ԿՆԵՐԵՔ, ԵՍ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ՉԵՄ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյուր Յորք Արդյոք կյանքում իմացե՞լ են միմյանց պատմական գրեթե նույն ժամանակում ապրած եւ ազատագրական պայքարի հակադիր ճակատներում պայքարած Գարեգին Նժդեհն ու հեղափոխական Սուրեն Սպանդարյանը: Ճակատագրի հեգնանքով այս երկու անուններն ահա ավելի քան երկու տասնամյակ փոխկապակցված են Երեւանի Երրորդ մասի հրապարակում: Անունըՙ Նժդեհի անվան հրապարակ, արձանը ՙ Սուրեն Սպանդարյանի: Աբսուրդ, ինչը ծիծաղելի է ու նաեւ տխուր: Սա նույնքան անհեթեթ է, որքան եթե Սախարովի անվան հրապարակում լիներ Բրեժնեւի արձանը: Ի դեպ, լավ հարց «Ինչը՞, ե՞րբ, որտե՞ղ» հեռուստախաղի գիտակների համար. «Ո՞ւմ անունն է կրում երեւանյան այս հրապարակը եւ ո՞ւմ արձանն է սա»: Հաստատ չեն կարողանա պատասխանել: Եվ ցավալին այն է, որ ահա ավելի քան քսան տարի տեւող այս անկապությանը երեւանցիներն արդեն սովորել են: Մի ամբողջ սերունդ է աճել, որ ի դեմս շինելն ուսերին վեհորեն կանգնած արձանի ճանաչում է էլ ում, եթե ոչՙ Գարեգին Նժդեհին: Նույնիսկ ճարտարապետներն են արդեն շփոթում: Քսան տարի առաջ, երբ նոր էր տեղադրվել արձանը, լրագրողներս հենց այսպիսի ապագա էլ կանխատեսում էինք: Մամուլով, հեռուստատեսությամբ գրական բոլոր ժանրերը սպառեցինքՙ սարկազմ, սատիրա, ֆարս, ֆելիետոն... իզուր: Արձանի հեղինակներից մեկը մեր զրույցում ասաց, որ արձանի վրա շատ գումար է ծախսվել, եւ մինչեւ ծախսը «դուրս չգա», այն չի հանվի: Քանի՜ քաղաքապետներ ու գլխավոր ճարտարապետներ փոխվեցին այս երկու տասնամյակների ընթացքում, սակայն ամոթալի այս երեւույթը ոչ մեկը ի զորու չէ վերացնել: Երեւանցիների սիրված վայրերից էր այս հրապարակը տասնամյակներ առաջ, ուր ձկնակերպ արձանիկներից բխող շատրվանների ձայնին խառնվում էին մեծ ու մանուկի խոսքն ու ծիծաղը: Բրոնզաձույլ զարդաքանդակներն ու շատրվանները ապամոնտաժեցին, հանվեցին տրամվայի գծերը: Տեղը զիջվեց մետրոպոլիտենին: Հրապարակի եռուզեռը լռեց ու մտավ ստորգետնյա խանութներ ու տոնավաճառներ: Մետրոյի Երրորդ մասի կայարանը կոչվեց Սուրեն Սպանդարյանի անվամբ, հրապարակն էլ պետք է համահունչ լիներ: Պակասում էր միայն արձանը: Խորհրդային շրջանի վերջին տարիներն էին: Դարակազմիկ փոփոխությունները հաջորդում էին միմանց: Արցախյան շարժում, խորհրդային համակարգի փլուզում, հայ ազգային ինքնության զարթոնք ու ընդվզում: Արձանը պատրաստ էր, իսկ դրսում արդեն փողփողում էր հայոց եռագույնը: Ի՞նչ անել, արձանի վրա ահագին ծախս էր արված... Գիշերով, ժողովրդի աչքից թաքուն, այնուամենայնիվ, տեղադրվեց պատվանդանին: Հետո հրապարակը վերանվանվեց Գարեգին Նժդեհի անվամբ, իսկ արձանը... դե, մի քիչ դիմագծերը կփոխենք, կսիրունացնենք, կնմանեցնեն Նժդեհին, կատակում էին ոմանք: Խոսքս ամենեւին հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի դեմ չէ: Քավ լիցի: Մեծ հարգանք ներշնչող մի անունՙ սկզբունքային հեղափոխական, խմբագիր, բազմաթիվ լեզուների տիրապետող մտավորական, սակայն ի՞նչ վաստակ է ունեցել նա հայ ժողովրդի կյանքում: Թերեւս լեգենդար Կամոյի, Գայի, Շահումյանի մասին շատ ավելին գիտենք... Խոսքս հանուն հայոց Սպարապետ Գարեգին Նժդեհի է: Այսպե՞ս եք հարգում մեծ հայապաշտի երախտիքը: Չլիներ ցեղապաշտ Նժդեհը, Սյունիքն ու Զագեզուրը կունենային Նախիջեւանի ճակատագիրը, իսկ Ղարաբաղը... Հարկավոր է ի վերջո շտկել այս անհեթեթությունը, ինչը պատիվ չի բերում իր չորսհազարամյա տարեդարձին մոտեցող աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկին: Եթե արձանը չի փոխվելու, ուրեմն հրապարակը կրկին պետք է կրի Սուրեն Սպանդարյանի անունը, եթե ոչ, ապա իր անվան հրապարակում պետք է լինի իրՙ Գարեգին Նժդեհի արձանը: Իսկ Սպանդարյանի արձանի համար կարելի է գտնել մեկ այլ վայր: |