ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ Պ. Ք. Եվրոմիության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները պայմանավորվել են ժամանակավոր այցագրային ռեժիմ սահմանել բալկանյան պետությունների նկատմամբ: Այսպիսով, Եվրոմիությունը հավանություն է տվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությանը, որոնք մտահոգված են Բալկաններից փախստականների հարաճուն ներհոսից, գրում է գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսը: ԵՄ-ում ընդունված որոշման համաձայն, միության անդամ երկրներն իրավունք ունեն այցագրային ռեժիմը վերականգնել անօրինական ներգաղթյալների կամ քաղաքական ապաստանի անհիմն խնդրանքների թվի կտրուկ աճի դեպքում: Տվյալ միջոցը կարող է ձեռնարկվել միայն ծայրահեղ դեպքում եւ կգործի կես տարի: Ըստ որում, եվրոպական երկրները չեն կարողանա նման ռեժիմ հաստատել սեփական հայեցողությամբ: Հարկ կլինի համապատասխան խնդրանքով դիմել Եվրոպայի խորհրդին, որտեղ դրա օգտին պետք է հանդես գա ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը: 2009 թվականին Եվրոմիությունը վերացրել էր այցագրերը այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Մակեդոնիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, իսկ 2010-ից ազատորեն ԵՄ մուտք գործելու իրավունքից օգտվում են նաեւ Ալբանիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիները: Գերմանիայում եւ եվրոպական մի շարք այլ պետություններում այդ երկրներից եկած փախստականների թիվը վերջին 1 տարում կտրուկ ավելացել է, ինչը հարուցում է տեղական իշխանությունների մտահոգությունը: |