ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՆ ԾԱՆՈԹ ԵՆ, ՀԱՅԿԱԿԱՆԻՆՙ ՈՉ Հ. Հ. Ադրբեջանի գիտական եւ քաղաքական շրջանակներն արդեն 60 տարի ամենատարբեր ամբիոններից հայտարարում են, որ Հայաստանի տարածքն էլ է ադրբեջանական, բոլոր հայկական մշակութային կոթողներըՙ նույնպես: Առավել ցավալի է, որ եվրոպական մամուլը հայկական տեսակետին ծանոթ չէ: Եվրոպային մեր տեսակետը մատուցելու անհրաժեշտությունը գնալով մեծանում է: Տեսակետն ու առաջարկությունը ասում է 1992-2000թթ. Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանըՙ հավելելով, որ Ադրբեջանի գիտական շրջանակների պնդմամբ, ադրբեջանցիները 5000 տարվա ժողովուրդ են եւ 3000 տարվա պետականություն ունեն: Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերն ու Պարսկաստանի Ատրպատական նահանգը շփոթում Ադրբեջանի հետ: «Նրանք հայտարարում են, թե Ատրպատականի ժողովուրդն իրենց նախնիներն են, ինչը բացարձակ սուտ է, քանի որ Ատրպատականի ժողովուրդը արիական ցեղից է եւ մինչեւ 15-րդ դարը խոսում էր պարսկերենի փահլավի լեզվով: Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանի եւ Արցախի տարածքում բոլոր քրիստոնեական տաճարներն ու եկեղեցիները պատկանում էին աղվաններին, ովքեր իբր նրանց նախնիներն են: Աղվանները 7-8-րդ դարերում դարձան մահմեդական, իսկ մեր քրիստոնեական եկեղեցիները կառուցվել են 6-18-րդ դարերում: Ինչպե՞ս դրանք կառուցվեցին, երբ մենք մահմեդական էինք», հարցնում է Գալիչյանը: Բացի վերոնշյալիցՙ ադրբեջանական գիտական քարոզչությունը պնդում է, թե իբր հայերը Կովկասի հարավում գոյություն չեն ունեցել 1826-1828թթ., թե իբր Թուրքմենչայի պայմանագրով ռուսական զորքերն են հայերին բերել այդ տարածաշրջան: «Եթե այդ շրջանում հայեր չէին ապրում, ապա շահ Աբբասն ինչպե՞ս է 400000 հայերի քշել Պարսկաստան», ասում է Գալիչյանըՙ հավելելով, որ խորհրդային քարտեզներում որպես 1000 տարվա պատմություն ունեցող երկիր նշվում էր Վրաստանը. մեկ երկիր էլ 2000 տարվա պատմություն ունի. դա Հայաստանն է: Գալիչյանը խորհուրդ է տալիս վերադառնալ աշխարհի հնագույն քարտեզներին: Նա առաջարկում է Բրիտանական թանգարանում գտնվող բաբելոնյան կավե սալիկն ուսումնասիրել, որն աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզն է եւ թվագրվում է մ.թ.ա. 600 տարի առաջ: «Սալիկի վրա պատկերված է աշխարհի կենտրոնը, որտեղ նշված է երեք երկիրՙ Բաբելոն, Ասորեստան եւ Արարատի երկիր: Վերջինը անգլիացի պատմաբանները թարգմանել են Հայաստան», ասաց քարտեզագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ անունն առաջին անգամ օգտագործվել է ԽՍՀՄ-ի ստեղծումից հետոՙ 1918-ին: Մինչ այդ, նման պետություն գոյություն չի ունեցել, իսկ տարածքը կոչվել է Շիրվան, տարածքում էլ մինչեւ 1920-ականները, գրավոր լեզուն եղել է պարսկերենը: «Ինչպե՞ս կարող է հնագույն մշակույթ ունեցող ազգը սեփական լեզուն եւ այբուբենը չունենալ»: Պետական մակարդակով քարոզչություն իրականացնելու համար գիտնականը կարեւորում է պատմագիտական գրքերի հրատարակում բազմաթիվ լեզուներով: |