ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՐԿՆԻՇ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ» Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը անդրադարձել է հետընտրական իրադարձությունների ազդեցությանը տնտեսության եւ գործարար աշխարհի վրա: «Նախագահական ընտրությունները, իմ կարծիքով, ցույց տվեցին, որ ձեւավորվում է նոր քաղաքական մշակույթ. ըստ որում ոչ միայն երկխոսության հնարավորությունների ընդլայնման, այլ նաեւ քաղաքական հանդուրժողականության առումով, որն ակնհայտորեն իրենով կարող է փոխարինել փոխադարձ ատելությունն ու անձնական անհանդուրժողականությունը», նշել է տնտեսագետը, ավելացնելով, որ, թեեւ նախընտրական փուլում եւ ընտրությունների ժամանակ, որպես կանոն, տնտեսությունն ու գործարար աշխարհը սպասումների մեջ են եւ լուրջ ու մասշտաբային ծրագրերը հետաձգվում են, այնուամենայնիվ, դատելով պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից, հենց հունվար եւ փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի բարձր աճ է արձանագրել: «Նույնըՙ արտահանման աճի տեմպերի մասով: Եվ սաՙ ձմռանը, երբ իրական գործարար աշխուժության մասին խոսելն ընդհանուր առմամբ դեռ վաղ է: Իսկ ամբողջ տարվա կտրվածքով գրանցվել է կանխատեսումները գրեթե կրկնակի գերազանցող տնտեսական աճ: Մեր համոզմամբ, սա խոսում է այն մասին, որ գործարար աշխարհն ավելի վստահ է նայում վաղվա օրվան ու հնարավոր զարգացումներին եւ անգամ նախընտրական շրջանում լուրջ մտավախություններ չի արձանագրել հնարավոր ցնցումների իմաստով», եզրակացրել է Թաթուլ Մանասերյանը: Ըստ տնտեսագետիՙ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության եւ հայության մրցակցային առավելությունները, ինչպես նաեւ առկա մարդկային, բնական, արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները, բոլոր հիմքերը կան պնդելու, որ դրանց արդյունավետ օգտագործման պարագայում 7 տոկոս տնտեսական աճը կարող է լինել միայն հնարավորությունների ներքին սահման, իսկ իրականում` հենց այս տարվանից պետք է ամեն ինչ անել գրանցելու երկնիշ տնտեսական աճ: «Մենք ակնկալում ենք աշխուժացում շինարարության ոլորտում, որտեղ նախորդ տարիներին գրանցվել է շարունակական անկում, ավելի համարձակ ծրագրերի իրագործումՙ գյուղատնտեսության ասպարեզում: Արդյունաբերության բնագավառում անհրաժեշտ է անցում կատարել հիմնականում հանքարդյունաբերության հաշվին ստացվող տնտեսական աճից դեպի այլ ճյուղերի զարգացում, մասնավորապես դեղագործության, ադամանդագործության, ոսկերչության, մեքենաշինության, կոնյակագործության, գինեգործության, սննդի վերամշակման, թեթեւ արդյունաբերության եւ ոչ մետաղական հանքաքարի վերամշակման հաշվին: Ինչ վերաբերում է ճշգրիտ մեքենաշինությանն ու մյուս ճյուղերին, ապա դրանց զարգացումը պահանջում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ, այլեւ այդ ճյուղերը համապատասխան մասնագետներով սնուցող միջին մասնագիտական կրթության համակարգի ձեւավորում եւ զարգացում», կարծիք է հայտնել Թաթուլ Մանասերյանը: |