RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013



Տեղադրվել է` 2013-06-11 23:39:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 74

SOCAR-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Օրեր առաջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել էր, որ «եթե Հայաստանը նման խնդրանքով դիմի, ապա Ադրբեջանը կարող է քննարկել Հայաստանին գազ մատակարարելու հարցը»: Դրան հետեւել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովի «քերականական մեկնաբանությունը». «Կարող է քննարկել` դեռեւս չի նշանակում, թե կքննարկի, առավել եւս` քննարկում է, դրա համար կան որոշակի պայմաններ»:

Պետական նավթային ընկերության նախագահը, որ իրականում իշխող ընտանիքի բիզնես-մենեջերն է, չէր կարող այդպիսի կարեւորագույն հարցում լեզու թրջել, եթե յուրաքանչյուր բառը նախօրոք համաձայնեցրած չլիներ պատրոնի հետ: Ուստի տպավորություն էր ստեղծվել, որ այդ կերպ Իլհամ Ալիեւը ինչ-ինչ «գաղտնիքներ է բացահայտում»:

Այդ տպավորությունը խորացրեց SOCAR-ի երեկվա հայտարարությունը, որի շարադրանքը փոխանցեց 1news.az-ը: Այնտեղ ասված է, որ «Հայաստանը աշխարհագրորեն Ադրբեջանի հարեւան երկիր է, Ադրբեջանը հարեւանների հետ միշտ ապրել է խաղաղության եւ համաձայնության պայմաններում եւ պատմության ողջ ընթացքում դա ցույց է տվել աշխարհին»:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այնուհետեւ անցնում է «Հայաստանի ազգայնական, սեպարատիստական եւ օկուպացիոն քաղաքականության մերկացմանը» եւ բառ առ բառ կրկնում այդ երկրի քաղաքական ղեկավարության մոտեցումները. «Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը` կապված «օկուպացված տարածքների հետ» (չակերտները մերն են- Վ. Ա.), հանդես գա հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով եւ գլխավորը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու օգտին, կարող է ներգրավվել տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության էներգետիկ նախագծերում»:

SOCAR-ն, այսպիսով, բացում է Նովրուզ Մամեդովի ասած «որոշակի նախապայմանների գաղտնիքը», որ ամենեւին էլ գաղտնիք չէր ի սկզբանե: Այդուհանդերձ, SOCAR-ի հայտարարության մեջ կա մի նրբերանգ. «Ադրբեջանն այսօր կարեւոր դեր է խաղում Վրաստանի եւ Թուրքիայի գազամատակարարման գործում եւ ինտենսիվ աշխատում է Եվրոմիության հետ` իրականացնելու «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը մեծ նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար... «Շահ- Դենիզ» կոնսորցիումը մոտեցել է որոշումների վերջնական ընդունմանը գազատարների երթուղու հարցում, որով այդ երկրների (ԵՄ- Վ. Ա.) համար կիրականացվի գազի տարանցումը» (նույն տեղում):

Ավելի վաղ անոնսավորվել էր, որ հունիսի 3-րդ տասնօրյակում Իլհամ Ալիեւը կայցելի Բրյուսել, որտեղ, հնարավոր է, հանդիսավոր պայմաններում կհայտարարվի Կասպից ավազանից դեպի ԵՄ երկրներ գազի տարանցման երթուղու վերջնական համաձայնության մասին: SOCAR-ի հայտարարությունն այս համատեքստում կարելի է համարել ԵՄ-Ադրբեջան բանակցությունների քաղաքական բաղադրիչի «հրապարակայնացում»:

Չպետք է բացառել, որ Եվրոմիությունը, որի հետ Հայաստանը բանակցում է Ազատ առեւտրի գոտուն միանալու հարցով, ցանկություն ունի Կասպից ավազանից դեպի Եվրոպա գազատարի այնպիսի երթուղի համաձայնեցնել Ադրբեջանի հետ, որը չէր շրջանցի Հայաստանը: Եվ Ադրբեջանն այս հարցում իր տեսակետը հնչեցնում է SOCAR-ի «շուրթերով»:

Ուշադրության է արժանի, որ Ռովնագ Աբդուլլաեւի հայտարարությունից արդեն գրեթե մեկ շաբաթ է անցել, եւ հայկական կողմը դրան որեւէ արձագանք չի հնչեցրել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական «մեսիջի» հասցեատերն ի սկզբանե էլ Եվրոմիությունն էր, որի լռությունն է, կարծես, այնքան նյարդայնացրել Իլհամ Ալիեւին, որ ստիպված է եղել նախ խոսել տալ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովին, ապա երկրորդ անգամ` SOCAR-ին:

Մինչդեռ հունիսի 3-րդ տասնօրյակը սարերից այն կողմ չէ: Մանավանդ որ Ադրբեջանում պետական նավթային ընկերության հայտարարությունը միանշանակ չի ընկալվել: «Թուրան» գործակալության վերլուծաբանները գտնում են, որ այդ կերպ Իլհամ Ալիեւը «արտաքին լեգիտիմություն է հայցել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ