RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. «ԹԵԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԽՄԲԻ ՖԱՎՈՐԻՏՆ Է, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Այսօր ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում «Հրազդանում» կհյուրընկալի Ֆրանսիայի ընտրանուն: Խաղը կսկսվի ժամը 21-ին: Խաղի նախօրեին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ լրջորեն են նախապատրաստվում հանդիպմանը, վնասվածքներ չունեն, բոլորը պատրաստ են խաղին: Ռաֆայել Նազարյանը համամիտ է, որ ֆրանսիացիներն ընտրական խմբի հաղթողի գլխավոր հավակնորդն են, ուստի նրանց հետ պետք է շատ ուշադիր եւ հավասարակշռված խաղալ:

«Թեեւ Ֆրանսիան ֆավորիտն է, սակայն միշտ չէ, որ հաղթում են ուժեղները: Մտադիր չենք զիջել նախաձեռնությունը, հարձակողական ֆուտբոլ ենք ցուցադրելու եւ ձգտելու ենք հաղթել: Հույս ունեմ, որ դրական արդյունք կգրանցենք մեր օգտին: Երբ խաղում էինք իսլանդացիների հետ, ուսումնասիրել էի նրանց խաղը ու գիտեի, որ նրանք շատ ուժեղ թիմ ունեն: Իսլանդացիներն իրենց ցուցադրած խաղով արժանի են առաջատարի դերին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը: Նմանատիպ թիմերի հետ հանդիպումներին տղաներին լրացուցիչ խթան հաղորդելու կարիք չկա: Նրանք գիտեն, որ խաղալու են հզոր թիմի դեմ: Մենք հոգեբանորեն նրանց տրամադրել ենք պայքարի: Հարգում ենք մեր մրցակցին, բայց հավատում ենք մեր հաղթանակին: Բոլոր տղաներն էլ լավ մարզավիճակում են:

Կարծում եմ, որ հանդիպման ուշ ժամը չպետք է ազդի խաղի վրա: Թեեւ սա առաջին դեպքն է, որ նման ժամի ենք խաղալու», նշեց Ռաֆայել Նազարյանը:

Գլխավոր մարզիչն արդեն կողմնորոշվել է հավաքականի մեկնարկային կազմի հարցում, սակայն միայն նշեց դարպասապահ Արսեն Բեգլարյանին: Անձնագրային խնդիրների պատճառով հավաքականին չի կարողացել միանալ Վահագն Միլիտոսյանը: Նման որոշակի խնդիր ունի նաեւ Դավիթ Մարիկյանը, սակայն հույս կա, որ դա կլուծվի եւ նա կմասնակցի առաջիկա խաղերին:

Ռաֆայել Նազարյանը համաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ հավաքականում «Փյունիկից» մեծ թվով ֆուտբոլիստներ են ընդգրկված, թեեւ թիմի վերջին խաղերի արդյունքները գոհացուցիչ չեն: Գլխավոր մարզիչը նշեց, որ փյունիկցիները ֆունկցիոնալ լավ են պատրաստված: Իսկ Դավիթ Զաքարյանին այս անգամ հավաքական հրավիրելը նպատակահարմար չի եղել, քանի որ նա միջազգային հանդիպումների փորձ չունի: Ըստ Նազարյանի, Դավիթը շատ լավ ֆուտբոլիստ է, ճկուն է, բարձր արագություն ունի: Իսկ հավաքականի նորեկներից գլխավոր մարզչի վրա լավ տպավորություն է թողել շիրակցի Կարեն Հակոբյանը:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ այսօրվա խաղում մուտքը «Հրազդան» մարզադաշտ ազատ է: Իսկ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Ֆրանսիայի հավաքականին, որի հաղթանակի գործակիցը 1,36 է: Մինչդեռ Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 8 գործակցով: Ոչ-ոքին գնահատվում է 4,75 գործակցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ