RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» միջոցառումների մեկնարկը

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարել էր 2013 թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն: Մրցույթի նպատակն էր նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:

Երեկ մեկնարկեց միջոցառումներից առաջինը` Հայաստանի նկարիչների միությունում բացվեց կերպարվեստի բնագավառի լավագույն գործերի համահայկական մրցանակաբաշխության հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը:

«Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» միջոցառումների մեկնարկը խոստումնալից էր իր բազմամարդությամբ: Իսկ ահա ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես նկարներ, այնպես էլ քանդակներ Հայաստանի եւ սփյուռքի արվեստագետներից:

Նշենք, որ կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված լավագույն ստեղծագործությունների մրցույթում ներառված են գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Ազնավուրի հրապարակում հավաքված հոծ բազմության առաջ խոսք առնելով, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ասաց. «Մեծ ուրախությամբ եմ մասնակցում այս միջոցառմանը, որը շարունակական բնույթ է կրելու: Մենք նման նախաձեռնություններում պետք է էլ ավելի շատ ներգրավվենք սփյուռքին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի նախարարությանը` համագործակցության համար»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն փաստեց, որ ցուցահանդեսն այս անգամ կազմակերպվել է համահայկական խորագրով. «Այսօր ցուցադրված է մոտ 300 ստեղծագործություն, իսկ սփյուռքահայ նկարիչների կողմից` մի քանի տասնյակ: Եվ ահա տասը բարձրարժեք նկարներ կպարգեւատրվեն շուտով»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ իր ուրախությունն հայտնեց ցուցահանդեսի կապակցությամբ, քանի որ արվեստասեր հասարակությունը հավաքվել էր մեկ հարկի տակ եւ նկարիչներին մաղթեց, «փայլուն վրձին, անկրկնելի գույներ եւ նոր ու մեծ աշխատանքներ»:

Նշենք, որ մցանակաբաշխությունը անցկացվում է կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների, ինչպես նաեւ ԳԱԱ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների ու երաժշտական ընկերության հետ համատեղ:

Իսկ այսօր Հայաստանի գրողների միության դահլիճում կամփոփվեն Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, սփյուռքի նախարարության եւ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միության համատեղ հայտարարված «Լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանք» համահայկական մրցանակաբաշխության արդյունքները եւ հաղթողները կստանան համապատասխան պարգեւներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ