«ԿԱՄԵՐԱՏԱ ԶԱԼՑԲՈՒՐԳ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԳՐԵՄՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` հատուկ նախագծով: Մեկ բեմում միասին հանդես կգան երկու աստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ բազմակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրում կհնչեն` Ստրավինսկու Պուլչինելլա սյուիտը, Մոցարտի Հաֆներ սերենադը, Բեթհովենի Ռոմանս սոլ մաժորը եւ Մոցարտի թիվ 39 սիմֆոնիան: Հարկ է նշել, որ «Կամերատա Զալցբուրգ»-ը Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից է, որը հայտնի է իբրեւ դասական երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Նվագախումբը եզակի է ողջ աշխարհում իրեն բնորոշ «Մոցարտյան հնչողության» համար: Նվագախմբի հետ աշխատել են դիրիժորներ Բեռնհարդ Փաումգարթները, Շանդոր Վեգը, սըր Ռոջեր Նորինգթոնը եւ Անդրաս Շիֆը: Անվանի մենակատարներ Աննե-Սոֆի Մութերը, Հիլարի Հանը, Զուլիան Ռախլինը, Դանիել Հոփը, Ջոշուա Բելը, Թոմաս Զեհեթմայրը, Վերոնիկա Հագենը, Միցուկո Ուշիդան, Մյուրեյ Փերահիան, Օլլի Մուստոնենը, Դիթրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Քրիստոֆ Էշենբախը, Ֆիլիպ Հեռեվեգեն, Ռենե Ժակոբսը որպես հյուր երաժիշտներ հանդես են եկել «Կամերատա Զալցբուրգի» հետ Արդեն չորս տասնամյակ է, ինչ Պինկաս Ցուկերմանը մնում է որպես ֆենոմեն համաշխարհային երաժշտության մեջ: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ: Պ. Ցուկերմանի 20122013թ-ի համերգաշրջանը ներառում է ավելի քան 100 ելույթներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում: Նա արդեն 14 տարի է, ինչ Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, եւ չորս տարուց ի վեր հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա 21 անգամ եղել է Գրեմմի մրցանակի թեկնածու, եւ երկու անգամ արժանացել այդ մրցանակին: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար: 2004 թվականին CBC ընկերությունը ձայնագրել է տասը մասից բաղկացած ֆիլմաշար` «Կոնցերտ ըստ Պինկասի», որն հեռարձակվել է ամբողջ աշխարհում: Իբրեւ կամերային երաժիշտ` Պինկաս Ցուկերմանը նվագել է երաժշտական աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանիել Բարենբոյմը, Վլադիմիր Աշկենազին, Իցհակ Պեռլմանը, «Տոկիո» լարային քառյակը, Եֆիմ Բրոնֆմանը, Ժակլին դյու Պրեն: 2003-ին նա հիմնել է «Ցուկերման կամերային նվագողներ» համույթը, որը վերջին չորս տարիներին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում եւ փառատոներում: Պինկաս Ցուկերմանը պարգեւատրվել է Իցհակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգեւը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգեւատրել է Արվեստի ազգային մեդալով: Պինկաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով: «Լոս Անջելես թայմսը» մի առիթով գրել է. «Ցուկերմանը կարծես լինի հավերժ երիտասարդ մի վիրտուոզՙ արտահայտչականորեն ճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթեւասահ: Ինչպես միշտ, ուրախություն է լինել նրա երաժշտական ընկերակցության մեջ»: |