RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Ոսկանյանը հրաժարականի դիմումը վարչապետ Պոնտային ներկայացրեց անմիջապես այն բանից հետո, երբ Ռումինիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց գլխավոր դատախազի դիմումը նրա դեմ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ:

Իր հրաժարականը Վարուժան Ոսկանյանը բացատրել է կառավարության գործունեությունը կասկածի տակ չդնելու ցանկությամբ:

Վարչապետ Վիկտոր Պոնտան գնահատել է Ոսկանյանի կատարած քայլը եւ այն համարել քաղաքական որոշում: «Գնահատում եմ պարոն Ոսկանյանի քայլը: Նա չցանկացավ խնդիր դառնալ կառավարության հեղինակության համար եւ հրաժարական տվեց»: Իր հերթին, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Ոսկանյանի հրաժարականը գնահատեց որպես «արդար եւ խելամիտ» որոշում:

Վարուժան Ոսկանյանի հրաժարականն զբաղեցրած պաշտոնից չի նշանակում, որ նրա դեմ կարող է քրեական հետապնդում սկսվել, քանի որ նա շարունակում է մնալ սենատոր եւ վայելել անձեռնմխելիություն: Դատական նոր հետապնդման համար նոր հիմքեր են պետք եւ նոր դիմում խորհրդարանին, ինչը հավանական չէ:

Ռումինիայի էկոնոմիկայի նախկին եւ ներկա նախարարների, համապատասխանաբար Ադրիան Վիդեանուի եւ Վարուժան Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը բարձրացվել էր դեռեւս սեպտեմբերի 2-ին Ռումինիայի կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից:

Ըստ ԿՀԱԴՊՎ պաշտոնական հաղորդագրությանՙ Վարուժան Ոսկանյանը եւ Ադրիան Վիդեանուն կասկածվում են էկոնոմիկայի նախարարի պաշտոնում (Վ. Ոսկանյանը` 2006-2008թթ., իսկ Ա. Վիդեանուն` 2008-2010թթ.) մի շարք որոշումների եւ հուշագրերի ստորագրման եւ աջակցության միջոցով Ռումինիայի տնտեսությանն էական վնաս հասցնելու եւ հանցավոր խմբավորման տնտեսական շահերին նպաստելու մեջ:

ԿՀԱԴՊՎ-ն պնդում է, որ նշված որոշումներով Ռոմգազ ընկերության միջոցով Ինտերագրո/Interagro SA գազային ընկերությանը բնական գազ է մատակարարվել էական առեւտրական զեղչերով, անգամ Ռոմգազի մատակարարման գնից ցածր, Ինտերագրոն մոնոպոլ կարգավիճակ է ստացել շուկայում եւ դարձել արտոնյալ մատակարար` վնաս հասցնելով ազգային էներգետիկ համակարգի գազային սեկտորին:

Վարուժան Ոսկանյանը կտրուկ հերքել է իր դեմ մեղադրանքները` նշելով, որ այդ ընկերությանը տրամադրված զեղչային գները հաստատված են եղել դեռեւս իր պաշտոնավարումից առաջ եւ դրանց կիրառությունը տարածված է ամբողջ Եվրոպայում այն ընկերությունների համար, որոնք կառավարության հավելյալ օժանդակության կարիքն ունեն: Ինքը գործել է օրենքի սահմաններում եւ գտնում է, որ իրավական չէ նախարարին հետաքննության ենթարկել ի պաշտոնե իրեն վերապահված որոշումներ ընդունելու համար: Ոսկանյանը նաեւ նշել է, որ ընդհակառակը, այդ որոշման կիրառումից հետո 2008թ. Ռոմգազ ընկերությունը շահույթ է արձանագրել 2007թ. համեմատ, ինչը եւս հերքում է պետությանը վնաս հասցնելու մեղադրանքը:

Որ Ոսկանյանի դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է, հոկտեմբերի 7-ին հաստատեցին սենատորները ջախջախիչ մեծամասնությամբ իրենց քվեարկությամբ: «Չեմ ուզում ավելորդ շահարկությունների մեջ ընկնել, սակայն թիրախը ոչ թե 2008թ. նախարար Վարուժան Ոսկանյանն է, այլ 2013թ. նախարար Վարուժան Ոսկանյանը», Սենատում իր ելույթի մեջ նշեց հայ նախարարը:

Վարուժան Ոսկանյանը հայտնի հանրային դեմք է, քաղաքական գործիչ եւ գրող, որի դեմ առաջին անգամ չեն հյուսվում քաղաքական դավեր: Մի որոշ շրջան նախագահ Բասեսկուն իր կառավարության անհաջողությունները շարունակաբար բարդում էր նախորդ կառավարությունում ֆինանսների եւ էկոնոմիկայի «առատաձեռն» հայ նախարարի վրա: Իսկ դրանից առաջ, 2006թ. Ոսկանյանի դեմ ծավալվել էր իսկական արշավ` խափանելու եվրոպական հանձնակատարի պաշտոնում նրա թեկնածությունը: Ինչը հաջողվեց նրա քաղաքական հակառակորդներին, քանի որ Ոսկանյանը ստիպված եղավ հետ քաշել իր թեկնածությունը, թեեւ հերքվել էին նրա հասցեին բոլոր հերյուրանքները:

Հետագայում մամուլում ակնարկվեց, որ Վարուժան Ոսկանյանի դեմ դավերի թիկունքում կարող են կանգնած լինել թուրքերը, որոնց հանգիստ չեն տալիս Ռումինիայի Հայոց միության ղեկավարի հեղինակությունը եւ ազդեցությունը: Թուրքիան բազմապատկեց իր ջանքերը հատկապես Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հրատարակումից հետո, որն արդեն թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով, ձեռք բերել միջազգային աննախադեպ համբավ եւ նույնիսկ ներկայացվել գրականության Նոբելյան մրցանակի: Անցյալ տարի Անկարան դիվանագիտական խողովակներով իր ակնհայտ դժգոհությունն էր հայտնում ռումինական իշխանություններին վեպի հանրային ներկայացումների առիթով: Անգամ լուրեր են պտտվում, թե Անկարան ու Բաքուն ուղղակի ճնշումներ են բանեցրել «ռազմավարական գործընկեր» Բուխարեստի վրա` կառավարության կազմից Վարուժան Ոսկանյանին հեռացնելու համար: Եվ Պոնտայի կողմից հայ նախարարի հրաժարականի շուտափույթ ընդունումը ցույց է տալիս, որ Բուխարեստում այնքան էլ դեմ չէին դեպքերի այդպիսի զարգացմանը: Ինքը` Վարուժան Ոսկանյանը, չի ափսոսում հեռանալու համար, քանի որ «վարչապետ Պոնտան այդպես էլ չէր հարմարվում իր հետ»: Ոսկանյանը ճիշտ է վարվել գուցե նաեւ մի այլ պատճառով, քանի որ օրեցօր ավելի են սրվում կոալիցիայի ներսում հակասությունները նրա երկու պարագլուխների` Պոնտայի եւ Անտոնեսկուի, ինչպես նաեւ այս երկուսի ու նրանց ոխերիմ հակառակորդ նախագահ Բասեսկուի միջեւ: Սոցիալական կուտակվող անպատասխան հարցերի եւ 2014թ. նախագահական ընտրություններից առաջ Ռումինիան կարծես կրկին մղվում է քաղաքական ճգնաժամի ճահիճի մեջ, ինչը մեծացնում է եվրոպական մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի անվստահությունը Բուխարեստի նկատմամբ: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ամերիկացիներն սկսել են կրկին զգուշացնել, իսկ Փարիզն արգելում է Ռումինիայի մուտքը Շենգենի գոտի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ