RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Եզդի համայնք

Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍՐԲԱՎԱՅՐԸՙ ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ

«Բոլոր ազգերի համար Աստծուց գթություն հայցելով` եզդիները չեն ժխտում, ոչ մի կրոն, ոչ մի օտար դավանանք: Նույնիսկ ոչ մի լուսավոր քրիստոնեական աղանդ չունի նման մեծ հարգանք օտարադավանների նկատմամբ...: Այնուամենայնիվ, նրանք պաշտպանում են իրենց հավատն աշխարհի բոլոր ազգերի մեջ...»:

(Խ.Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ.8, էջ 268, «Քրդեր եւ եզդիներ», Երեւան, 1958)

Հայերն ու եզդիները եւ Արեւմտյան, եւ Արեւելյան Հայաստանում` դարեր շարունակ իրար մոտ են ապրել, պայքարել արդարության ու ազատության համար: Եզդիները, ավանդույթի համաձայն, միշտ վախեցել են այլադավաններից եւ իրենց սրբությունները պահել են օտարներից հեռու: Եղեռնի տարիներին հայերի հետ եզդիները վերահաստատվել են Արարատի ստորոտին եւ վերջապես խաղաղ ու հանգիստ բնակվել Հայաստանում, սակայն երազանքով միշտ իրենց հայացքն հառել են դեպի Իրաքի հյուսիսում գտնվող Լալըշին, աշխարհում միակ եւ ամենահին եզդիական սրբավայրին: Արդեն մեկ տարի է, որ ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի թույլտվությամբ կառուցվեց ու վեհությամբ վեր խոյացավ եզդի ժողովրդի նորակառույց սրբավայրը` Զիարատը: Սրբավայրն օծելու համար 2012 թվականին Իրաքի Լուսապայծառ Լալըշից (Լալըշա Նուրանի) եկել էին Համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը եւ հոգեւոր բարձրագույն դասի 12 ներկայացուցիչները: Սեպտեմբերի 29-ը Թահսին Բեգի կողմից հռչակվել էր սրբատեղիի օծման օր: Զիարատը, հատկապես տոն օրերին, միշտ մարդաշատ է, գալիս են ՀՀ-ի մարզերից, աշխարհի տարբեր երկրներից եզդիներ, հայեր, նաեւ օտարերկրացիներ` տեսնելու եւ հաղորդակցվելու այս բացառիկ սրբավայրին: 21-րդ դարում ստեղծված այս յուրօրինակ կառույցը դարերի հոլովույթում մնալու է ազգային բարերար, մոսկվաբնակ Միրզա Սլոյանի ջանքերի շնորհիվ: Նա ծնվել է Արմավիրի մարզում, նրա համար թանկ ու նվիրական են այս վայրերը, ուր իր մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն են անցել: Նրա կառուցած սրբավայրը եզդի ժողովրդի նվիրական վայրերից դարձավ, նման Լալըշին` սպիտակ քարերով` արեւի խորհրդանշանով: Այս տարի եզդիների հոգեւոր առաջնորդ Միր Թահսին Բեգի որդին` Հազմ Բեգը, (ով Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության պատգամավոր է), իր գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն այցելեց Հայաստան: Նախքան սրբավայր գնալը, պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան են եկել, որ մասնակցեն Ակնալճում անցյալ տարի օծված եզդիական սրբավայրի մեկ ամյակին նվիրված տոնակատարությանը, սակայն Ծիծեռնակաբերդ անպայման պետք է գային. «Մենք հայերի հետ դարավոր բարեկամներն ենք եւ չենք մոռանում այն ցավը, որը ապրել է հայ ժողովուրդը: Իրաքում էլ այսօր մենք շատ լավ հայ բարեկամներ ունենք: Պետք է ասեմ, որ հայերը Քուրդիստանի շրջանի խորհրդարանում նույնպես մի պատգամավոր ունեն»: Այնուհետեւ հյուրերն այցելեցին Ցեղասպանության թանգարան եւ ծանոթացան ցուցադրված նյութերի հետ: Իրաքի Դհոկ քաղաքի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մամու Օթմանն ասաց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1974 թվականին, սակայն այսօր Երեւանն ավելի է գեղեցկացել: Թանգարանի ցուցադրությունները նայելուց հետո նա իր տպավորությունները գրեց հուշամատյանում եւ ասաց, որ ինքը ցնցված է, եւ ուղղակի անմոռանալի են այս նկարները, այսպիսի դաժանություն երբեւէ չէր տեսել: Նա ուրախ է, որ հայ ազգը կարողացել է այդ անպատմելի փորձություններից հետո վերագտնել իրեն եւ այսպես բարգավաճել: Նա ավելացրեց, որ եզդի ուսանողների թիվը Դհոկում հասնում է մոտ երկու հազարի: Միայն Դհոկի համալսարանում 80 եզդի պրոֆեսոր կա: Կրթությունը նրանց մոտ շատ բարձր է այսօր գնահատում: Լավ կլիներ, որ Հայաստանում եւս շատ եզդի երիտասարդներ բուհերում սովորեին: Իրաքի Քուրդիստանի շրջանի գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների նախարար Ջամիլ Սուլեյման Հայդերըն էլ ասաց, որ ուրախ է, որ եզդիներն Հայաստանում պահպանել են իրենց ազգային ավանդույթները, լեզուն ու կրոնը: Նա նշեց, որ այսօր Իրաքի Լալըշ սրբավայրում նորոգման աշխատանքներ են տարվում: Քուրդիստանի կառավարությունը 17 միլիոն է տրամադրել եւ սրբավայրի շրջակայքը, պարիսպները կառուցվում են: Եվս 11 միլիոն էլ` ըստ պայմանագրի կտրամադրվի եւ Գերմանիայից դիզայներներ կգան, որ տաճարի ներսի հարդարման աշխատանքներն ավարտեն, դրանք կտեւեն մոտ 3 տարի:

Սեպտեմբերի 29-ին, վաղ առավոտից հոծ բազմություն էր հավաքվել Ակնալճի եզդիական սրբավայրի մոտ: Իրաքից եկած հոգեւորականների, պետական պաշտոնյաների, ՀՀ ԱԺ ախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՌԴ-ից, ԳԴ-ից եւ այլ վայրերից եկած բազմաթիվ հյուրերի, ՀՀ-ի եզդի եւ հայ բնակչության հետ մեծ շուքով նշվում էր այդ սրբատեղիի օծման առաջին տարին:

ԱԺ ախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց ՀՀ-ում բնակվող ոչ միայն եզդիների, այլեւ բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները կարգավորելու հարցը: Նա ասաց, որ աշխատում են այնպես, որ նրանք խնդիրներ չունենան Հայստանում: Հայտնի է, որ Հայոց Մեծ եղեռնի տարիներին եզդիներն ապաստան են տվել հայ ժողովրդի տառապած զավակներին ու միասին պայքարել թուրք զավթիչների դեմ` 1915 թվականից մինչեւ Արցախյան ազատամարտ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ հիշարժան օրվա առիթով պարգեւներ եւ մեդալներ հանձնեց եզդի ազատամարտիկներին եւ ասաց, որ հայ եւ եզդի ժողովուրդների պայքարը լի է դարավոր փորձություններով եւ բոլոր ժամանակահատվածներում էլ նրանք մարտնչել են միասնաբար:

Հայաստանը եզդիները համարում են իրենց հայրենիքը: Միրզա Սլոյանի ընտանիքի համար նույնպես Հայաստանը շատ հարազատ վայր է: Այստեղ են նրա ծնողների, հարազատների գերեզմանները, այստեղ են նաեւ նրանց հայ եւ եզդի ընկերները: Տարվա ընթացքում Միրզա Սլոյանը Մոսկվայից մի քանի անգամ գալիս է Հայաստան: Սրբավայրը կառուցելուց հետո նա սկսեց բարեկարգել շրջապատը, կամարապատ մուտքը:

- Սրբավայրին հարող տարածքում նախատեսում ենք կրթամշակութային կենտրոն կառուցել, դպրոց, մշակույթի տուն, նաեւ ծառեր ու ծաղիկներ կտնկվեն, մեր խորհրդանիշները կդրվեն` արեւ, սիրամարգ եւ այլն, մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք պահպանելու մշակութային արժեքները, միաժամանակ հանգստանալու, վայելելու բնության գեղեցկությունները: Հայ բարերարներն ինձ համար լավագույն օրինակ են: Իսկ լավագույններից պետք է միշտ սովորել: Այսօր շատերը հայերի նման արտագաղթել են Հայաստանից, սակայն Հայաստանն անմոռանալի է, այն վայրն է, ուր եզդիները լիարժեք կարողանում են զարգանալ, պահպանել իրենց ուրույն դեմքը: Առաջիկայում անպայման կկառուցվի նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության հուշարձան,- հավաստում է Միրզա Սլոյանը:

Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերով թրծվել է: Զորավար Անդրանիկն ու Ջհանգիր աղան իրենց հայդուկներով միմյանց օգնելով կարողացել են հազարավոր մարդկանց կյանք փրկել: Ըստ Միրզա Սլոյանի` քրդերը, ոգեւորվելով թուրքական կառավարության ցեղասպան քաղաքականությունից, միայն իրենց գերդաստանից Իգդիրում 64 մարդ են սպանել: Նրանց գերդաստանը բնակվել է Սուրմալու գավառի Յասիբլուխ գյուղում: Նրա հայրը` Չոլոյե Սլոն, կամավոր զինվորագրվել է ցարական բանակին եւ պայքարել թուրքերի դեմ: Նրանց հաջողվել է հասնել Արեւմտյան Հայաստան եւ հաստատվել Զվարթնոց գյուղում: Թեեւ այսօր Սլոյան եղբայրներն ու նրանց ուստրերն ու դուստրերը բնակվում են աշխարհի տարբեր վայրերում, սակայն սրբության սրբոցը մնում է իրենց պապի` Չոլոյե Սլոյի ստեղծած սուրբ օջախը Հայաստանում, հայերի հյուրընկալ հողը:

Սեպտեմբերի 28-ին Երեւանի «Մոսկա» կինոթատրոնում ցուցադրվեցին «Արեւի զավակներ» եւ «Տաճար տանող ճանապարհը» ֆիլմերը, որոնք հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության հավաստի ապացույցներն էին, եզդի ժողովրդի անցած դժվարին, բայց հիշարժան ճանապարհը: Այնուհետեւ տեղի ունեցավ Միրզա Սլոյանի հայերեն լեզվով «Տաճար տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Սլոյանի ծնողների հիշատակին: Հեղինակը խոստովանում է, որ այս ճանապարհը նրա համար ճակատագրական է եղել: Հիրավի, նա այնպիսի մի ուղի է հարթել, որը պատմական նշանակություն ունի եւ ազգի հարատեւման հիմնաքարն է դրվել: Թեեւ Սլոյանի, ինչպես նաեւ այլ գործարար եզդիների երեխաներն ու թոռները ծնվել են ՌԴ-ի տարբեր քաղաքներում` Տվերում, Կալինինգրադում, Յարոսլավլում, Կրասնոյարսկում, թե Մոսկվայում, միեւնույն է, նրանք ռուսերենից ու եզդիերենից բացի սովորում են նաեւ հայերեն խոսել: Եզդիական սփյուռք է առաջացել, որ ունի իր խնդիրները:

- Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է: Ուրախ ենք, որ եզդիներն ազատ ու հանգիստ են ապրում այստեղ: Մեզ Ձեր երկրի արեւի պես ջերմ ընդունեց եւ ճանապարհեց եզդի բարերար Ջնդի Ամարյանը, - մեկնելիս խոստովանում է Միր Թահսին Բեգի որդին` Հազմ Բեգը: Նա համոզված է, որ Հայաստան բերող ճանապարհը երիտասարդ սերնդի համար միշտ բաց է լինելու: Եվ ինչպես Սլոյանն է ասում` Հայաստանը եզդիների գտնված հայրենիքն է: Իսկ հայրենիք ասվածն այսօր շատ խնդիրներ ունի, եւ բարերարները նույնպես լուրջ անելիքներ ունեն, որ Հայաստանն իրոք դառնա բոլորի երազանքի երկիրը: Հայտնի է, որ Հայաստանում ծնված ու մեծացած յուրաքանչյուր մարդ, ով ապրում է արտերկրում, միշտ էլ կարոտում է իր հայրենի հողը, մանկության սարերն ու ձորերը, իսկ կարոտ ասվածը մագնիսի նման ձգում, քաշում է մարդկանց դեպի իրեն: Մի խոսքով` սա վերադարձ է արմատներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ