«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ 4030 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔ ԿԱ ԴԵՌ» ՌՈՒԶԱՆ ՊԵՊԱՆՅԱՆ Հարազատի ծանր կորուստ ապրածՙ աղետի գոտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդեն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողություններն է վերապրում Սաբիր Ստեփանյանը , ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ էր, ՀԽՍՀ պետական մատակարարումների կոմիտեի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց գործունեության մասին թերեւս ամենաբնորոշ ու դիպուկ գնահատականը տվել է այդ ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաեւը. «Եթե ինչ-որ բան անելն անհնար է, հանձնարարեք Ստեփանյանին, նա կարող է անել հնարավորն ու անհնարինը»: Մինչ օրս աղետի հետեւանքների ամբողջական պատկերը ճշգրիտ թվագրությամբ մտապահող զրուցակիցս, այնուամենայնիվ, համարում է, որ որեւէ չափորոշիչով կամ սանդղակով հնարավոր չէ չափել մարդկային մեծ վիշտն ու ցավը, որ այդ օրերին ապրեց ողջ հայ ժողովուրդը. - Ամենասարսափազդու ֆիլմերում անգամ անհնար է ներկայացնել այն ահարկու պատկերը, որ տիրում էր Հայաստանի երկու մեծ քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր ընդգրկող աղետի գոտում. Սպիտակն ու Լենինականը, ամբողջովին ավերակների մեջ, մարտի դաշտ էին հիշեցնում, ամենուր դիակներ, լալահառաչ ծանր վիրավորներ, խուճապի մատնված ողջ մնացածներ... գերեզմանոցներում սարսափելի պատկեր էր... բառերն անզոր են նկարագրելու այդ սոդոմ-գոմորը... ողջ մնացածներին եւ հազարավոր զոհվածներին փլատակների տակից հանող զինվորներն ու կամավորները լացում էին դիակները հողին հանձնելով. մարդկանց թաղում էին եղբայրական գերեզմանոցում, առանց անվան հիշատակման: Հե՞շտ է ասելՙ 25 հազար զոհ: Սարսափելի մի պատկեր հիշողությունիցս երբեւէ ջնջել չի լինի. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ պետմատի նախագահ Լեւ Վորոնինի հետ Լենինական մտնելիս ականատես եղանք, թե ինչպես 10-14 տարեկան երեք անչափահաս երեխա միայնակ «Ժիգուլի» ավտոմեքենայով իրենց ծնողների երեք դագաղներն էին տանում գերեզմանոց, փորձելով մեքենայի տանիքին մի կերպ պահել դրանք: - Ինչպե՞ս ընդունեցիք երկրաշարժի լուրը: Ինչպե՞ս հաջողվեց կազմակերպչական հսկայածավալ աշխատանքներ իրականացնել: - Երկրաշարժի մասին լուրն իմանալուց րոպեներ անց Մինիստրների խորհրդումՙ Ֆադեյ Սարգսյանի մոտ էինք. շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի ողջ հյուսիսը վերածվել է աղետի գոտու, որ կան տասնյակհազարավոր զոհեր: Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը. քաղբյուրոն կազմավորեց հատուկ հանձնաժողով նրա ղեկավարությամբ, որի կազմում էին իր տեղակալներ Բատալինը, Սիլաեւը, Վորոնինը, ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, միութենական նախարարներ, կենտկոմի եւ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի այլ պատասխանատու անձինք: Հայաստանի պետական մատակարարումների կոմիտեից հանձնաժողովի կազմում ընդգրկվել էի նաեւ ես: Եվ այդ մարդիկ երկու ամիս չհեռացան Հայաստանից, աշխատելով առանց հանգստի: Մինիստրների խորհրդում Ֆադեյ Սարգսյանի ղեկավարությամբ ձեւավորվեց օպերատիվ արձագանքման շտաբ. տեղում աշխատանքների կազմակերպման նպատակով շտաբներ ձեւավորվեցին նաեւ Սպիտակում, Լենինականում եւ Կիրովականում: Ողբերգության հենց առաջին օրից գործի դրվեց ԽՍՀՄ պետմատի ողջ հզոր համակարգը. տարածքային բոլոր ենթակառույցները ուղղորդվեցին օգնելու Հայաստանին: Եթե սովորական ժամանակներում մեր երկիր օրական 400-500 վագոն էր մտնում, ապա այդ օրերին դրանց թիվը հասնում էր 2,5 հազարի, որոնք Հայաստան էին բերում սնունդ, հագուստ, տնակներ, վրաններ, սարքավորումներ, տեխնիկա: Օգնությունը միայն նյութական չէր. վերականգնվեց շինարարական ինդուստրիանՙ ստեղծվեցին արտադրական շինանյութերի ձեռնարկություններ, գործարկվեց Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթափոխը: Ստացված օգնության արդյունավետ օգտագործման եւ նպատակային բաշխման կազմակերպումը լուրջ հիմնախնդիր էր: Հանրապետության պետական մատակարարման կոմիտեն կարճ ժամանակահատվածում Ախուրյանում կառուցեց Եվրոպայի խոշորագույն պահեստային բազաներից մեկը, միաժամանակ առկա շինություններից բազաներ վերաձեւավորելով նաեւ Երեւանում, Մասիսում, Կիրովականում: - Պարոն Ստեփանյան, Ձեզ ճանաչողները համարում են, որ ողբերգական այդ օրերի կիզակետում լինելովՙ ամեն ինչ մանրամասնորեն հիշում եք... - Գուցե մի քիչ չափազանցված է, բայց ողբերգության ամբողջական պատկերը կինոժապավենի նման դրոշմվել է հիշողությանս մեջ: Դրանք դրվագներ են, որոնք շատ հաճախ արձանագրային կամ տարեգրային գրառումներում չեն հիշատակվում, մինչդեռ ներկայացնում են այդ օրերի իրական պատկերը, տիրող մթնոլորտը, առանձին անհատների անձնուրաց արարքները, համամարդկային մեծ աջակցությունն ու կարեկցանքը, որ առաջադեմ մարդկությունը ցուցաբերեց հայ ժողովրդի հանդեպ: Հիշում եմ, երբ դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովի հետ Լենինական ժամանեցինք, մեզ դիմավորողՙ Լենինականի քաղկոմի նախագահ Միսակ Մկրտչյանի մազերը մեկ օրվա մեջ ամբողջովին սպիտակել էին. նա կորցրել էր մորն ու մինուճար որդուն: Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ Մկրտչյանին հանձնեց փողերով լի կարմիր պարկ, ասելով, որ փլատակների մեջ է գտել: Բոլորս հուզմունքից կարկամել էինք: Մկրտչյանը ամուր գրկեց երիտասարդին եւ հարազատավարի սեղմեց կրծքին: Հայաստանին օգնության կոչին արձագանքեցին նաեւ արտերկրից. ակտիվ դերակատարություն ունեցավ նաեւ հայկական սփյուռքը: Անգլիայի հայկական համայնքը բավականին խոշորՙ 2,5 մլն ֆունտ ստեռլինգ օգնություն էր հավաքել: Հիշում եմ, երկար քննարկումներ էին ընթանում այդ գումարի նպատակային օգտագործման հարցի շուրջ: Որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչՙ գտնվելով Անգլիայում, առաջարկեցի Վանաձորում այդ գումարով մանկական հիվանդանոց կառուցել: Այդպես էլ արվեց, եւ հիվանդանոցը մինչ օրս գործում է: Գերմանիան 120-տոննանոց 18 ավտոկռունկ ուղարկեց, որոնց տեղ հասնելուն պես փրկարարական աշխատանքներում իսկական բեկում մտցվեց: «Կամազներն» ու ինքնաթափերը ստանում էինք Թաթարստանից, «Կրազները»ՙ Ուկրաինայից: Հիշում եմ Մաստարայի, Մասիսի երկաթգծի կայարաններում որպես օգնություն ստացված մեքենաների շարասյունից հսկայական խցանում էր առաջացել: Եվ դրանց տեղափոխումը, վերաբաշխումը իրականացվում էր օրնիբուն, անքուն գիշերներ անցկացնելով, որպեսզի հաջորդ շարակազմերի համար երկաթուղին բաց լինի: Մեկ ուրիշ հիշարժան դրվագՙ աղետյալներից մեկի վերջույթների ցրտահարություն նկատելով, Ն. Ռիժկովը իմ ներկայությամբ զանգահարեց Խաբարովսկ եւ կարգադրեց վալենկաներ ուղարկել: Հնարավորինս կարճ ժամկետում դրանցից Հայաստան ուղարկվեց 10 հազար զույգ: Ղազախստանից 2600 յուրտ ստացանք: Եվ առհասարակ 1989 թվականի ընթացքում պետմատը աղետի գոտի է ուղարկել 483 էքսկավատոր, 417 բուլդոզեր, 335 ավտոկռունկ, 302 բեռնատար բետոնահարիչ, 2005 ինքնաթափ, 1475 բեռնատար, 265 ավտոկցորդ (ֆուրգոն) եւ ավտոխանութ, 567 ավտոբուս, 675 մարդատար մեքենա, 384 շինարարական բեռնափոխադրիչ, 463 կոմունալ եւ հատուկ մեքենաներ, 170 հորատող հաստոցներ եւ սարքավորումներ... 1989թ. ապրիլի 27-ի նիստում հանձնաժողովը հաստատեց, որ աղետի հետեւանքով տուժել են 300 մանկապարտեզՙ 33 հազար տեղով, 450 հանրակրթական դպրոցՙ սովորողների 210 հազար տեղով, լիովին քանդվելՙ 150 մանկապարտեզ 14 հազար տեղով եւ 220 դպրոցՙ 93 հազար տեղով... Բոլորը հիմա թվարկել հնարավոր չէ, այս մասին մանրամասնորեն շարադրված է իմ «Կյանքը, աշխատանքը, մարդիկ» ինքնակենսագրական գրքում: Թվերըՙ թվեր, բայց առավել խոսուն են մարդկային ջերմ արարքները: Այսպես, Լոնդոնում իմ հոգին անսահման ջերմությամբ տոգորվեց բրիտանացի մի կնոջ արարքից, ով իր ամուսնական մատանին էր ծրարի մեջ բերել եւ խնդրում էր, որ դրա վաճառքից ստացած գումարը ուղղել աղետի գոտու հիմնախնդիրների վերացմանը: Վերհիշելու շատ բան կա. բարձր գնահատանքի է արժանի «Աերոֆլոտի» աշխատակիցների գործունեությունը, ովքեր օպերատիվ կազմակերպեցին վիրավորների տարհանումը, բժիշկներիՙ որոնց բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել համաճարակային իրավիճակներից: Այդ օրերին փրկարարների, տարբեր մասնագետների կողքին հարակից գյուղերի բնակիչներն էին, կամավորները, որոնք անքուն գիշերներ անցկացնելով, ամեն ինչ արեցին, մինչեւ փլատակների տակից վերջին ողջ մնացածին հանելը: - Ինչպե՞ս եք գնահատում աղետի գոտու վերականգնման աշխատանքները: - Աղետի առաջին տարում ստացված օգնությունը հսկայական էր, եւ իսկապես, մի քանի տարում աղետի գոտու վերականգնման սահմանված ժամկետն էլՙ բավարար: Սակայն, որոշ հանգամանքների բերումով, եւ առաջին հերթինՙ քաղաքական, վերականգնման աշխատանքները դանդաղեցին, իսկ շատ չանցածՙ իսպառ դադարեցին: Այդ ժամանակվա իշխանությունը մի տխրահռչակ կարգախոս որդեգրեցՙ «մեր տունը մեր ուժերով կառուցենք», երբ ԽՍՀՄ տարբեր անկյուններից ժամանած շինարարները պատրաստ էին շարունակել աշխատանքները, օգնել վերականգնելու մեր երկիրը: Բայց ստիպված սկսած գործը անավարտ թողեցին ու հեռացան: Ցավալի էր կորցնել արդեն իսկ ձեւավորված շինարարական հսկայական բազան, առավել եւսՙ մարդկային մեծ էնտուզիազմն ու եռանդը, երկիրը արագորեն ոտքի կանգնեցնելու ձգտումը: Իհարկե, կային նաեւ օբյեկտիվ հանգամանքներՙ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի շրջափակումը... 1992 թվականին Մոսկվայում հանդիպեցի Սիլաեւին: Նա անհանգստացած էր ֆինանսական մատակարարումների կրճատմամբ, եւ արդարացիորեն խոստովանեց, որ իրենց վիճակն էլ ծանր է: Այնուամենայնիվ նա ինձ ձեռնունայն չթողեց եւ աղետի գոտու գյուղական շինարարության ֆինանսավորման համար վարկ տրամադրեց, որն ամբողջությամբ ուղղվեց գյուղական դպրոցաշինությանն ու մշակութային օջախների վերականգնմանը: Դա պետմատում իմ պաշտոնավարման վերջին տարին էր... Աղետի գոտու շինարարական աշխատանքները միայն 2000 թվականից հետո հնարավոր եղավ վերսկսել: Այս ընթացքում զգալի աշխատանքներ են արվել, անօթեւան մնացած բազմաթիվ մարդիկ ապահովվել են բնակարանով: Նկատելի է, որ կառավարությունը հնարավորն անում է աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ: Բայց ինձ ցավ է պատճառում, որ երկրաշարժից 25 տարի անց դեռեւս 4030 ընտանիք ապահովված չէ բնակարանով: Սա ահազանգ է բոլորիս: Նկար 2. Օպերատիվ արձագանքման շտաբի նիստում` Ֆադեյ Սարգսյան, Լեւ Վորոնին, Սաբիր Ստեփանյան Նկար 3. Կենտրոնումՙ Նիկոլայ Ռիժկովը եւ պաշտպանության նախարար Յազովը |