ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ Մ. Խ. Երեկ մեկնարկած Ազգային ժողովի վերջին քառօրյայում ընդդիմադիր պատգամավորները 49 ստորագրությամբ օրակարգ մտցրեցին եւ քվեարկությամբ հավանությունից հետո քննարկեցին կենսաթոշակների կուտակային բաղադրիչի հետաձգմանը վերաբերող իրենց նախաձեռնությունը (հայտարարության տեսքով), որով առաջարկվում է կառավարությանը` քննարկել օրենքի այդ բաղադրիչը հետաձգելու եւ նախագծում փոփոխություն անելու հարցը: Զուգահեռ` բողոքի գործողություն կար ԱԺ դարպասների մոտ` սեւ փուչիկներով, որն ի վերջո ոստիկանությունն արգելեցՙ նկատի առնելով անվտանգության միջոցառումները ՌԴ նախագահի այցի հետ կապված: Նախաձեռնություն-հայտարարությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ նոր տարբերակ քննարկելու մոտեցումներն անհրաժեշտ են, քանի որ թե տնտեսապես, թե քաղաքական առումով եւ սոցիալական արդարության տեսակետից երկրի վիճակն այժմ անհամապատասխան է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, ու եթե մարդն ապրելու համար կենսական միջոցներ չունի, անիմաստ է նրան խնայողություն պարտադրել. «Մեր ժողովրդին կազինոյի խաղացո՞ղ եք ուզում դարձնել»` հարցրեց Ա. Մինասյանը, նշելով, որ նախագծի մի շարք կարեւոր նպատակներ չի լուծում այս բաղադրիչի ներդրումը: ԲՀԿ-ի դիտարկումները ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր կուտակային համակարգին, բայց դա նրա կարծիքով պետք է լինի կամավորության սկզբունքով: Էդմոն Մարուքյանը խոսեց օրենքի նկատմամբ անվստահության առկայության մասին, Արմեն Ռուստամյանը չհասկացավ իշխանությանը, ով այս հարցում հանրությանն ու ընդդիմությանը չի ուզում լսել` նշելով, որ որդեգրվող արժեհամակարգը օտարածին է, ծերության նկատմամբ անխիղճ մոտեցմամբ, հայրեր-որդիներ հարաբերություններում պառակտում մտցնող: Մեծամասնությունից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ելույթից կրկին պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքացի արդեն գործող կամավոր համակարգով ցանկություն չի հայտնել օգտվելու կուտակային բաղադրիչից. «Մեր հանրությունը ոչ թե կենսաթոշակային համակարգին է դեմ, այլ մեզ է դեմ («ձեզ էլ, շատ մի ուրախացեք», դիմեց նա ընդդիմադիրներին»), վստահությունն իշխանության հանդեպ նկատի առնելով: Բայց եւ պնդեց. «Մենք էլ մեծամասնություն ենք», այսինքն` մեծամասնությունն այդպես է որոշել: Գագիկ Մինասյանը այլ շեշտադրում արեց` երկարատեւ ծրագրերով պետք է վիճակ փոխել` ասենք, քսան տարով հիփոթեքի համակարգ մտցնելով կամ քսան տարի հետո նորմալ թոշակ ստանալով` շնորհիվ նորմալ համակարգի: «Սա ֆինանսական շուկան ակտիվացնող անարդար համակարգ է... հեղաշրջում է ոլորտում, իսկ դուք պահպանողական եք», հիշեցրեց Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ին: Մի խոսքով` ընդդիմությունը մնում է իր կարծիքին, մեծամասնությունն` իր, իսկ այսօր հայտարարությունը կքվեարկվի: |