ՃԱԿԱՏԱԳՐԻ ԶՈՀԸ ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ Ասում ենՙ աչքերը հոգու հայելին են: Նայիր մարդու աչքերին ու կթափանցես հոգու խորքը: Տիկին Մարիամի աչքերում միշտ քարացած արցունքի կաթիլներ կան: Արտաքուստ գեղեցիկ ու խնամված, իսկ ներքուստ կոտրված ու դժբախտ է նա: Շատերն իրենց խեղված ճակատագրից են բողոքում: Իսկ տիկին Մարիամն իր դժբախտության մեջ մեղադրում է մենակ իրեն, իր միամտությունն ու ազնվությունը: Շատերը մտածում են, որ նա 18 տարի Դուբայում կյանք վայելած երջանիկ ծնող ու հոգատար տատիկ է, հրաշալի ընտանիքի տեր մի անձնավորություն... Իրականում նա ընդամենը այդ ընտանիքի աղախինն ու դայակն է... «19 տարեկան աղջիկ էի, հարգված ու անունով ընտանիքի աղջիկ,- պատմում է տիկին Մարիամը,- հազար ուզող ունեի, բայց ծնողներս չէին ամուսնացնում. ինձ հետ կապված մեծ հույսեր ունեին. սովորում էի ինստիտուտում, լավ աշխատանքի հեռանկարներ կային... Իսկ ի՞նչ ստացվեց: Մի գող-ավազակ կար, որն ինձ անընդհատ հետեւում էր, ընկերուհուս հարեւանն էր, բոլորը վախենում էին նրանից, բայց հարգված ու նամուսով տղա էր, նրան «բիճ» էին անվանում, մի քանի անգամ նստած-ելած տղա էր... մոտիկ էր ընկերուհուս հետ... Ընկերուհուս ծնունդն էր. կյանքում առաջին անգամ ալկոհոլ օգտագործեցի` ընկերներիցս հետ չմնալու համար: Այդտեղ էր նաեւ «բիճ»-ը: Ոչինչ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ առավոտյան արթնացա ու տեսա, որ «բիճ»-ի տանն եմ... բաժակիս մեջ քնաբեր էին լցրել, իմ ամենամոտ ու վստահելի ընկերուհին... «Բիճն» ինձ սպառնաց, որ եթե իրենց տնից գնամ, ամբողջ քաղաքով խայտառակ կանի: Համոզվեցի, թասիբի համար մնացի ու կործանեցի կյանքս: Ծնողներս ինձնից երես թեքեցին: Ամեն օր «բիճ»-ը սպառնում էր, որ եթե լքեմ իրեն, կսպանի, նույնիսկ դանակով փորձել է կտրել կոկորդս (պարանոցային խոր սպի կա), մի կիլո սուրճով հազիվ կանգնեցրինք արյունը... Կյանքս դժոխք էր դարձել: Միայն որդուս ծնվելուց հետո ծնողներս հաշտվեցին իրականության հետ ու եկան ինձ տեսնելու: Ամեն օր երազում էի փախչել այդ տնից, ազատվել ամուսնուս կտտանքներից: Իսկ տղաս հոր կտորն էր մեծանում... Մի օր «բիճ»-ը նորից ձերբակալվեց: Ես որդուս թողեցի ծնողներիս մոտ ու եղբայրներիս օգնությամբ փախա Դուբայ: Այնտեղ աղախին էի աշխատում, դայակություն անում ու փող ուղարկում տղայիս: Երկու տարի հետո իմացա, որ տղաս ձերբակալվել է գողության համար, վերադարձա Հայաստան, այստեղ էլ իմացա, որ տունս ու ոսկեղենս ծախել է, այլեւս ոչինչ չունեմ: Այդ ժամանակ ուզում էին մեռնել, բայց դիմացա, մեջս ուժ գտա ու նորից գնացի Դուբայ: Աշխատում էի ու փող հավաքում, որ տղաս գոնե բերդից դուրս գալուց հետո լավ ապրի... Իսկ ամուսնուս բերդում սպանեցին: Տղաս հենց ազատվում էր բանտից, մեկ ամիս չանցածՙ նորից ընկնում էր այնտեղ: Ես բազմանդամ ընտանիք էի երազում, չորս երեխա, իսկ ի՞նչ ստացա. միայն կարիք, ծեծուջարդ ու մի անարժան զավակ... Դուբայում ծանոթացա մի ընտանիքի հետ, խնամում էի երեխաներին, տունն էի մաքրում, այնքան մտերմացանք, որ դարձա նրանց ընտանիքի լիիրավ անդամն ու նրանց հետ վերադարձա հայրենիք: Որդիս մինչեւ հիմա բանտում է, մի քանի օրով դուրս է գալիս եւ նորից ձերբակալվում: Եղբայրներս ասում են, որ գնամ իրենց տանն ապրեմ, բայց երեխաները չեն թողնում, նրանք ինձ տատիկ են անվանում, իսկ նրանց մայրըՙ մայրիկ: Ինձ պայքարելու ուժ են տվել միայն այս հրաշալի ընտանիքը եւ հույսը, որ մի օր տղաս կազատվի բանտից, ու ես նրան ճիշտ ուղու վրա կդնեմ: Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ ինձ ուժ տաՙ պայքարելու ու տեսնելու իմ երազած բազմանդամ ընտանիքը, որդուս ընտանիքը...»: |