ԴԻԱՐԲԵՔԻՐՆ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՕՋԱԼԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ Հ. ՉԱՔՐՅԱՆ Առաջնորդը PKK-ին կոչ արեց վայր դնել զենքն ու հեռանալ Թուրքիայի սահմաններից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ավելի քան բուռն հակազդեցությանն ու «դավաճանի» որակումներին դիմակայելու գնով, շարունակել իր բանակցությունները Մարմարա ծովի Իմրալի կղզում կալանված PKK-ի առաջնորդիՙ Աբդուլլահ Օջալանի հետ: Շաբաթներ տեւող բանակցությունների ավարտին սպասվում էր, որ Օջալանը հանդես գա ամփոփիչ հայտարարությամբ: PKK-ի առաջնորդը նախապես հայտարարել էր, որ ինքը հայտարարությամբ հանդես է գալու մարտի 21-ին, Նովրուզի տոների կապակցությամբ, եւ այդ հայտարարությունը ընթերցվելու է Դիարբեքիրում: Օգտվելով առիթից, նշենք, որ Դիարբեքիրը քրդական շրջանակներում վայելում է Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաքի համարում եւ մեծապես քրդաբնակ է: CNN-Turk-ի վկայությամբ, երեկ Դիարբեքիրի կենտրոնական հրապարակում հավաքվել են տասնյակհազարավոր քրդեր, որոնց ձեռքի եղել է Քուրդիստանի դեղին, կարմիր, կանաչ գույներով դրոշը, Օջալանի պատկերով պաստառներ, «Ազատություն Օջալանին» մակագրությամբ ցուցանակներ, որտեղ էլ հնչել է PKK-ի առաջնորդի երկլեզու հայտարարությունը: Տեքստի քրդական տարբերակն ընթերցել է Փերվին Բուլդանը, իսկ թուրքերենըՙ Սըրրը Սուրեյա Օնդերը, երկուսն էլՙ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ: Ահա թե ինչ է ասել Օջալանը. «Նովրուզի առթիվ ողջունում եմ բռնադատվածներին: Իմ ընդվզումն ուղղված էր տգիտության, ստրկության եւ հուսահատության դեմ, այլ ոչ թե էթնիկ խմբավորման կամ որեւէ կրոնի: Այսօր սկզբնավորվում է նոր գործընթաց: Մենք անձնազոհության են գնացել հանուն մեր ժողովրդի, շնորհիվ դրա քրդերը կարողացան վերահաստատել իրենց ինքնությունը: Փորձ արվեց, որ արաբները, պարսիկները, թուրքերն ու քուրդերը անխնա մորթեն իրար: Ո՛չ ենք ասում պատերազմին եւ այդ կարգի կեղտոտ խաղերին: Թո՛ղ առաջին պլան դուրս գա ոչ թե զենքը, այլՙ քաղաքականությունը: Սկսվում է ժողովուրդների դեմոկրատացման, ազատության եւ իրավահավասարության շրջանը: Այլեւս զենքը թող լռի: Թուրք եւ քուրդ ժողովուրդները թող հեռու մնան արյունահեղությունից: Վայր դրե՛ք ձեր զենքը եւ հեռացե՛ք երկրի սահմաններից: Զինված պայքարից անցնում ենք քաղաքական պայքարի: Ժամանակի հրամայականը պատերազմը կամ կռիվները չեն, այլ դաշինքն է ու միմյանց հետ գրկախառնվելը: Այս կոչը պայքարից հրաժարվել չի նշանակում, պարզապես սկիզբն է դնում նոր պայքարի»: Օջալանի Դիարբեքիրում ընթերցված հայտարարությունը լայն արձագանք է գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Թուրքիայի ազգային մեծ ժողովը դրան արձագանքել է բուռն հակազդեցությամբ, մատնացույց անելով, որ հրապարակում հնչել է միայն PKK-ի հիմնը եւ չի բարձրացվել գեթ մեկ թուրքական դրոշ: Աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներից «Գարդիանը» Օջալանի խոսքերին անդրադարձել է. «Օջալանը զինադադար հայտարարեց», «Ռոյթերը»ՙ «Օջալանը երկրից դուրս գալու կոչ արեց», ֆրանսիական AFPՙ «Քրդերի հետ հաշտությունը Էրդողանին կդարձնի Թուրքիայի Լինկոլնը», «Ալ Ջազիրան»ՙ «PKK)ի առաջնորդի զինադադարի կոչը», «Շպիգելը»ՙ «Օջալանը «հրաժեշտ զենքին» ասաց», «Ուոլ սթրիթ ջոռնըլը»ՙ «Հակամարտության կարգավորման եզրափակիչ փուլ» վերնագրերով: |