RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1210, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 54

14 ԿԵՏ` ՈՐՊԵՍ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Չնայած 2012 թվականի մայիսի խորհրդարանական եւ 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, թափանցիկ էին, Հայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ, դեռեւս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապեսՙ օրենսդրություն ընդունելու եւ ի կատար ածելու առումներով», այսպիսի ընդհանրացմամբ է ներկայացվել Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման առաջընթացը 2012 թ.-ին:

Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը մարտի 20-ին Բրյուսելում հրապարակել են «Հարեւանության ամենամյա փաթեթը», որը ներառում է համատեղ ուղերձ` «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը», Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության եւ համատեղ բարգավաճման» զեկույցը հարավային միջերկրական երկրների հետ, Արեւելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12 երկների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը եւ վիճակագրական ներդիր:

Փաստաթղթի համառոտագրի համաձայն, Հայաստանի կառավարության հետ քաղաքական երկխոսությունը 2012 թվականին խորացել է. «ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի («ԱՀ»), ներառյալՙ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու («ԽՀԱԱԳ») բանակցությունները լավ տեմպով առաջ ընթացան: Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն եւ կառուցվածքային բարեփոխումներ իրագործել: Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման եւ սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ»:

Այս ամենին հետեւում է 14 կետից բաղկացած, մեղմ ասած, առաջարկությունների ցուցակ` «Հայաստանին կոչ է արվում» մատուցմամբ: Ըստ այդմ, կոչ է արվում լրացուցիչ քայլեր ձեռնարկել 2012 թվականի մայիսի խորհրդարանական եւ 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների վերաբերյալ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբՙ ի կատար ածելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, այդ թվումՙ նախագահական ընտրությունից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունը»:

Կոչ է արվում նաեւ ամբողջությամբ հետաքննել «2008 թվականի մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերը, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի եւ արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները», ապահովել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրագործումը, ձեւակերպել, ընդունել եւ ի կատար ածել հարակից Միջոցառումների ծրագիրը:

Եվրոպական հանձնաժողովը ակնկալում է Հայաստանից, որ նոր թափ հաղորդվի Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ Ադրբեջանի հետ գործադրվող ջանքերինՙ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառություններին համահունչ, ինչպես նաեւ ապահովելու ԵՄ-ի ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջաններն անարգել այցելելու հնարավորությունՙ «հակամարտության վերափոխման աշխատանքներին սատարելու նպատակով, Մինսկի խմբի գործունեությունը լիովին փոխլրացնելու կարգով»:

Թեեւ վերջինը, ինչպես եւ հաջորդ կետն առավելապես պետք է Ադրբեջանին վերաբերեն, այդուհանդերձ, փաստաթուղթը Հայաստանին կոչ է անում «նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, խրախուսել եւ օժանդակել խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացմանը»:

Մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացման համար եւ դրանցով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ մեկտեղ զեկույցը շեշտում է կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի խորացման կարեւորությունը`«այդ թվումՙ կյանքի կոչել 2012 թվականին ընդունված օրենքները եւ զարգացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պետական հանձնաժողովի կարողությունները, անկախությունը եւ թափանցիկությունը»:

Առանձնակի ընդգծվել է, որ պետք է աշխատել «Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ եւ ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիրՙ հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները»:

Այս ամենն ընդհանրացվել է նաեւ այն մոտեցմամբ, որ 2012-ին ԵՄ-Հայաստան համագործակցության տարբեր ոլորտներում «նախաձեռնված, հաջողությամբ իրականացված կամ հետաձգված բարեփոխումների», «բավական թափանցիկ եւ մրցակցային խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու» կողքին «լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռեւս բավարար չէ, սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության եւ քաղաքացիական հասարակության համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ