ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ՄԵՋ Իսրայելում գործող Օտարերկրյա լրագրողների ընկերակցությունըՙ FPA-ն, իսրայելական բանակին մեղադրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ: Կազմակերպության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պաղեստինյան Կալանդիա գյուղում նոյեմբերի 29-ին, երբ լրագրողները նկարահանում էին տեղացի արմատական երիտասարդների եւ իսրայելցի զինվորականների ընդհարումը: Կազմակերպության հաղորդման համաձայն, իսրայելցի զինվորականները լրագրողների վրա նետել են լուսաաղմկային նռնակներ: Ինչպես պատմում է Ֆրանսպրեսի լուսանկարիչ Մարկո Լոնգարին, լրագրողները եղել են իսրայելցիներին քարկոծող պաղեստինցիներից 20 մետր հեռավորության վրա: Նրա խոսքերով, զինծառայողները ի պատասխան սկսել են առանց նախազգուշացման կրակել ռետինե փամփուշտներով: Կազմակերպության տվյալներով, նույն դեպքերի ժամանակ իսրայելցի զինվորականները կրակել են իտալացի ազատ լուսանկարչի վրա: Ռետինե փամփուշտը դիպել է նրա ֆոտոխցիկին: Մարկո Լոնգարին հաստատել է այն տեղեկությունը, որ զինվորականները կրակել են ոչ թե մարդկանց ոտքերին, ինչպես արվում է սովորաբար, այլ` աչքերի բարձրության վրա: FPA-ն ընդգծում է, որ լրագրողների հագին եղել են իրենց զբաղմունքը մատնանշող բաճկոններ եւ սաղավարտներ: Բացի դրանից` բախումների հենց սկզբից լրագրողներն իրենց ձեռքերը բարձրացրել էինՙ ցուցադրելով իրենց չեզոքությունը: Նկատի ունենալով, որ լրագրողների վրա այնուամենայնիվ կրակ են բացել, կազմակերպությունում չեն կասկածում, որ զինվորականները նշան էին բռնել հենց ԶԼՄ-ների աշխատակիցների վրա: Կալանդիայի միջադեպի առնչությամբ Ֆրանսպրեսի արած պաշտոնական հարցապնդմանն ի պատասխանՙ իսրայելական բանակը հայտարարել է, որ զինվորները գործել են իրադրությանը համապատասխան, քանի որ պաղեստինցիները հարձակվել էին նրանց վրա, իսկ լրագրողները պազապես դեպքի վայրին շատ մոտիկ էին: Վերջին երկու տարում FPA-ն բանակից պահանջել է քննել մեկ տասնյակ համանման դեպքեր: Քննություն է անցկացվել միայն երկու դեպքի կապակցությամբ, ըստ որում գործը չի հասցվել դատարան: Թել-Ավիվում գործող Օտարերկրյա լրագրողների ընկերակցությունը հիմնվել է 1957-ին եւ ներկայացնում է աշխարհի 32 երկրի ԶԼՄ-ների 480 աշխատակիցների: Կազմակերպության հիմնական խնդիրներն են Մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանումը եւ այդ տարածաշրջանում լրագրողների աշխատապայմանների դյուրացումը: |