ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄԸ Մարտի 26-ին չեխերի հետ Երեւանում կայանալիք ընտրական մրցախաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ «Հանրապետական» մարզադաշտում իր վերջին փորձամրցումն անցկացրեցՙ ուժերը չափելով երիտասարդական հավաքականի հետ: Նախապես ծրագրված էր անցկացնել 3 խաղակես, 30-ական րոպե տեւողությամբ: Սակայն մարզադաշտի լուսավորության համակարգի խափանման պատճառով հանդիպումը տեւեց 2 խաղակես: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս խաղում փորձարկեց ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների մեծամասնությանը: Մեկնարկային կազմում ազգային հավաքականի դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին, աջ պաշտպանի դիրքում խաղում էր Կամո Հովհաննիսյանը, ձախ եզրումՙ Վալերի Ալեքսանյանը: Կենտրոնական պաշտպաններն էին Ռոբերտ Արզումանյանն ու Վարազդատ Հարոյանը: Հենակետայինի դիրքում հանդես էր գալիս Կարեն Մուրադյանը, աջից գործում էր Էդգար Մանուչարյանը, ձախիցՙ Գեւորգ Ղազարյանը: Ենթահարձակվողներն էին Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոսը, իսկ առջեւի գծում գործում էր Յուրա Մովսիսյանը: Խաղն անցավ ավելի փորձառու ազգային հավաքականի ֆուտբոլիստների առավելությամբ, որն ավելի ակնհայտ դարձավ երկրորդ խաղակեսում: Առաջին խաղակեսում հանդիպման 24-րդ րոպեին Մովսիսյան-Մխիթարյան-Մանուչարյան եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինս գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Քիչ անց Կամո Հովհաննիսյանը աջ եզրով սրընթաց անցում կատարեց ու գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ ներխուժած Յուրա Մովսիսյանին, որի գլխով հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Ընդմիջումից հետո երկու հավաքականներում էլ մարզիչները մի շարք փոփոխություններ կատարեցին: Մասնավորապես երիտասարդական հավաքականի դարպասի պաշտպանությունը ստանձնեց Ռոման Բերեզովսկին, իսկ նրա փոխարեն ազգային հավաքականում հանդես եկավ Գեւորգ Կասպարովը: Երկրորդ խաղակեսում ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անգամ գրավել Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Աչքի ընկան Մխիթարյանն ու Մանուչարյանը: Երիտասարդական հավաքականը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Դավիթ Հակոբյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Բնականաբար, հանդիպման արդյունքը առանձնակի նշանակություն չուներ մարզիչների համար: Առավել կարեւոր էր, որ նրանք գործի մեջ տեսան հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին, փորձարկեցին նրանց տարբեր դիրքերում եւ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հուսանք, որ մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կազմ ու պատրաստ կներկայանա չեխերի հետ կարեւոր հանդիպմանը եւ իր հաջող խաղով կուրախացնի հայ երկրպագուներին: |