ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ Հ. Ծ. «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի համարում տպագրված Հարութ Սասունյանի հոդվածից տեղեկանում ենք, որ Լոնգ Բիջում (Կալիֆոռնիա) Գերագույն դատարանի նորակառույց մի շենք այսուհետեւ կրելու է Ջորջ Դյոքմեճյանի անունը: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի պաշտոնական բացումը կատարվել է նոյեմբերի 21-ին: Ջորջ Դյոքմեճյանը 28 տարի պատվով ծառայել է Կալիֆոռնիա նահանգին: 1982-ին դժվարությամբ ընտրվելով կառավարիչ, 1986-ին նա վերընտրվել է ջախջախիչ հաղթանակ տանելով իր հակառակորդի նկատմամբ: Դրանից առաջՙ 1973-83 տարիներին նա գլխավոր դատախազ էր եղել, իսկ 1967-ից 1979 թթ.ՙ նահանգային սենատոր եւ Սենատում մեծամասնական խմբավորման առաջնորդՙ 1969-ին: 1988-ին նա փոխնախագահի հավանական թեկնածու է եղել, բայց նախընտրել է չմասնակցել ընտրարշավին: Հինգհարյուրից ավելի կառավարական պաշտոնյաներ ներկա են եղել դատական շենքի բացման արարողությանը եւ շնորհավորել նախկին կառավարչին: |