«100 ՏԱՐԻ ԱՆՑ»` ԱՆՑՅԱԼ, ՑԱՎՈՏ ՆԵՐԿԱ ԵՎ ... ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը, որի բեմադրիչն է թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը: Պիեսի հերոսները 1915թ. Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի եւ հայ վրիժառու Արտաշես Գեւորգյանի թոռներն ենՙ Ջեմալն ու Անդրանիկը, ովքեր 100 տարի անց հանդիպում են Երեւանում եւ խոսում 1915-ին կատարվածի մասին: Անդրանիկի դերում հանդես է գալիս Տիգրան Ներսիսյանը, Ջեմալ փաշայի թոռանը մարմնավորել է Արմեն Մարությանը, իսկ Ջեմալ փաշայինՙ Ազատ Գասպարյանը: Մեկ դար անց երկու թոռների միջեւ բարդ ու հոգեբանական ծանր երկխոսություն է ընթանում` քննարկվում են ազգային հարցեր: Անդրանիկը ցավով նշում է, որ հայերը երբեք քնած մարդուն չեն կացնահարում: Թեեւ, դա թուրքերը չեն արել, բայց իրենց կրտսեր եղբայրն է արել: Ինչպես նաեւ ընդգծում է, որ ամոթալի է ուրիշի մշակութային ժառանգությանը տեր դառնալը եւ Այվազովսկուն էլ թուրք համարելը: Իսկ կրտսեր Ջեմալը բարձրաձայնում է Հայաստանի եւ հայերի խոցելի հարցերը. «Ցեղասպանություն չէ՞, որ այժմ 1 միլիոն մարդ է գնացել Հայաստանից»: Լռություն է տիրում, Անդրանիկը նայելով Ջեմալի աչքերինՙ մտազբաղ պատասխանում է. «Ինքնաթիռի տոմսով վերադարձ կա, իսկ յաթաղանից` ոչ»: Ջեմալը հակադարձում է. «Հայերը մի կտոր հացի համար Թուրքիայում են եւ այդ հացը հենց թուրքն է նրանց տալիս»: Այս ամենը հայի դեմքին շպրտելով հանդերձ, Ջեմալը նաեւ չի մոռանում անդրադառնալ Հրանտ Դինքին. «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Այդ ցույցը կազմակերպեցին թուրքերը, մի՛ մոռացեք»: Իսկ վերջում Հասան Ջեմալն արցունքախառն դեմքով բղավում է. «Էս ի՞նչ արիր, պապ, ես հիմա ի՞նչ պատասխան պիտի տամ»: Ապա ցանկություն է հայտնում գնալ Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պիեսի ավարտին բազմաթիվ հարցեր են մնում անպատասխան` մոռանա՞լ, ներե՞լ, թե՞... Հանրության շրջանում հնչեցին հակասական կարծիքներ. ներկայացումը բուռն քննարկումների առիթ տվեց: «Ազգը» ներկայացման վերաբերյալ փորձեց զրուցել եւ կարծիքներ լսել թատերագետներից, թատերագիրներից եւ ռեժիսորներից, սակայն նրանցից շատերը խուսափեցին մամուլում իրենց կարծիքը հայտնելուց: Ինչեւիցե, «Ազգը» զրուցեց ներկայացման ռեժիսորի` Տիգրան Գասպարյանի հետ: - Ո՞րն է ներկայացման գերխնդիրը: - Խնդիրները, որոնք առկա են այսօր, մենք ներկայացման միջոցով փորձեցինք բարձրաձայնել: Խնդիրներ` որոնք յուրաքանչյուր հայի համար շատ կարեւոր են: Եթե դու հայ ես, ապա այդ խնդիրները չեն կարող չհուզել: Ներկայացման մեջ կան հարցադրումներ, սակայն չկա պատրաստի դեղատոմս: Ես դեմ եմ այն կարծիքին, որ թատրոնը կամ արվեստի որեւէ գործ պատրաստի դեղատոմս է: Պերճ Զեյթունցյանը ներկա է եղել բեմադրական աշխատանքներին: Արդյոք այդ ընթացքում տեղի չե՞ն ունեցել դրամատուրգիական եւ ռեժիսորական հակադրություններ: - 25 տարի առաջ, երբ բեմադրեցի «Ոտքի, դատարանն է գալիս», դեռ երիտասարդ, 27 տարեկան տղա էի: Եվ այդ ժամանակ Պ. Զեյթունցյանն ասաց. «Ես այն մարդկանցից չեմ, որ իր գրածներին վերաբերվում է ինչպես մարմարի վրա քանդակի: Կարող ես հանգիստ աշխատել նրա հետ, որեւէ հակադրությններ չեն եղել: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Պ. Զեյթունցյանը կարողանում է իր ստեղծագործությունները դարձնել արդի, ոչ թե առօրեական: Շատ հաճախ մարդիկ դրանք շփոթում եմ: - Արդյոք եղե՞լ են փոփոխություններ պիեսում: - Այո, եղել են հատվածներ, որտեղ առաջարկել եմ ինչ-ինչ փոփոխություններ կատարել: Դա կենդանի աշխատանք է: Ինչ-որ բաներ եթե հարկավոր չեն եղել, առաջարկել եմ հանել եւ նորը գրել: Մեծ հաճույքով եմ աշխատում Պերճ Զեյթունցյանի հետ եւ միայն հաճույքով եմ հիշում այն փորձերը, որոնց Պ. Զեյթունցյանը գալիս եւ մասնակցում էր: - Հնչեցին կարծիքներ, թե պիեսը թույլ է, այդ իսկ պատճառով էլ ներկայացումը թույլ է ստացվել: Ի՞նչ կասեք դրա մասին: - Նախ Պերճ Զեյթունցյանն այն գրողը չէ, որի ստեղծագործությունների մասին նման կարծիք հնչի: Երկրորդը, յուրաքանչյուր պիես հնարավորություն է տալիս ռեժիսորին աշխատելու: Իհարկե, եթե թույլ լինի պիեսը, ապա դժվար կլինի ռեժիորի համար աշխատել, սակայն այս պիեսի հետ կապված ես համակարծիք չեմ: Նման արձագանքներ հնչեցին նաեւ, երբ մենք բեմադրել էինք Ջոն Արքա, որի առաջնախաղը տեղի ունեցավ Անգլիայում: Կասեմ միայն մի բան. թող նման «թույլ» պիեսներ շատ գրվեն: - Որպես ռեժիսոր կնշե՞ք, թե որո՞նք են ներկայացման հաջողված եւ ոչ այնքան հաջողված կողմերը: - Եկեք մեկնաբանությունները թողնենք հանդիսականին: Ես այժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: «Ազգին» հետաքրքրում էր նաեւ այլ մասնագետների կարծիքը ներկայացման շուրջ: Զրուցեցինք ռեժիսոր եւ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ: «Պերճ Զեյթունցյանի պիեսում արծարծված թեման շատ կարեւոր է մեզ համար: Այս պատմությունը մերն է եւ ուղղված է այն հային, որն իրեն թույլ է տալիս մոռանալ անցյալը` ասելովՙ ինչ եղել եղել է, պետք է նայենք ապագային: Չի կարող լինել ապագա առանց անցյալի: Ռեժիսորը գտել էր բավականին հետաքրքրական լուծումներ` բացակայում էին դեկորները, ինչպես նաեւ այլ օժանդակ հանգամանքներ, որոնք կան յուրաքանչյուր ներկայացման մեջ: Ընդգծեմ, որ իր հիմնական նպատակին ներկայացումը հասել է, ավելին` լավ է հասել: Մեկ անգամ նայելով տալ գնահատական, քննադատել ներկայացումըՙ չի կարելի: Ես երբեք չեմ հասկացել նման քննադատներին: Որպես դերակատարում, ինձ համար Տիգրան Ներսիսյանի խաղը ավելի քանի հուզիչ էր: Երբեք այդպիսին նրան չէի տեսել, բռավո: Իսկապես դժվար է նյութը դարձնել այնպիսին, որ նույնիսկ օտարազգին նայելով հասկանա, թե ինչի մասին է խոսքը: Ամենակարեւորըՙ մարդու մեջ արթնացնել հուզական ջիղերն այս հարցի վերաբերյալ: Չպետք է տարին մեկ անգամ Ծիծեռնակաբերդ գնալով եւ ծաղիկներ դնելով սահմանափակվել, անտարբեր դառնալ»: Ինչպես ազգային յուրաքանչյուր կարեւոր հարց ունի իր դեմ եւ կողմ արձագանքները, այնպես էլ այս ներկայացումը: Կարեւոր է, որ բեմադրության թեման առ այսօր արդիական է եւ անտարբերության մատնված չէ: «Ազգը» զրուցեց նաեւ հանդիսատեսի հետ, որոնք արտահայտեցին տարատեսակ կարծիքներ: Օրինակ, Լիլիթ Միրիջանյանն ասաց. «Գիտեք, ներկայացումից հետո անմիջապես կարծիք հայտնելը դժվար է, դեռ տպավորությունների տակ ես, դեռ չես «մարսել» տեսածդ ու լսածդ: Կարեւորը թատրոնին հավատալն է: Խոսքս ներկայացման մասին չէ, թատրոն ասվածին է վերաբերում: Ներկայացման մասին կարող եմ ասել, որ թեման ցավոտ ազգային է: Ով էլ գրի, ով էլ բեմադրի, ում թոռներն էլ մեղա գան ու լան, ծաղկեպսակներ դնեն եւ բղավեն, որ թուրքն ու նրա թոռները փոխվել են, միեւնույնն է, կսկիծը հայի սրտում է, ես չեմ կարող ներել, չեմ հավատում»: Իսկ Հայկ Խաչատրյանն ասաց, որ յուրաքանչյուր ներկայացում իր ձեւի մեջ պրոպագանդա է. «Դերասանները լավ խաղացին, հուզեցին, փորձեցին համոզել հանդիսականին, բայց ոչ ինձ: Տեսա, լսեցի կոնկրետ դիրքորոշումներ ջարդի, նաեւ այսօրվա հացի պրոբլեմների մասին: Թուրքի թուրք թոռան շուրթերից արտասանվեց արտագաղթի ու Թուրքիայում խեղճությամբ հաց վաստակող հայի մասին: Դա բոլորս էլ գիտենք: Ի՞նչ էր սա, արդարացո՞ւմ նախկինում եղածի համար, թե՞ ամոթանք ու պարսավանք: Ըստ իս, այս խդիրը չպետք է խառնվեր 1915թ. ցեղասպանության թեմային: Ասվում է, որ սա էլ է ցեղասպանություն, գուցե: Այս խնդիրն էլ թող հայը բարձրաձայնի երկրի տիրակալներին, որպեսզի վաղն էլ նրանց զավակներն ու թոռները ծաղկեփնջեր չդնեն դատարկված ու փակ դռների դիմաց: Երկու թեմաները պետք չէր խառնել, սվաղել միմյանց հետ: Ներկայացումն իմ մեջ հակասական զգացումներ առաջացրեց»: Մի բան հստակ է, որ յուրաքանչյուր հայ, ով կնայի ներկայացումըՙ եւս մեկ անգամ վերապրելով անցյալի ցավը, կվերանայի իր դիրքորոշումները, եւ կամ, ավելի շուտ, կսկսի նորովի մտորել: |