ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՒՐԱԽ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԵՎ ՄՏԱՀՈԳ` ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ Ա. Մ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներին: Արձանագրելով, որ տարին սկսվել է բարձր տնտեսական աճով, նա միաժամանակ մտահոգություն հայտնեց տնտեսական աճի կառուցվածքի առնչությամբ: «Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսեւորել, եւ մենք պետք է պահպանենք այդ տեմպերը 2013 թվականին: Բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը. 2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրեցինք անկման միտումը շինարարության ոլորտում եւ արձանագրեցինք տարվա արդյունքներով կեստոկոսանոց աճ շինարարության ոլորտում: Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, եւ հասկանալի է, որ 2013 թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում», նշեց վարչապետըՙ հանձնարարելով էկոնոմիկայի, քաղաքաշինության, ֆինանսների նախարարություններին Կենտրոնական բանկի հետ շինարարության ոլորտի վերաբերյալ խորհրդակցություն կազմակերպել, հրավիրել ոլորտի բոլոր ակտիվ մասնակիցներին եւ հասկանալ, թե պետությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի շինարարության ոլորտում աճի նորմալ, բնականոն ծավալներ ունենալու համար: |