RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Տեղադրվել է` 2013-10-17 20:58:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1586, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԻԼՀԱՄԻ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐԵՑԻՆ... ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ տեղական ժամանակով ժամը 19-ին Ադրբեջանում նախագահական «ընտրություններն» ավարտվել են: ԿԸՀ տվյալներով` «քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը»: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նույն ժամի դրությամբ միայն արձանագրել է «մասնակիցների բարձր ակտիվություն», իսկ Ադրբեջանի ԿԸՀ-ն` նաեւ «ընդդիմության կողմից ընտրությունները խափանելու մի քանի փորձ»:

Այսօր կհրապարակվեն քվեարկության նախնական արդյունքները: Իլհամ Ալիեւը կհայտարարվի «ընտրված նախագահ»: Բայց կատարյալ երջանկության համար նրան ինչ-որ բան, անկասկած, կպակասի: Քվեարկության օրը միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Միջազգային համաներումը, Իլհամ Ալիեւին անվանել է «բռնապետ եւ ժողովրդավարության գերեզմաանափոր»:

Այդ գնահատականն, ինչպես ասում են, «շղթայից արձակել է» իլհամալիեւյան վարչախմբի բոլոր «բակապահ շներին»:

Երեկ օրվա վերջին ադրբեջանական մամուլը հեղեղված էր միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալուսենի հասցեին ամենավիրավորական հրապարակումներով:

Այս հարցում «վերջակետ դրեց» haqqin.az-ը, որի մեկնաբանի «տեղեկացվածությամբ»` Ջոն Դալուսենը, «լինելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի աշխատակազմի ծառայող, ընտանիքով սերտ հարաբերություններ է ունեցել հայ ընտանիքի հետ եւ ընկել Ադրբեջանի մասին իր հայ բարեկամների պատմությունների ազդեցության տակ»:

Ստացվում է, որ եթե Ջոն Դալուսենը «մտերիմ չլիներ հայ ընտանիքի հետ», Իլհամ Ալիեւը չէ՞ր անվանվի «բռնապետ եւ ժողովրդավարության գերեզմանափոր»: Բաքվում իշխող վարչախումբն, ըստ երեւույթին, դրանով «հետընտրական» իրավիճակի «բացատրության» հող է նախապատրաստում:

Կասկածելի է, թե եվրոպական առաջնորդները եւ ԱՄՆ-ի նախագահը կշնորհավորեն Իլհամ Ալիեւի «համոզիչ հաղթանակը»: Ավելի հավանական է, որ շատերը կլռեն: Փոխարենը կխոսեն միջազգային իրավապաշտպան կառույցները, Եվրոպայի խորհորդը, Եվրոխորհրդարանը: Եվ որպեսզի այդ գնահատականները չդառնան Ադրբեջանում հետընտրական զարգացումների ազդակ, իշխանական քարոզչամեքենան արդեն իսկ շրջանառության է դրել դրանց «հայկական ծագումնաբանության» վարկածը:

Ավելին, ընդդիմության թեկնածուն նույնպես ներկայացվում է «հայկական ազդեցության» դիտանկյունից: Նախօրեին բրիտանական Guardian-ում Ջամիլ Հասանլին հոդված է տպագրել, որտեղ Լեռնային Ղարաբաղը բնութագրված է իբրեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք»: Իշխանական քարոզչությունն արդեն իսկ կայացրել է Հասանլիի դատավճիռը` «ինչպե՞ս է նա հոկտեմբերի 9-ից հետո նայելու մարդկանց աչքերին, եթե Ղարաբաղը դուրս է բերել Ադրբեջանի կազմից»:

Կարելի է վստահ լինել` մոտ ապագայում «կապացուցվի, որ Ջամիլ Հասանլիի լոնդոնոբնակ փեսան իրոք ծագումով հայ է, եւ հենց նա է Միջազգային համաներման Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալուսենին կանխատրամադրել Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դեմ»: Այս դեպքում, սակայն, հարկ կլինի արձանագրել, որ «հայկական ազդեցության» թեման Բաքվում իշխող վարչախմբի վերջին ապաստարանն է սեփական ժողովրդից, ինչպես ստահակների համար` հայրենասիրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ