RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



ՄԵՐԺՄԱՆ ՃԱԿԱՏ

Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

«ՈՉԻՆՉ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանում ձեւավորվել է մարդկանց մի խումբ` տարբեր կրթական, սոցիալական մակարդակներով եւ տարբեր տարիքի ու սեռի, որոնց անխախտելի սկզբունք է դարձել` «Ոչինչ` Սերժ Սարգսյանից»: Սա երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերի, հիմնականում ՀԱԿ-ի «գործունեության արդյունքն է», համենայն դեպս քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն էին, որ տարիներ շարունակ տարբեր հրապարակներում հայտարարում էին, թե «քանի որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է», ուրեմն «մեզ ոչինչ պետք չէ Սերժ Սարգսյանից»: Հասկանալի է, որ ՀԱԿ-ի համախոհ հասարակության հատվածը ընդունելու էր այս սկբունքը որպես իր սեփականը, առանց նկատելու, որ իրականում ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ, այդքան էլ հետեւողական չէ իր իսկ հռչակած այս «քաղաքական սկզբունք»-ով առաջնորդվելիս: Ստացվում է այնպես, որ քաղաքական ուժն իր համախոհներին կոչ է անում առաջնորդվել մի սկզբունքով, որով ինքը հաճախ չի առաջնորդվում: Օրինակՙ չնայած ՀԱԿ-ը հայտարարեց, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները կեղծված են` դրանց վերջնական ելքի վրա էական ազդոեցություն ունենալու աստիճանով, ՀԱԿ-ը գնաց «կեղծված ընտրությունների արդյունքում» ձեւավորված խորհրդարանՙ փաստորեն դրա մասը կազմելով:

Երիտասարդ Տիգրան Առաքելյանը, ով, հիշեցնենք, ձերբակալվել է դեռեւս 2011-ի օգոստոսին, ՀԱԿ-ի այն համակիրներից է, որոնք իրենց սեփականն են ընդունում ՀԱԿ-ի հռչակած սկզբունքները` առանց խորամուխ լինելու, թե որքանով են դրանք ՀԱԿ-ում «սրբորեն պահպանվում»: Առաքելյանին, հիշում ենք, երկու տարի առաջ մեղադրանք ներկայացվեց` ոստիկանին հարվածելու համար, նա ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվեց եւ այժմ Վերաքննիչ դատարանի վարույթում է: Այդ դատարանում Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել միջնորդությամբ` «փոխելու Առաքելյանի խափանման միջոցը (այն է` կալանքը)», ինչը, սակայն դատավոր Եվա Դարբինյանը մերժել է, քանի որ` «միեւնույն է, Տիգրան Առաքելյանը շուտով ազատ է արձակվելու համաներմամբ»: Փաստաբանի միջնորդության այսկերպ մերժումից հետո դատարանի դահլիճում գտնվող Տիգրան Առաքելյանը, ըստ ականատեսների, հայտարարել է, որ ինքը հրաժարվում է համաներմամբ իրեն տրվող իրավունքից:

Այլ կերպ ասած, Տիգրան Առաքելյանը, գտնելով, որ ինքը հանցանք չի կատարել եւ դատապարտվել է սոսկ սեփական քաղաքական հայացքների համար, այդուհանդերձ հրաժարվում է համաներմամբ ազատ արձակվել... Քանի որ Տիգրան Առաքելյանը սկզբունք ունի` «Ոչինչ` Սերժ Սարգսյանից»:

Եվ վերջապես, դժվար է ասել, թե հիմա «այս իշխանություննե՞րն» են Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահում, թե՞ ՀԱԿ-ը` որպես «բարոյահոգեբանական գործոն», թույլ չի տալիս Առաքելյանին` դուրս գալ բանտից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ