RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Հիմնախնդիր

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1429, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԱՐՏԱԳԱՂԹԸ, ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գ. Ա. ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ

Արտագաղթը Հայաստանի պատմության անբաժանելի մասն է: Դա համընդհանուր եւ ծանր բնույթ ընդունեց, երբ Հայաստանն անվերադարձ կորցրեց իր անկախ պետականությունը եւ բաժանվեց Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ: Արեւմտյան Հայաստանից հայերի արտագաղթը զանգվածային բնույթ ընդունեց 1915 թվականի ցեղասպանության հետեւանքով: Ձեւավորվեց հայրենիքից դուրս հայկական Սփյուռքը, որում այսօր ապրում է 10 միլին հայերից 7 միլիոնը: Ահա հայ ժողովրդի ժողովրդագրության այսօրվա տխուր ու դառը պատկերը: Այդ իրավիճակը չէր կարող հենց այնպես անհետ անցնել: Հայը դարձավ գաղթականՙ ներառելով հաղթելով ապրելու ազգային հոգեբանություն: Ճիշտ է, Խորհրդային Հայաստանի 1921 թ. մինչեւ 1973 թ. ներգաղթեցին 200 հազարից ավելի մարդ, բայց հայրենադարձությունը հետագա զարգացումներ չունեցավ: Ընդհակառակը, տարբեր պատճառներով, տարբեր ժամանակներում, տարբեր չափերով, նորից տեղ գտան հակառակ միտումները:

Դեռեւս Խորհրդային Հայաստանում ռեսուրսների սակավության պատճառով Ռուսաստանի եւ այլ հանրապետությունների այսպես կոչված «խամ ու խոպան» տարածքներում ամռան ամիսներին, երկար տարիներ, ձեւավորվեց եւ կայացավ (հատկապես գյուղական շրջաններից) ժամանակավոր արտագնա աշխատանքային միգրացիան: Այդ պրոբլեմի մասնագետ Ռ. Ստեփանյանի հաշվարկներովՙ խամ ու խոպան հողերից հանրապետության բնակչության ստացած տրանսֆերտները կազմել են 1960 թ. 486 հազար ռուբլի, 1966 թ. 6039 հազար ռուբլի, իսկ 1969 թ.ՙ 10433 հազար ռուբլի: Նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը նույնպես զերծ չէր արտագնա աշխատանքային միգրացիայից:

Հայաստանում բնակչության արտագաղթի, ներգաղթի եւ աշխատանքային միգրացիոն հոսքերի նոր զանգվածային զարգացումներ դրսեւորվեցին 1988 թ. Սպիտակի երկրաշարժի, Ղարաբաղյան հակամարտության, ԽՍՀՄ փլուզման, Հայաստանի տնտեսական շրջափակման եւ երկրի տրանսֆորմացիոն հանցավոր վերափոխումների, ինչպես նաեւ արցախյան պատերազմի եւ այդ բոլորի արդյունքումՙ երկրի սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի հետեւանքներում:

Սպիտակ 1988 թ. երկրաշարժը խլեց շուրջ 25 հազար հայի կյանք: Շուրջ 200 հազար աղետյալներ (հիմնականում կանայք եւ երեխաներ) տեղափոխվեցին ԽՍՀՄ այլ հանրապետություններ, որոնցից 150 հազարը վերադարձավ Հայաստան, իսկ 50 հազարը կորցրինք: Հետեւաբար, երկրաշարժի աղետի հետեւանքով Հայաստանն ունեցավ 25 հազար զոհ եւ 50 հազար անվերադարձ արտագաղթած, ընդհանուր 75 հազար մարդ: Այդ տարիներին ունեցանք նաեւ Ադրբեջանից եւ ԽՍՀՄ այլ տարածքներից փախստականների մոտ 420 հազար ներհոսք (360 հազար Ադրբեջանից) եւ 170 հազար հայաստանաբնակ ադրբեջանցիների արտահոսք: Դժբախտաբար, Ադրբեջանից Հայաստանում հայտնված փախստականների մեծ մասը 90-ական թվականների Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ծանր պայմանների պարագաներում արտագաղթեց Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ:

Արտահոսքի ծավալներն աճեցին հատկապես 1992-1994 թվականներին: Երկրաշարժի ավերածություններին գումարվեցին ատոմակայանի եւ «Նաիրիտ» արտադրական միավորման հանցավոր փակումը: Դա կաթվածահար արեց երկրի տնտեսությունը, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, հազարավոր մարդիկ դարձան գործազուրկՙ ապրելով ցրտի եւ մթի պայմաններում: Հայաստանի բնակչության համար սոցիալական մեծ աղետ էր բանկերում եւ խնայդրամարկղներում կուտակված շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեքՙ ընտանիքների ավանդների սառեցումը: Սա Հայաստանի բնակչության աննախադեպ ունեզրկում էր, որի պատճառով միջին դաս, փոքր եւ միջին ձեռնարկատիրություն չկայացավ, իսկ սեփականաշնորհումից ստացած վաուչերները, բնակչությունը չնչին գներով, որպես հացի փող, վաճառեց հին ու նոր սերտաճած նոմենկլատուրային: Բնակչության հարստության եւ եկամուտների բաշխման բեւեռացումը ահռելի չափեր ընդունեց: Ըստ 1998-1999 թվականների ՀՀ ազգային վիճակագրական ծառայության իրականացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներիՙ 20 տոկոս ամենաշատ եւ 20 տոկոս ամենաքիչ ապահովված բնակչության եկամուտների տարբերությունը հասավ 32 անգամի (Ռուսաստանի Դաշնությունում ընդամենը 16 անգամի դիմաց, իսկ եվրոպական զարգացած երկրներումՙ շատ ավելի փոքր): Տնտեսական խոր ճգնաժամը, զանգվածային գործազրկությունը, բնակչության ավանդների սառեցումը, նոմենկլատուրային անարդար սեփականաշնորհումը եւ եկամուտների բեւեռացումը բնակչության 56 տոկոսին աղքատացրին, եւ ընդամենը երեք տարում շուրջ մեկ միլիոն մարդ արտագաղթեց երկրից, նրանցից միայն 370 հազարը վերադարձավ: Արտագաղթածներից ավելի քան 610 հազար մարդ կամ երկրի 5 բնակչից մեկը չվերադարձավ: Դա ազգային աղետ էր, երբ ակտիվ տարիքի, միջինից բարձր կրթամակարդակի տղամարդիկ եւ կանայք հայտնվեցին ԱՊՀ երկրներում, հիմնականումՙ Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Իր հետեւանքներով դա ժողովրդագրական ճգնաժամ էր, որը բնութագրվում է կանանց եւ տղամարդկանց բնականոն հարաբերակցության խաթարումով, ամուսնության եւ ծնելիության անկումներով, բնակչության ծերացումով, ամուսնալուծությունների աճով: Զանգվածային այդ արտագաղթից եւ ժողովրդագրական այդ մեծ խաթարումներից մինչեւ այսօր երկիրը խելքի չի գալիս:

2008-2011 թվականներին սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու եւ զարգացման միտումներ արձանագրելու շնորհիվ բնակչության միգրացիոն ակտիվությունը նվազեց, կայունացման միտումներ դրսեւորվեցին: Բացասական արտագնա գործոնները նվազեցին եւ տնտեսական աճի ու դրսից ստացվող տրանսֆերտներից բնակչության կենսամակարդակը սկսեց բարձրանալ, կայունացման ու զարգացման միտումներ նկատվեցին մանր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում: Միգրացիայի բացասական մնացորդները սկսեցին նվազել, ինչը պարզ երեւում է ստորեւ բերվող աղյուսակից:

Միգրացիանՙ Հայաստանի Հանրապետությունից (1000 մարդ) [1]

 ՆերգաղթողներԱրտագաղթողներՄիգրացիայի մնացորդ (+,-)
2007 թ.1,17,5-6,4
2008 թ.0,96,7-5,8
2009 թ.0,94,8-3,9
2010 թ.0,93,3-2,4
2011 թ.1,32,6-1,3

1. Տես Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012 թ. էջ 45:

Արտագաղթը եւ աշխատուժի արտագնա միգրացիան հատուկ է ժամանակակից աշխարհին եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը: Անգամ անսահման տնտեսական ռեսուրսներ եւ զարգացման մեծ հնարավորություններ ունեցող Ռուսաստանի Դաշնությունը ԱՊՀ երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից ոչ միայն մեծ ծավալներով աշխատանքային միգրանտներ ընդունող երկիր է, այլեւ մեծ չափերով միգրանտներ արտահանող երկիր: Այդպես, արդեն 2010 թ. Ռուսաստանի բնակչությունը կրճատվեց ավելի քան 10 միլին մարդովՙ մեկնողների եւ վերադարձողների բացասական հաշվեկշռով, իսկ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հաշվարկներումՙ 2011 թ. Ռուսաստանից դուրս է եկել 7,7 միլիոն միգրանտ: Ընդ որումՙ ուսումնասիրողները նշում են, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից մեկնում են նաեւ որակյալ մասնագետներ եւ երիտասարդներ: Ավելին, ժողովրդագրական մասնագետները կանխատեսել են, որ մինչեւ 2025 թվականը Ռուսաստանից կհեռանա եւս 10 միլիոն մարդ: Դա Ռուսաստանում ժողովրդագրական ճգնաժամի նախադուռն է: ՄԱԿ-ի հաշվարկներովՙ Ռուսաստանի համար առաջիկա 25 տարիներին տարեկան 500-600 հազար դրսից եկող միգրանտ է անհրաժեշտ, որպեսզի իր ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական սրված ճգնաժամային խնդիրը լուծի:

Բացի վերը նշվածից, ավելացնենք, խիստ աճել է սոցիալական լարվածությունը: Կյանքի միջին տեւողությունն իջել է մինչեւ 39 տարեկան: 2010 թ. Ռուսաստանի կանանցն թիվը 10,7 միլիոնով ավել էր, քան տղամարդկանցը: 2002 թ. ամուսնացած զույգերի թիվը նվազեց մեկ միլիոնով, աճեց ամուսնալուծվածների թիվը: Այդ պատճառով ժամանակակից Ռուսաստանը դարձել է միգրացիոն կախվածության երկիր, իսկ նրա տնտեսությունըՙ միգրացիոն կախվածության տնտեսություն:

Ժողովրդագրական նման բնույթի ոչ ցանկալի զարգացումները բնորոշ են նաեւ ԱՊՀ համարյա բոլոր երկրներինՙ իրենց առանձնահատկություններով: Անգամ շատ թե քիչ սոցիալ-տնտեսական նորմալ զարգացում ունեցող մերձբալթյան հանրապետություններում նույնպես առկա են նման բնույթի միգրացիոն զարգացումներ: Հատուկ մասնագիտական հարցումներով պարզվել է, որ ժամանակակից Լիտվայի հարցվողների 80-90 տոկոսը պատրաստակամություն է հայտնել աշխատանքի մեկնելու արտասահման: Երկու միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող Լիտվայի համար դեպի դուրս միգրացիոն մեծ հոսքերը վտանգավոր չեն, քանի որ չունի ագրեսիվ թշնամի հարեւաններ եւ, հետեւաբար, ազգային անվտանգության խնդիրներ: Այլ է այսօրվա Հայաստանի Հանրապետության վիճակը: Որպես ինքնուրույն եւ անկախ երկիրՙ գոյատեւելու համար երեք միլիոնից քիչ ավելի բնակչությունը կրճատվելու իրավունք չունի: Ուստի դա մեր ազգային անվտանգության ամենասուր խնդիրն է, լինել, չլինելու հարցն է: Այլընտրանք չունենք: Արտագաղթի կանխման ժամանակակից չափերը եւ միտումները պետք է լուծեն պետությունը, ողջ ժողովուրդը, աշխարհի ողջ հայությունը: Դա ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի ողջ հայության հայ մնալու խնդիրն է: Սփյուռքը ունի 7 միլիոն հայՙ շուրջ 2,5 անգամ շատ, քան Հայաստանը, միեւնույն է, Աստված մի արասցե, Հայաստան չլինելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում նրանք կդադարեն հայ լինելուց: Իսկ հայը պետք է ոչ միայն մեզ, այլեւ աշխարհին: 1987 թվականին Բեյրութում մի ընդունելության ժամանակ դաշնակցական լիդերներից մեկը նուրբ շեշտադրումով ասաց, որ «Հայը մարդկության աղն է»: Պետք է այդ ճշմարտությունը հասցնել աշխարհին: Մենք ունենք դառը փորձ, աշխարհը կարող է երեք ժամով «ուշանալ» եւ ամեն ինչ կորած տեսնել: Ուստի մեր գլխի ճարը մենք պետք է տեսնենք: Պետք է ամեն ինչ անենք. նախ կանխենք արտագաղթը եւ ավելացնենք բնակչությունը, ինչպես բնական աճի, այնպես էլ մեխանիկական աճի խթանումներով: Դա է Հայաստանի փրկությունը:

Միաժամանակ ուզում եմ ավելացնել: Չարտագաղթելու համար պետք է նաեւ շատ սիրել Հայաստանը, պետք է սիրել Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի եւ ազգային հերոսներ Անդրանիկի եւ Նժդեհի նման:

Այսօր մեր ժողովուրդը, մասնավորապեսՙ երիտասարդությունը, արդյոք ստանո՞ւմ է համապատասխան հայրենասիրական դաստիարակություն եւ հոգեբանություն: Ո՛չ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ