«ԴՐՈՇԸ ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ» ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌ ԽՈՑԵՑ. ՀԵՏՈ՞ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում նշվում է «պետական դրոշի» օրը: Այդ կապակցությամբ Բաքվում հանդիսություններ են անցկացվում: Ավելի հաճախ` առանց «աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի» վրա պետության «գլխավոր խորհրդանշանի» առկայության, որովհետեւ ի հեճուկս Իլհամ Ալիեւի անզուսպ ձեւամոլության, կասպյան քամիները պատառոտում, ծվեն-ծվեն ցած են շպրտում այն: Այս տարի «պետական դրոշի» օրը համընկեցվել էր պահեստազորի սպաների ուսումնական հավաքի ավարտին: Միջոցառմանը ներկա էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը , որ «բոցաշունչ» ելույթ ունեցավ: «Բարձրացրեք Ադրբեջանի դրոշը Շուշիում, Խանքենդիում (Ստեփանակերտում- Վ. Ա.), մեր մյուս «օկուպացված» (չակերտները մերն են- Վ. Ա.) քաղաքներում եւ բնակավայրերում»,- խոսքի ավարտին հրամայեց նա: Ադրբեջանում սիրում են մեջբերել 1918-20 թ.թ. «դեմոկրատական հանրապետության հիմնադիր» Մամեդ Էմին Ռասուլզադեի` արդեն ստամբուլյան վտարանդիությունից ասվածը. «Մեկ անգամ բարձրացված դրոշն այլեւս չի խոնարհվի»: Ռասուլզադեն նկատի է ունեցել, որ Ադրբեջանը վերստին կդառնա անկախ պետություն, ինչպես «եղել է» 1918-20թ.թ.-ին: Այսօր նրա միտքը խմբագրվում է այնպես, որ «վաղ թե ուշ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Նոյեմբերի 9-ի ելույթում Զաքիր Հասանովը խոսել է «աշխարհում գոյություն ունեցող երկակի ստանդարտների» եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների «անգործության» մասին` եզրահանգելով, որ «ստեղծված իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան պատերազմով վերադարձնել օկուպացված տարածքները»: Թե որքանով է դա տեղավորվում սեպտեմբերից ի վեր բարձր մակարդակի երեք հանդիպումների տրամաբանության մեջ, որովհետեւ եթե Ադրբեջանին «պատերազմից բացի այլ բան չի մնում», ի՞նչ կարիք կա հասնել Փարիզ եւ ավելորդ ժամանակ ծախսել, մի կողմ թողնենք: Խնդիրը դիտարկելի է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների «անգործության» հարթությունում: Ավելի ճիշտ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի «արդարացի դժգոհության»: Ի՞նչ են ուզում Ադրբեջանում: Եթե հակիրճ ձեւակերպենք` «վերադարձ 1988-ի իրավիճակին»: Հարցի կարգավորման որեւէ այլ տարբերակ պաշտոնական Բաքվի համար անընդունելի է: Եւ քանի որ դա բացարձակապես անհնար է, ինչի մասին պարզ ասված է միջնորդ երկրների նախագահների չորս հայտարարություններում եւ որի դեմ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ հոդաբաշխ լեզվով արտահայտվել չի կարող, ուստի Բաքվում ընտրել են «չարիքներից փոքրագույնը»: Այն է` դիվանագիտական «ճակատում» խոսել «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատելու պատրաստակամությունից», իսկ զորքերի շփման գծում ստեղծել լարվածության մթնոլորտ: «Խնդիրն ռազմական լուծում չունի»` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասածից Իլհամ Ալիեւի խաթարված միտքն, ըստ երեւույթին, եզրակացության է եկել, թե պատերազմի սպառնալիքով կարող է հաղթահարել «երկակի ստանդարտներն» ու հասնել «ադրբեջանական տարածքների` առանց նախապայմանների դեօկուպացիային»: Սա է ադրբեջանական կողմի «մարտավարությունը»:Ըստ երեւույթին, նոյեմբերի 12-ի միջադեպը, երբ ադրբեջանական զինուժը ՄԻ-24 ուղղաթիռը խոցեց ԼՂՀ օդային տարածքում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ուշադրությունը «պատերազմի անխուսափելիությանը» հրավիրելու հերթական փորձն էր: Եւ պատահական չէ, որ Բաքվի մամուլը գրեթե անթաքույց ատելությամբ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` պատահարի վերաբերյալ չափազանց զուսպ արձագանքը: «Եթե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է մի մարդ, որ հայ սադրիչներին դատապարտելու փոխարեն սկսում է ինչ-որ բաներ քրթմնջալ իր անհանգստությունից, ապա այդ կազմակերպության պարոններից կարելի է սպասել ցանկացած ստորություն: Իսկ եթե այդպես է, ուրեմն ԵԱՀԿ-ին էլ պետք է համապատասխանաբար վերաբերվել»,- մասնավորապես գրեց haqqin.az-ը: Սեփական ստորությունը բացահայտ «հիմնավորելու» ավելի ցայտուն օրինակ դժվար թե գտնվի: Եւ այս համատեքստում ինչ էլ որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ասի խորտակված ՄԻ-24-ի կողմից «ադրբեջանական դիրքերը գրոհելու» մասին, միայն գրոշի արժեք ունի: Որովհետեւ իշխանությունների վերահսկողության լրատվամիջոցն արդեն ձեւակերպել է կատարվածը` Ադրբեջանն ակնկալում էր, որ ԵԱՀԿ-ն «կդապարտի հայ սադրիչներին»: Ճիշտ է, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարող էր ավելի հեռուն գնալ, բայց ասվածն էլ բավական է, որպեսզի հասկացվի, որ այդ կազմակերպությունը պատահարի պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի վրա: Դա կես, բայց շատ էական քայլ է, եթե նկատի ունենանք, որ շփման գծում լարվածության հերթական ալիքը սադրվեց... Հունգարիայում Իլհամ Ալիեւի` ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից «չափազանց հաջող» որակված բանակցություններից հետո: Ըստ այդմ, Հունգարիան եւ Ադրբեջանը «պայմանավորվել են ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու հարցի շուրջը»: Մանրամասնություններ առայժմ չեն փոխանցվում, բայց նույն haqqin.az-ը բաց տեքստով գրեց, որ «Իլհամ Ալիեւը խորամանկել է Պուտինին»: Խոսքը գազի եվրոպական շուկայում մրցակցության մասին է: Չափազանց ուշագրավ է նաեւ, որ ՄԻ-24-ը խոցվել է այն ժամին, երբ Բաքվում ընդունել էին Իրանի նախագահ Ռուհանիին: Ասել, թե ուղղաթիռը խփվել է «ինքնագործունեության արդյունքում», կլիներ միամտություն: Պատահարից ժամեր անց պաշտպանության նախարար Հասանովը պարգեւատրել է «հայկական ուղղաթիռը խորտակած» գերժամկետային զինծառայողին: Իսկ դա նշանակում է, որ ՄԻ-24-ը խոցելու որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով: Այնպես որ, ակնհայտ է, որ միջադեպը «նվեր» էր նաեւ Իրանի նախագահին, ով առաջին պաշտոնական այցով էր Բաքվում` երկու երկրների միջեւ տեւական սառնությունից հետո: Ադրբեջանական կողմն, ըստ երեւույթին, Իրանի նախագահից սպասում էր ԼՂ հարցում արմատական բնույթի հայտարարություն: Ռուհանին, սակայն, սառնասրտությունը պահպանեց մինչեւ վերջ: Եզրափակիչ մամուլի ասուլիսում Իրանի նախագահն անուղղակի անդրադարձավ միջադեպին` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «չունի ռազմական լուծում»: «Մենք գիտենք, որ ղարաբաղյան խնդիրն ունի միայն քաղաքական լուծում, այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այդ պատճառով էլ մենք մենք մեր պարտքն ենք համարում այդ ուղղությամբ ցուցաբերելու ցանկացած օժանդակություն, մենք դրան պատրաստ ենք»,- հայտարարեց Իրանի նախագահը, ինչից հետո Իլհամ Ալիեւին այլ բան չէր մնում, քան` «ընդգծել, որ Բաքվում միշտ զգացել են ղարաբաղյան հարցում Իրանի օժանդակությունը, որ հենվում է միջազգային իրավունքի նորմերի վրա»: Շփման գծում հերթական պատահարը գրանցվեց: Հայկական կողմի արձագանքն սպասելիորեն կոշտ էր: ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական ոտնձգությանը համարժեք պատասխան կտրվի: Դրանում կասկածել չարժե: Այդպես եղավ նաեւ օգոստոսին, երբ Ադրբեջանը մի քանի տասնյակ զոհեր տվեց: Հետեւեցին բարձր մակարդակի երեք հանդիպումներ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո: Լարվածության այս վերջին ալիքը կհանգեցնի՞ նոր հանդիպման: Չմոռանանք, որ վերջերս ադրբեջանական կողմից ակնարկ եղավ, թե «կարող է ծագել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման անհրաժեշտություն»: Ավելի վաղ Իլհամ Ալիեւն էր ասել, որ «աշխարհում տիրում է ուժի իրավունքը»: Ըստ երեւույթին, ՄԻ-24-ի կործանումը տեղավորվում է «ուժի ցուցադրման» իլհամալիեւյան «տրամաբանության» մեջ: |