ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Պրն Տարոն Մարգարյանին Մեծարգո պարոն քաղաքապետ, Մեծանուն գրող Կոստան Զարյանը (1885, Շամախի - 1969, Երեւան) մեր ժողովրդի բացառիկ զավակներից մեկն է: Նա թողել է գրական հարուստ ժառանգություն, որ մեր մշակույթի վավերական հարստությունն է: Նրա բացառիկ պոեզիան, տասնյակ պոեմները, որոնց գլուխգործոցը «Տատրագոմի հարսը» անզուգական երկն է, նրա վեպերըՙ «Անցորդը եւ իր ճամբան», «Բանկոոպը եւ մամութի ոսկորները», «Նավը լեռան վրա», նրա փառահեղ «Երկիրներ եւ աստվածներ» շարքը («Սպանիա», «Միացյալ Նահանգներ»), վիպակներն ու նովելները, նրա խոհուն ու խորունկ էսսեիստիկան բազմաթիվ հոդվածներն ու գրական այլ նյութեր հայ գրականության ու մեր ժողովրդի հպարտությունն են: Կենսական հանգամանքների պարտադրանքով եւ քաղաքական համոզմունքների բերումով Կոստան Զարյանը իր կյանքի մեծ մասը ապրել է իբրեւ տարագիր ու վտարանդի, սակայն ամբողջ կյանքում մղվել է դեպի Հայաստան, ապրել է Հայաստանի գոյության խորհրդով: Ծնված չլինելով Հայաստանումՙ ողջ կյանքում նա իրեն համարել է Արարատյան մարդ, Արարատյան երկրի զավակ: 1922 թվականին նա եկել է հաստատվելու Հայաստանում, սակայն քաղաքական ճնշումների եւ ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված է եղել հեռանալու Հայաստանից: Հայաստանից զրկված լինելը, Հայաստանում չապրելը եղել է նրա կյանքի մեծագույն ողբերգությունը, ինչը հստակորեն եւ ընդգծված ձեւով արտահայտվել է նրա գրականության մեջ: 1962 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի միջնորդությամբ ու հրավերով, Կաթողիկոսի հովանավորությամբ Կոստան Զարյանը վերջապես հնարավորություն է ստանում գալու եւ հաստատվելու Երեւանում, ուր եւ վախճանվում է 1969 թվականին: Նրա աճյունը ամփոփված է Երեւանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Հարգելի քաղաքապետ, Կոստան Զարյանը այն մեծությունն է, որ արժանի է Երեւան քաղաքում ունենալու իր անունը կրող փողոցը եւ իր հուշարձանը: Դա պետք է լիներ վաղուց, սակայն ըստ երեւույթին իսկապես ամեն բան, ամեն հարց ունի իր պատմական ժամանակը: Այսօր մենքՙ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ հասել է այդ հարցը լուծելու ժամանակը, ուստի եւ դիմում ենք Ձեզ, խնդրելով իրողություն դարձնել արդար վերաբերմունք մեծանուն գրողի անվան ու հիշատակի հանդեպՙ Երեւան քաղաքում մեծ գրողին վայել մի փողոց կոչել գրողի անունով եւ այդ փողոցում կանգնեցնել գրողի հուշարձանը: Ի դեպ, հռչակավոր եւ մեծատաղանդ արձանագործ Արտո Չաքմաքչյանը դեռեւս գրողի կենդանության օրոք կերտել է նրա կիսանդրին, որ բացառիկ արվեստի գործ է, եւ պատրաստ է այն անվարձահատույց նվիրել Երեւան քաղաքին: Խմբ. կողմից.- Նամակին կցված է երկու տասնյակ հայտնի արվեստագետների ու մտավորականների ստորագրություն: |