ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ը Արեգակի վրա պլազմայի արտանետման հետեւանքով Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, վկայում են «Ռոսհիդրոմետի» կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի եւ ԱՄՆ-ի օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի տվյալները: Փորձագետները նշում են, որ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է հոկտեմբերի 9-ին: Մեր մոլորակի մագնիսոլորտը անհանգիստ կլինի նաեւ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին: Հանգստյան օրերին իրավիճակը կկարգավորվի: Դեռ 19-րդ դարի կեսերին պարզվել էր, որ Արեգակի ակտիվության մակարդակը փոփոխվում է 11 տարի տեւող պարբերաշրջանով: Դիտարկումների սկզբից մինչեւ օրս արձանագրվել է այդպիսի 23 պարբերաշրջան: Ներկայումս սկսվել է 24-րդը, որն ակտիվությամբ ամենաթույլն է: Մագնիսական փոթորիկները հաճախ ուղեկցվում են գլխացավերով, սրտխփոցով, անքնությամբ, վատ ինքնազգացողությամբ, կենսական ուժերի նվազմամբ, ճնշման տատանումներով: Գիտնականներն այս ամենը բացատրում են նրանով, որ մագնիսական դաշտի տատանումների դեպքում դանդաղում է մազանոթնեիր արյան հոսքը, եւ հյուսվածքների թթվածնային քաղց է սկսվում: |