ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՅՐԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», septembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. Եթե Մոսկվայում կա գաստրոնոմիական շատ գնահատված մի վայր, դա անվիճելիորեն «Արմենիա-Հայաստան» բարձրակարգ նպարեղենի խանութն է: Քաղաքի բուն կենտրոնում գտնվող խանութի պատմությունը սկսվում է խորհրդային ժամանակշրջանում: Տնօրեն Սերգեյ Մնացորյանը սիրահոժար համաձայնեց այն մեզ ներկայացնել: Տվերսկոյ (նախկին Գորկու) պողատայում մի շքեղ ցուցափեղկ առանձնանում է քաղաքային մռայլ բնապատկերից: Նույն մեծության ռուսերեն եւ հայերեն անվանումները հպարտորեն ազդարարում են Հայաստանի անունը: Այս նրբակերտ շինության մեջ բազմաթիվ ռուս, ինչպես նաեւ հայ հաճախորդներ բարձր գներով ձեռք են բերում կոնյակ, գինիներ, ջրեղեն եւ Հայաստանից ներմուծված տարատեսակ այլ մթերքներ: Առաջին հավաստումն այն է, որ այստեղի հաճախորդները տարբերվում են արվարձանների հայկական նպարավաճառնոցների հաճախորդներից: Եթե հաստատությունը իր անթաքույց ներկայությամբ Մոսկվա քաղաքի ժառանգության մասն է կազմում, պատճառը նաեւ այն է, որ խանութն ունի երկար պատմություն: Թիֆլիսահայ Սերգեյ Մնացորյանը հպարտանում է իր հաստատությամբ: «1952-ից ի վեր հայ տնօրենների սերունդները հաջորդել են իրար, Մոսկվային ծանոթացնելով Հայաստանին: Նրանցից ոչ մեկը չի ժխտել անցյալի ժառանգությունը», ասում է նա: Արդ, ամեն ինչ սկսվում է 1937 թվականինՙ ստալինյան զտումների վատթարագույն պահին: Սկզբնապես մի կոոպերատիվ, որպիսիք հազարներով էին ԽՍՀՄ-ում, վաճառում է բացառապես ՀՍԽՀ-ից ստացված գյուղթերքներ: Մոսկվայում նույնն անում էին նախկին ԽՍՀՄ-ի նաեւ մյուս հանրապետությունները: Հայկական խանութն ուներ մյուսներից ավելի պարզ, բայց գրավիչ ձեւավորում: Այն ժամանակներից մնացած տպավորիչ խճանկարը խորհրդանշում է անցյալի եւ ներկայի անխզելի կապը: Հաստատության տեսքը թարմացվում է միայն 1997 թ. սեփականաշնորհումից հետո: 2008 թվականին Սերգեյ Մնացորյանը հարստացնում է տեսականին. խանութում արդեն կարելի է գտնել ասես ուղղակիորեն Երեւանից բերված արհեստագործական իրեր, ինչպես նաեւ Ռուսաստանի հայկական մամուլի որոշ կարեւոր հրատարակություններ: Հաստատության 25 ծառայողների մեծ մասը ռուսներ են, ինչպես հաճախորդները: «Արմենիան» սոսկ բարձրակարգ նպարեղենի խանութ չէ. այնտեղ կարելի է նաեւ համտեսել հայկական նշանավոր գինիներՙ շնորհիվ ընդգետնյա անծայրածիր մառանի, որի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ռուսաստանի գերքաղաքի հայերի տեսանելիությունը մեծացնող 580 քառակուսի մետր եռամակարդակ մակերեսի շնորհիվ հաստատությունը իսկական ոսկու բնակտոր է դառնում ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում: «Զարմանալի բան. Փարիզի «Պետրոսյան» խավիարը շատ ավելի բարձր է գնահատվում, քան Աստրախանինը», խոստովանում է սեփականատերը: Մինչ մենք խոսում ենք, Ազնավուրի ձայնը բարձր հնչում է Առնո Բաբաջանյանի երկու երգերի արանքում: Այսօր «Արմենիան» մասնակցում է մոսկովյան կյանքին, հովանավորելով տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են հայկական ապրանքների ցուցադրության ամենամյա մեծ տոնավաճառը, «Ոսկե նուռը»: Ձեռնարկության զարգացումը դրանով չի սահմանափակվում: Սերգեյ Մնացորյանը մտադիր է մասնաճյուղեր բացել երկրի գլխավոր քաղաքներում, որտեղ պահանջարկն առկա է, առաջին հերթին Սանկտ Պետերբուրգում: Հեռանալուց առաջ ես նրան հանձնում եմ «France-Arme՛nie» ամսագրի մեկ օրինակ, որը նա հետաքրքրությամբ թերթում է, ապա ինձնից խնդրում է սեփական միջոցներով ամսագիրը Ռուսաստանում տարածելու թույլտվություն: Նկար 1. «Արմենիա» խանութի ցուցափեղկը Նկար 2. Սերգեյ Մնացորյանը հանրահայտ խճանկարի առջեւ Նկար 3. Խանութի մի մասըՙ համտեսման անկյունով |