RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2610, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՀԱՅՐԻԿՅԱՆԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՅԻ ԱՎԱՐՏԸ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՁԳՎԻ

Հունվարի 31-ին ներքաղաքական կյանքում սկսվեց թատերական մի ներկայացում, որի համահեղինակը դարձավ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թե ո՞վ է մահափորձի պատվիրատուն եւ ինչո՞ւ գնդակն ուղղվեց Հայրիկյանի աջ ուսինՙ փորձում են պարզել իրավապահ մարմինները: Այստեղ հետաքրքրականն այլ է. ինչպե՞ս կարողացավ Հայրիկյանն իր դեմ կատարված մահափորձը դարձնել համընդհանուր քննարկման առարկա: Երբ Հայրիկյանը հիվանդանոցում էր, կատարվածի վերաբերյալ լրջությունն ու ուշադրությունը հասել էր գագաթնակետին: Սակայն Հայրիկյանի անդադար հարցազրույցները կասկածի տեղիք տվեցին: Ինչպե՞ս մարդը, որ հրազենային վնասվածք է ստացել, վիրահատվել, կարողանում է վիրահատությունից մի քանի ժամ անց զրուցել լրագրողների հետ: Հայրիկյանը մանրամասն նկարագրում էր, թե ինչպես են իր վրա կրակել ու մարդասպանն ինչ դիմագիծ ուներ:

Մահափորձից շոու սարքելու հայրիկյանական մտադրությունները բարձրակետում էին, երբ իր փաստաբանի ասուլիսին հայտնվեց վիրավոր թեկնածուն եւ իր համակիրների ծափողջույնների ներքո հայտարարեց, որ իր դեմ մահափորձը կազմակերպել են «ռուսական իմպերիալիզմի» հետեւորդները: Սակայն նրանց մտադրությունը չհաջողվեց: Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան եւ ընտրությունները չեն հետաձգվի: Այս հայտարարությունից երկու օր էր անցել, երբ Հայրիկյանի շտաբից «Ազգ»-ին հայտնեցին, որ չեն բացառում Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը: Շուրջ երկու օր Հայրիկյանի շտաբից իրարամերժ հայտարարություններ էին հնչումՙ մեկ Հայրիկյանը դիմում էր ՍԴ, մեկ հրաժարվում, մեկ սպասում էր փաստաբանին, եւ այդպես շարունակ: Մինչ Սահմանադրական դատարան դիմելը Հայրիկյանը հայտարարություն տարածեցՙ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին:

Նա առաջարկում էր ընտրություններին հաջողության հասնելու համար միավորվել եւ միասնական թեկնածուով հանդես գալ: Եթե ընդդիմադիր թեկնածուները համաձայն են, ապա ինքը համաձայն է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնել եւ ընտրությունները հետաձգել երկու շաբաթով:

Հայրիկյանի հայտարարությունը նախագահի թեկնածուներն ըստ էության թողեցին անպատասխան, իսկ վիրավոր թեկնածուն կիրակի ցերեկըՙ ժամը 15:30-ին այցելեց Սահմանադրական դատարան ու դիմում ներկայացրեց ընտրությունները հետաձգելու պահանջով: Սահմանադրական դատարանում չէին հասցրել ուսումնասիրել դիմումը, երբ Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջը: Հայրիկյանի շտաբից հերքում են, թե դիմումը հետ վերցնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կիրակի երեկոյան Հայրիկյանին կարճ ժամանակահատածով այցելել է ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Շտաբից միայն ասացին, որ միասնական թեկնածու չձեւավորվեց, դա է պատճառը, որ Հայրիկյանը դիմումը հետ է վերցրել: Ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ Հայրիկյանի ինքնազգացողությունը լավ է, եւ նա երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից: Այսօրՙ ժամը մեկին ԱԻՄ առաջնորդը հրավիրել է մամուլի ասուլիս, որտեղ պարզաբանումներ կտա իր մահափորձի ոդիսականի, առողջական վիճակի եւ փոփոխվող որոշումների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ