ԿՐՔԵՐ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՇՈՒՐՋԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություն տրամադրելու հարցի քննարկման շարունակությունը երեկ բավական թեժ ընթացք ունեցավ Ազգային ժողովում: Բայց նախ ավելի մանրամասն ներկայացնենք, թե ինչ է այս ծրագիրը` օգտվելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթից: Միջազգային չափանիշներով այս դպրոցում սովորելու է 13-19 տարեկան 650 աշակերտ: Այդ թիվը միայն 2017 թվականին է ձեւավորվելու, 4 տարվա ընդունելության քննությունների արդյունքում: Եկող տարի առաջին քննությունների ընթացքում 90 աշակերտ է ընդունվելու: Աշակերտները լինելու են ԱՊՀ, եվրոպական, մերձավորարեւելյան, արեւելաասիական շուրջ 30 երկրներից: Երկու կրթական տարբեր ծրագրեր են իրականացվելու, առաջինը` 13-16 տարեկանների համար միջազգային կրթական սերտիֆիկատի, երկրորդը` բակալավրիատի նախահամալսարանական կրթության սերտիֆիկատի տրամադրմամբ: Սովորողների միայն 10 տոկոսն է լինելու Հայաստանից: 30 տոկոս կկազմեն սփյուռքահայ երեխաները, հայաստանաբնակ աշակերտների 70 տոկոսն անվճար սկզբունքով է սովորելու: Լավագույն աշակերտները կօգտվեն դրամաշնորհներից` ուսումն արտերկրում շարունակելիս: Դպրոցի գործառնական ծախսերը տարեկան 20 մլն դոլար են կազմելու, որի 15 միլիոնը հենց Դիլիջանում կծախսվի: Ծրագիրն արժե 550 մլն դոլար` 150 մլն շինծախսեր, 400 մլն գործառնական, կրթաթոշակային եւ հետագա զարգացման ծախսերն են: Ծրագրի այս փուլում արդեն ծախսվել է 20 մլն դոլար, իրականացվել են դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ձեւավորվել է դոնորների միջազգային խումբ, որտեղ Ռուբեն Վարդանյանից եւ նրա ընտանքիքից բացի` ներգրավված են նաեւ այլ հայտնի անուններ: 550 մլն դոլարի այս ներդրումային նախաձեռնությանը պատգամավորներից ոչ ոք դեմ չէր, ուղղակի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անհանգստանում էին, թե մանրամասն ծրագրի եւ ժամանակացույցի բացակայության պարագայում անհասկանալի է արտոնությունների տրամադրումը, մատնանշում էին փողերի լվացման ռիսկ, կրթական բաղադրիչի բացակայություն նախագծում, լեզվի օրենքի շրջանցում, առաջարկում հարցը հետաձգել, մինչեւ մանրամասն ծրագիր ներկայացվի: Հրանտ Բագրատյանն ասում էր` ո՞նց եք 80 միլիոն դոլարի արտոնություն տրամադրում անծրագիր «ավանտյուրային»: «Ժառանգության» Ռուբեն Հակոբյանն նշում էր` ռուսական ինտելեկտուալ շրջանակում հարգանք վայելող Ռուբեն Վարդանյանին անձամբ վստահում է, բայց ... Հայաստանում գործող մեխանիզմները վստահելի չեն: Արտաշես Գեղամյանը նեղանում էր` պետք չէ անշնորհակալ գտնվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսպիսի ծրագրեր են հայթայթում Հայաստանի համար: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը , որ հարակից զեկուցող էր ու մի օր առաջ հանձնաժողովին դրական կարծիք էր ներկայացրել, երեկ իր մտահոգությունները եւս հայտնեց` կառավարությունից հայեցակարգ ու ծրագիր ուզեց, ապա եւ մտահոգվեց, թե այժմ դպրոցի տասնմեկ հեկտար զբաղեցնող տարածքը հետո ութսունութ է լինելու, կողքը Դիլիջանի ազգային պարկն է, ինչի՞ հաշվին: Բայց եւ համաձայն էր` ծրագիրը բավականին առաջ է մղելու Հայաստանի ներդրումային վիճակը: ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը նախաձեռնությունը անվանեց ներդրումային ծրագիր` ամենամնայուն արժեք կրթության ոլորտում, ու պետք չէ հիմա կրթական մանրամասն ծրագիր պահանջել` լիցենզիա տալուց կրթական ծրագրերը ես կքննարկվեն: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը համաձայն էր, որ Հայաստանն ունի որակյալ կրթություն կազմակերպելու ինտելեկտուալ ներուժ, եւ որեւէ մեկը դեմ չէ ծրագրին, սակայն մտահոգություններ հասցեագրեց ստանալիք կրթությունը Հայաստանին ծառայեցնելու երաշխիքների, օտար լեզվով կրթության` օրենսդրկան պահանջի շրջանցման առումով. «Եթե ծրագիր չկա` քննարկում եք որ ի՞նչ անեք...», ասաց: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը կրթական բաղադրիչի բացակայությունը մատնանշեց. «Բերեք կրթական պրոեկտ` հավանություն տանք»: Չնայած զգացվում էր, որ դահլիճում ներկա ՀՀԿ-ական գործարարներն էլ խանդ ունեին, որ արտերկրյա գործարարի է բիզնես արտոնություն տրամադրվում, բայց դա բացահայտ չէին արտահայտում: Այնպես որ ՀՀԿ-ից կառավարության նախաձեռնությունը ողջ ուժով պաշտպանեցին Վարդան Այվազյանն ու արտահերթ ելույթ ունեցած Հովիկ Աբրահամյանը . «Երկրորդին ցույց տվեք, որ 550 մլն դոլար է ներդնելու էս երկրում` չկա... Հայ, տեսաք` բերելու են, փող են լվալու, դե լավ, հերիք է», բարկացավ Այվազյանը` նշելով, որ 380 հազար դոլարի ներդրում է եղել ընդամենն անցած տարվա ընթացքում, եւ կոչ անելով հավանություն տալ գրավիչ նախագծին, որով Դիլիջանը կդառնա միջազգային կրթական կենտրոն, բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն : Արտահերթ ելույթ ունենալով` Հ. Աբրահամյանը զարմանք հայտնեց տնտեսությունից տեղյակ մարդկանց ելույթների քննադատական շեշտադրումների առումով. քննադատել պետք է, բայց չափի մեջ, կարծես թե ներդրողների հերթ է երկրում, իսկ արդյունավետ նախագծին, ըստ նրա, ԱԺ-ն պարտավոր է հավանություն տալ: Չնայած ասաց նաեւ, թե ինքն էլ կուզենար, որ ծրագիր լիներ, իմացվեր` ի՞նչ շինարարական նյութեր են բերվելու, որը հետագայում պետեկամուտների կոմիտեն պետք է խիստ վերահսկի: Բայց երկրում ներդրումները պակասում են, կառավարությունը պետք է հայթայթի այդպիսի ծրագրեր` գոնե աշխատատեղ կստեղծվի, հարկ կմտնի տեղական բյուջե: «Երբ ներդրումների հերթ կլինի` նստենք, քննարկենք, որ արտոնություն չտանք», ասաց: Եվ կոչ արեց պատգամավորներին` եթե ունեն այդ կարգի ծանոթ ներդրողներ, որ պատրաստ են Հայաստանում թեկուզ 100 միլիոն դոլարի ներդրում անել, դիմեն կառավարությանը: Հիմնական զեկուցող Սուրեն Կարայանը իր ամփոփիչ ելույթում նորից նշեց ծրագրի առավելությունները. Դիլիջանում կլինի տարածաշրջանային միջազգային կրթահամալիր, որը սեպտեմբերին կմիանա համաշխարհային լավագույն քոլեջների ցանկին, հայաստանցի եւ սփյուռքահայ երեխաները անվճար ուսուցման հնարավորություն կունենան, 60-70 մլն դոլար կներդրվի տարածաշրջանային ենթակառուցվածքներում, Դիլիջանում թատրոն կհիմնվի, այգի կբարելավվի , զբոսաշրջությունը կզարգանա, տեղական բյուջե կմտնեն տարեկան 400-500 մլն դրամ հողի հարկն ու գույքահարկը, հինգ-վեց միլիարդի չափով գնումներ կարվեն տարածաշրջանում, երկու հազար աշխատատեղով կավելանա զբաղվածությունը: Ռիսկերը զրո են: Ու Հայաստանի նախագահի եւ ՀՀԿ-ի ծրագրով է, որ 100 մլն դրամից ավելի ներդրում անողներին ՀՀ-ում հարկային արտոնություններ կտրամադրվեն: Կարելի է ասել, որ շատ ուշագրավ ծրագիր է իրականացվելու, եւ Աստված տա, որ պատգամավորների մտահոգությունները չառարկայանան: |