ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ, ինչպես եւ խոստացել էր ամուսնանալու ժամանակ: Հարկադրված դադարը պայմանավորված էր մարզուհու մայրանալով: Հռիփսիմեն շուրջ 2,5 ամիս է, ինչ վերսկսել է մարզումները: Այժմ նա արդեն կարողանում է իրեն ենթարկել 100 կգ-անոց ծանրաձողը: Ընտանիքի անդամներն էլ ըմբռնումով են վերաբերվում Հռիփսիմեի որոշմանը, ամեն կերպ աջակցում են նրան, իսկ փոքրիկի խնամքի հարցում մեծապես օգնում է սկեսուրը: Անվանի մարզուհին պատրաստվում է հաջորդ տարվա ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ նպատակադրվել է մրցանակակիր դառնալ: Իսկ եթե չստացվի, ապա կփորձի այդ բացը լրացնել աշխարհի առաջնությունում: Իսկ նրա հեռահար նպատակը 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիադային մասնակցելն է: |