ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՄԻ ՔԱՆԻ ՊՐՈԲԼԵՄ Մ. Խ. Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին մի շարք հետաքրքրական ելույթներ հնչեցին: ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը հայտարարեց, որ կա հստակ պայմանավորվածություն Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների, մաքսային ծառայությունների եւ Ջավախքի ներկայացուցիչների միջեւ` սահմանային կետում ջավախահայերի հետ ծագած հարկային բնույթի խնդիրները լուծելու համար հանդիպելու եւ քննարկելու լուծումները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության պարագայում կարեւոր համարեց ԼՂՀ հարցում Հայաստանի պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության մոտեցումների ճշգրտումը: Այդպիսի հստակեցում չի կատարված եւ այս ուղղությամբ համակարգված գործունեություն, ըստ Ռուստամյանի, չի իրականացվում: Եվ առաջարկներ արեց. աշխատել, որ ԵԽ-ն լիարժեք ճանաչի Մինսկի խմբի` այս հարցում միակ միջնորդական առաքելության իրականացնողի լիազորությունները, ԵԽ-ում ԼՂ-ի վերաբերյալ հարց քննարկելիս ԼՂՀ ներկայացուցչի ներկայություն ապահովվի, ԵԽ-ն ապահովի ուժի կիրառման բացառման եւ իր հռչակած արժեքների գերակայության իրագործումը եւ ապա` քաջալերի հակամարտության երեք կողմերին` վերահաստատել Բիշքեկյան համաձայնագիրը եւ կնքել չհարձակման պայմանագիր: ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը կոչ արեց` «Քարոզչության փոխարեն թող վարչախումբը տարրական հարցեր լուծի», եւ հրատապ համարեց քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը: «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Գորիսի դեպքերին` այդ առիթով ընդգծելով, թե Հայաստանում հրամայական է միլիտարիզացիայի դեմ պայքարելը. «Ինչո՞ւ չենք զինաթափում», հարցրեց` եզրահանգելով, թե կամ պետությունը չի կարողանում զինաթափել, կամ պետությանը ձեռնտու է, որ հասարակության այդ շերտն ունենա զենք եւ ահաբեկի քաղաքացիներին: Գուցե օրենքը պետք է խստացնե՞լ, քանի որ մարդիկ կան, որոնք զինված են եւ զորքեր կարող են հանել իրար դեմ, եթե «ռազբորկա» անել է պետք: |