ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանում է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ընդամենը երկու շաբաթ է, ինչ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ստանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Վեց լեզվի տիրապետող դեսպանը թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացնում է, որ իր կարեւորագույն առաքելությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանումն ու խորացումն է: Թեպետ Երեւանում դեռ չի հասցրել ինչպես հարկն է շփվել մարդկանց հետ, սակայն սակավաթիվ հանդիպումներից էլ պարզել է, որ հայերը սիրում են ֆրանսիացիներին եւ լավ ճանաչում Ֆրանսիան: Շարպանտիեն խոստովանում է, որ նույնը զգացել է Ֆրանսիայում. Ֆրանսիացիների ականջին օտար չէ, ո՛չ Հայաստան, ո՛չ էլ հայ բառերը: «Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ նշանակվել եմ Հայաստանի դեսպան: Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկիր է, որի հետ մենք ունենք վաղեմի պատմություն եւ համագործակցություն: Երբ նոր էի նշանակվել դեսպան, պարզեցի, որ իմ շրջապատում շատերը գիտեն Հայաստանի մասին եւ Ֆրանսիայում շատերն են խոսում նրանց մասին: Տասն օր է, ինչ Հայաստանում եմ եւ պարզել եմ, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին Հայաստանում խոսում են»,- ասում է դեսպանը: Կարեւոր եւ առանցքային հարցերին դեսպանը խոստանում է պատասխանել որոշ ժամանակ անց, սակայն Հայաստանի համար կարեւորագույն երկու հարցերի պատասխանը հստակ է եւ անփոփոխ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պաշտոնական Փարիզը հակամարտության կարգավորման այլ ուղի չի տեսնում: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վերահաստատում է նաեւ Ֆրանսուա Օլանդի մտադրությունը 2015թ. ապրիլի 24-ին գալ Երեւան եւ հայ ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բացի այդ, Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում քննարկվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակումը: Դեսպանը շեշտում է, որ օրինագծում պետք է հաշվի առնվեն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դիտողություններն ու նկատառումները: Թե երբ պատրաստ կլինի օրինագիծը` դեսպանը տեղյակ չէ, հստակ ժամկետներ չկան, սակայն հավաստիացնում է, որ այդ հարցում Ֆրանսիայի հասարակության եւ կառավարության դիրքորոշումը մեկն է: |