RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-06-11 23:39:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ՍՊԻՏԱԿԻ ՄԻ ԲՆԱԿՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի. Պ.

73-ամյա Սերյոժա Պողոսյանը բնակվում է Սպիտակում` մի անմարդաբնակ տարածքի անշարժ վագոն-տնակում: Սերյոժա Պողոսյանը աշխատանքի վետերան է, 2-րդ խմբի հաշմանդամ եւ թոշակառու: Մի քանի օր առաջ նա դիմել էր «Ազգի» խմբագրություն իր խնդիրները բարձրաձայնելու եւ իրավունքերը վերականգնելու խնդրով:

Սերյոժա Պողոսյանը նախկինում բնակվել է Ուկրաինայի Լվով քաղաքում, որտեղ աշխատել է որպես մթերային ապրանքների բազայի վարիչ, ավագ ապրանքագետ եւ այլն: Նշանակվելով աշխատելու Հայաստանում` Սերյոժա Պողոսյանը դուրս է գրվում Լվովի գրանցումից ու տեղափոխվում Հայաստան` կնքելով պայմանագիր, որ այստեղ ստանալու է 3-սենյականոց բնակարան: Սերյոժա Պողոսյանը սկզբում բնակվում է Սպիտակում` գրանցվելով ծնողներից նվիրատվություն ստացած սեփական տանը ու շարունակում աշխատել: «Սակայն ամիսը մեկ գնում էի Լվով, փակում բոլոր իմ հաշվետվությունները, ստանում նոր առաջադրանք ու գալիս Հայաստան», ասում է Սերյոժա Պողոսյանը, որի կինն էլ Սպիտակում ունեցել է միսենյականոց բնակարան: Սակայն 1988-ի Սպիտակի երկրաշարժը նրա տունն ամբողջությամբ հողին է հավասարեցնում, իսկ կնոջ բնակարանը թողնում կիսաքանդ:

Սերյոժա Պողոսյանը պատմում է, որ երկրաշարժից հետո Լվովից, Կիեւից, Լենինգրադից ու Մոսկվայից նրան առաջարկել են գնալ այդ քաղաքներից մեկն ու մեկը եւ այնտեղ ստանալ 3-սենյականոց բնակարան. «Սակայն ես հրաժարվեցի, քանի որ հանգիստ խղճով հեռանալ չէի կարող. երկրաշարժի ժամանակ իմ հարազատներից ավելի քան 30-ը, իսկ աներոջս տնից 5 մարդ մահացել էին»:

Սերյոժա Պողոսյանը որոշ ժամանակ անց կնոջն ու 2 անչափահաս երեխաներին ուղարկում է Լվով, իսկ ինքը որոշում է մնալ Սպիտակում` իր լուման դնելով Սպիտակի վերականգնման աշխատանքներում: Իսկ 1992 թվականի հուլիսին Սերյոժա Պողոսյանը ստանում է ժամանակավոր կացարան Սպիտակում, ու կարողանում է ընտանիքին տեղափոխել այդ կացարանը, որը վագոն-տնակ է, եւ այստեղ ծնվում է նաեւ Ս. Պողոսյանի երրորդ զավակը: Բայց քիչ ժամանակ անց Ս. Պողոսյանի ընտանիքում սկսվում է անախորժություն. կինը դավաճանում է նրան, հետո ամուսնալուծվում են, ու նույնիսկ դատարանում կինը հայտարարում է, որ առաջին երեխայի հայրն ուրիշ մարդ է: Դատավորի որոշմամբ փոքր տղային` Տիգրանին հանձնում են հոր խնամակալությանը, իսկ մյուս երկու երեխաներին` մոր խնամակալությանը:

1999-ի հոկտեմբերին բնակարան ստանալու համար Սերյոժա Պողոսյանը դիմում է Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյանին, որն էլ նրան հերթագրում է 20-րդ համարում, սակայն հենց հաջորդ օրը ավտովթարի պատճառով քաղաքապետը մահանում է: «Ու այդ օրվանից հետո սպիտակցիներս արդարություն ու մեր իրավունքների պաշտպանություն չենք տեսել», նշում է Ս. Պողոսյանը, որի քանդված տան տեղում հիմա կառուցված է «Կենտրոն-1» բնակելի թաղամասը: «Իմ բոլոր հարեւաններին բնակարաններ տվեցին արտահերթ, բնակարան ստացան նույնիսկ նրանք, ովքեր Սպիտակի բնակիչներ չէին: Սակայն ինձ ու անչափահաս որդուս չտվեցին, եւ հերթագրված 20 համարից ինձ հասցրին մինչեւ 164 համարը»:

Ս. Պողոսյանից 2004-ին թաղապետը նույնիսկ հողի հարկ է պահանջել նրա վագոն-տնակի անմշակ հողամասի համար: Սակայն Ս. Պողոսյանը հարկը չի վճարել ու դիմել է քաղաքապետին խնդրով, որ հողատարածքը վարձակալական հիմունքով տան իրեն: «Բայց մինչեւ 2006 թվականը ոչ բնակարան տվեցին, ոչ էլ հողամասը վարձակալելու որոշումը եղավ»:

Ստիպված Սերյոժա Պողոսյանը դիմել է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք գրել են նրա կեցության պայմանների մասին ու նրա կյանքի պատմությունը, ինչից հետո արտասահմանից նրան առաջարկել են որդու հետ տեղափոխվել արտերկիր ու ապրել այնտեղ հովանավորների օգնությամբ, սակայն Սերյոժա Պողոսյանը մերժել է` «չցանկանալով դավաճանի դերում հանդես գալ»:

Կենցաղային անմխիթար պայմանների պատճառով նա որդուն տեղափոխում է Կոտայքի մարզի SOS գյուղ, որտեղ տղան մնում է 2 տարի, հետո տեղափոխվում Վանաձորի թիվ 1 խնամքի կենտրոն:

2007-ի մայիսին Ս. Պողոսյանը Սպիտակի քաղաքապետից ստանում է պատասխանան, որ հողամասն իրեն վարձակալության տալ չեն կարող, քանի որ գտնվում է արտադրական գոտում: Հաջորդ քաղաքապետին Ս. Պողոսյանը նույնպես դիմում է նույն` հողամասը վարձակալելու խնդրով, ստանում նրանից հավանություն, սակայն Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցները Ս. Պողոսյանին առաջարկում են հողատարածքը դնել աճուրդի, որից հետո ինքը պետք է մուծի մեկ միլիոն դրամ ու այդ ժամանակ հողատարածքը կսեփականաշնորհեն նրա անունով, հակառակ դեպքում` երբ նա բնակարան ստանա, իրեն վագոն-տնակից ու հողատարածքից կհանեն ուժի միջոցով: Դրանից հետո Սպիտակի բնակիչ Պողոսյանը դիմում է ՀՀ նախագահի աշխատակազմին, սակայն խնդիրը դարձյալ մնում է չլուծված: Իսկ 2012-ի մարտի 28-ին, երբ Սերյոժա Պողոսյանը գալիս է Երեւան, ու 2 օր անց վերադառնում է Սպիտակ, իր տնակը, գոմն ու խորդանոցը գտնում է այրված:

Հիմա Ս. Պողոսյանը ստանում է շուրջ 41 հազար դրամ թոշակ, որի կեսից ավելին տալիս է իր անհրաժեշտ դեղերին: Նյութական օգնություն ստանալու ակնկալիքով նա դիմել է Սպիտակի քաղաքապետին, արտակարգ իրավիճակների նախարարին ու հանրապետության նախագահի տիկնոջը, բայց ասում է, որ իրեն միայն 30 հազար դրամով օգնել է Սպիտակի քաղաքապետը:

Թշվառության ու աղքատության մեջ հայտնված Սերյոժա Պողոսյանը ակնկալում է, որ գերատեսչությունները կհասկանան իրեն, կհասկանան, թե ինչպիսի ծանր դրության մեջ է հայտնվել, եւ կցուցաբերեն պատշաճ վերաբերմունք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ