում է սերնդեսերունդ, ինչի ապացույցն է մեր դասական երաժշտության մշակութային ժառանգությունն ու հարստությունը: Ժառանգորդման շղթան չխափանելու նպատակով երիտասարդներին պիտի ճանաչելի եւ սիրելի դարձնենք դասական երաժշտությունը: Եվ ահա Հայաստանի Ֆիլհարմոնիայի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի նպատակները համընկան ուսանող-երիտասարդությանը ընդգրկել բարձրաճաշակ երաժշտության ունկնդրմանը: Նախագիծը կրելու է շարունակական բնույթ: Մուտքն` անվճար: «Ուսանողական ֆիլարմոնիա» նախագիծն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: |